Գնդեվազում սպասողական են

Գնդեվազում սպասողական են

Ինչպես տեղեկացնում են ջերմուկյան մեր աղբյուրները` բավական ժամանակ է, ինչ Ամուլսարում հանքարդյունաբերության աշխատանքներն առանձնապես ակտիվ չեն ընթանում: Հանքում աշխատողների մեծ մասը սարի ստորոտում գտնվող Գնդեվազ գյուղի բնակիչներն են, որոնք գյուղին հարակից ծիրանենիների բավական ընդարձակ այգիներ ունեն: Հանքի տերերն առաջարկել են գյուղացիներին հողերը գնել, որպեսզի այգիների տեղում հումքը մշակող գործարան կառուցեն. գյուղացիները չեն համաձայնում:



 



Եթե շատ լավ գին տան, դարձյա՞լ չեք համաձայնի՝ հարցրինք մի գնդեվազցու: «Չգիտեմ, երեւի` չէ»,- գյուղացու խորամանկությամբ ասաց նա: Հարցը, սակայն, այլ է. հանքի հետ կապված ինչ-ինչ քաղաքական խնդիրներ կան, եւ գյուղացիները դեռ «դաբրո» չունեն իրենց հողերը վաճառելու: Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքավայրը տնօրինում է «Գեոթիմ» ընկերությունը: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստան ժամանած արքայազն Չարլզը` նախկին վարչապետ, Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ, եղավ Ամուլսարում: Ի դեպ, Արմեն Սարգսյանը վաղուց գնել էր Աշոտ Արսենյանին պատկանող «Պեպսիի» գործարանը, իսկ վերջերս գնել է «Ջերմուկ գրուպի» 50 տոկոսը եւս: Ի դեպ, մեզ հետ զրուցող գնդեվազցու պապը «էրեխա վախտ» պատմել է, որ 1904թ. անգլիացիներն «էդ սարից հումքը ջորիների վրա դրած տանում էին, ուր` չգիտեմ, բայց ասըմ էին` վեսկի են խանըմ անգլիացիները»: