Երկխոսություն Կապույտ մզկիթում

Երկխոսություն Կապույտ մզկիթում

Հունիսի 27-ին, ժամը 17։00-ին Երեւանի Կապույտ մզկիթում բացվեց մեր գործընկեր, «Հրապարակ» օրաթերթի լրագրող, ֆոտոլրագրող Սոնա Ադամյանի առաջին անհատական՝ «Երկխոսություն Կապույտ մզկիթում» ցուցահանդեսը:



 



««Երկխոսություն Կապույտ մզկիթում». այդպես եմ վերնագրել ցուցահանդեսը, որովհետեւ մզկիթը հանդիսանում է հայ եւ իրանական մշակույթի երկխոսության սիմվոլը։ Նաեւ նամազը, ինչպես ինձ բացատրեցին, Իրանում երկխոսություն է իրենց Աստծո՝ Ալլահի հետ։ Փորձել եմ լուսանկարները պայմանականորեն երկու մասի բաժանել. երկխոսություն կրոնական մասով, որ մզկիթում են արված, եւ դրանից դուրս արդեն մշակութային, ազգային երկխոսություն՝ իրենց փոխհարաբերությունները Հայաստանում ուրիշ մշակույթների հետ։ Յուրաքանչյուր լուսանկար ընտրել եմ՝ առաջնորդվելով կրոնական, մշակութային եւ ազգային երկխոսությամբ»,- ասում է Սոնա Ադամյանը։



 



Իմամ Հաջի աղա Շաջաանիի ընտանիքի օրինակով լուսանկարներում երկխոսության դրսեւորումները ներկայացվում են ոչ միայն կրոնական համատեքստում, այլ նաեւ ազգային, մշակութային առանձնահատկությունների դիտանկյունից: «Պայմանականորեն ընտրեցինք մի ընտանիք, մոտ 10 օր միասին շրջում էինք, իրենց տանն էի, քաղաքից դուրս եւ իրենց օրինակով ցանկացա ցույց տալ այդ կրոնական երկխոսությունը։ Շատ հաճելի էր իրենց հետ աշխատելը, շատ դրական մարդիկ են»,- նշում է Ադամյանը։



 



1765 թվականին Հուսեյն Ալի Խանի պատվերով կառուցված 7000 քմ ընդհանուր մակերեսով Կապույտ մզկիթն այսօր Երեւանի մուսուլմանական միակ աղոթատունն է: Երեւանի Կապույտ մզկիթը հայ եւ իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն է, դա նաեւ այն վայրն է, որտեղ Իրանի ժողովուրդը երկխոսում է իր Աստծո` Ալլահի հետ: «Ուրախ եմ, որ Կապույտ մզկիթում տեղի է ունենում այդպիսի երկխոսություն, որը լուսանկարներով է արտահայտված։ Այդպիսի երկխոսությունները, իհարկե, իրենց ազդեցությունն ունեն, եւ դա է ցույց տալիս լուսանկարների լավ ընդունելությունը ներկաների կողմից։ Կատարված աշխատանքը թե գեղարվեստի, թե տեխնիկական տեսակետից շատ հաջողված է եւ կծառայի իր նպատակին։ Հեղինակի մոտեցումը, հայացքն ավելի է գեղեցկացնում լուսանկարները։ Ես շնորհավորում եմ Սոնային, որ նա այս գեղեցիկ ցուցադրությանն ընտրել է այնպիսի մի վայր, որը սուրբ է թե Իրանի ժողովրդի, թե հայերի համար։ Հուսով եմ, որ համագործակցելով, մենք էլ ավելի շատ կկարողանանք աշխատել տարբեր ուղղություններով՝ ցուցադրելով տարբեր աշխատանքներ»,- իր խոսքում նշեց Հայաստանում իրանական մշակույթի կենտրոնի տնօրեն պարոն Մեշքին։



 



Թեպետ Սոնա Ադամյանի առաջին ֆոտոցուցահանդեսն է, սակայն լուսանկարների ընտրությունը վկայում է հեղինակի հասուն մասնագիտական մոտեցումը ակնթարթը որսալու արվեստին, գեղարվեստական ինքնատիպ ըմբռնումն ու յուրօրինակ ճաշակը։ Մարդու եւ միջավայրի նրբակար նույնացումով՝ էությունն ու դետալը ներդաշնակվում են, դառնալով մի ամբողջություն. երբեմն էլ իրավիճակն արտահայտում է սուր հակադրությամբ ու բեւեռացված։ Հանդիպում է ու երկխոսություն ինքնուրույն եւ առանձնացող ձեռագիր ունեցող, ինքնահաստատ արվեստագետի հետ։ «Ինձ ապշեցնում եւ զարմացնում է, որ Սոնան կարողացել է այսպիսի կինոկադրեր որսալ լուսանկարներում։ Լուսանկարների շարքը կարելի է նաեւ դիտարկել ինչպես դրամատուրգիայի մեջ, կարելի է տեսնել որպես սցենար։ Սոնան վավերագրողի աչքերով է նայում, շատ տպավորված եմ»,- նկատում է ռեժիսոր Սամվել Սպիունի Սարիբեկյանը։



Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 4-ը:



Նախագիծն իրականացվել է «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ի, Եվրախորհրդի աջակցությամբ:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ