Ինչու ՀՀԿ-ն հրաժարվեց իր իսկ առաջ քաշած գաղափարից

Ինչու ՀՀԿ-ն հրաժարվեց իր իսկ առաջ քաշած գաղափարից

Երեկ հաստատվեց էլեկտրաէներգիայի սակագինը 3,8 դրամով թանկացնելու որոշումը: Աղքատ երկրի ժողովրդի ուսերին դրվեց հերթական լուծը, եւ դա արվեց այն դեպքում, երբ իշխանության երեսփոխաններն Ազգային ժողովում բացահայտ կասկածներ էին հայտնում էներգահամակարգում կուտակված պարտքի կապակցությամբ եւ հոխորտում էին հանրային ծառայությունները, տվյալ դեպքում՝ ՀԷԿ-երի եւ ՀԷՑ-երի հարցերը կարգավորող Ռոբերտ Նազարյանի վրա, թե պետք է հատուկ հանձնաժողովով ուսումնասիրվի ու բացահայտվի պարտքեր կուտակած ընկերության «վատ մենեջմենթը»: Հիշեցնենք, որ այս թանկացումը պայմանավորված է  ՀԷՑ-ում առկա ճեղքվածքով, որը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կվտ/ժ-ի դիմաց: Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը հիմնավորվում է այն բանով, որ 2013-14թթ. ատոմակայանի վերալիցքավորման եւ վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ուշ է մտել ցանց, եւ չի արտադրվել 300 մլն կվտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել էժան էներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին: Մյուս գործոնը սակավաջուր տարին էր՝ ՀԷԿ-երը քիչ են արտադրել: Այս ճեղքվածքի պատճառով 11 ընկերություն դիմել է Նազարյանի հիմնարկին՝ սակագինը վերանայելու պահանջով: Հունիսի 17-ին ԱԺ-ում մի քանի ժամ տեւած լսումների ժամանակ Նազարյանը չկարողացավ համոզիչ  հիմնավորել  ճեղքվածքի պատճառը եւ սակագնի թանկացումը, ինչի կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը վրդովված դիմեց Նազարյանին. «Ես տեսնում եմ, որ Դուք չեք ուզում դիտել կառավարման ոչ արդյունավետ մակարդակը, ոլորտի առանձին ընկերությունների մենեջմենթի ցածր մակարդակը: Եվ, ի վերջո, այնպես չէ, որ բոլորիս պետք է բավարարեր այն իրավիճակը, որ սակագինը պետք է անընդհատ բերենք ու սպառողների հաշվին բարձրացնենք: Չե՞ք ուզում արդյոք, որ մի քիչ խորանանք ու տեսնենք, թե վատ մենեջմենթը, վատ էկոնոմիկան ինչպես է ազդում սակագների վրա»: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւս սպառողի շահերից էր ժամանակ առ ժամանակ բորբոքվում:



 



Երեկ արդեն պարզ դարձավ, որ իշխանական երեսփոխանների կասկածները «ցրվել» են, եւ ոչ ոք ոչ մի հարց այլեւս չունի Ռոբերտ Նազարյանին: Իսկ ԱԺ պոպուլիստներն էլ անցել էին ընդհատակ՝ անհասանելի էին: Կարողացանք կապվել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանի հետ, ով հիշեցրեց, որ ի սկզբանե իր համար համոզիչ են եղել ոլորտում առաջացած ճեղքվածքի եւ ըստ այդմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման  հիմնավորումները:  «Էն, ինչ որ իրենք ներկայացնում էին, այդ կապակցությամբ որեւէ վիճահարույց հարց չկար»: Հարցին՝ ճի՞շտ է սակագինը բարձրացնելու ճանապարհով  կասկածելի  ծագման պարտքերը մարելը, պատասխանեց. «Պետական կառավարման յուրաքանչյուր մարմին ունի օրենքով իրեն վերապահված ֆունկցիա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրեց իր որոշման կայացման հիմքերը, իմ համար դրանք հիմնավոր էին, վերջ»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, սակայն, համամիտ չէ Նազարյանի ներկայացրած հիմնավորումների հետ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ձախողման մասին հորդորում է հարցնել նրանց: Թանկացման որոշման վերաբերյալ էլ ասաց. «Իմ մոտեցումը չի փոխվել, ամեն դեպքում, ես բացասական եմ գնահատում, քանի որ այս ծանր պայմաններում ժողովրդի համար դա ծանր կլինի, մի տարի առաջ թանկացավ եւ, փաստորեն, անցած տարվանից մոտ 12 դրամ թանկացավ էլեկտրաէներգիայի սակագինը: Համենայնդեպս, այն հիմնավորումները, որ ներկայացրեց, միգուցե դրանք բավարարելու համար լուծում էր, բայց լուծում չէ հասարակության համար»:



 



Այսօր այս թեմայով ասուլիս է հրավիրելու քառյակը եւ մանրամասնելու է իր անելիքները: ՀԱԿ պատգամավոր  Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց. «ՀՀԿ-ն էլ շահագրգռված էր, որ բացահայտվեն մի շարք հարցեր՝ վատ մենեջմենթ, ատոմակայանի երկար կանգնեցումը եւ այլն, ես հիշում եմ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ելույթը եւ այսօր ես զարմացած էի, որ նույնիսկ Հանրային ծառայությունների հրավիրած նիստում չկար ՀՀԿ-ից ներկայացուցիչ. երեւի նման հրահանգ են ստացել»: Թանկացման որոշումից կարճ ժամանակ անց լրահոսում հայտնվեց Սերժ Սարգսյանի «սպեղանին». առաջարկել է Հովիկ Աբրահամյանին «գտնել եղանակներ՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար»: Արգամիչն արագ արձագանքել է եւ  հանձնարարել  ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափն ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որը պետք է քննարկվի կառավարության առաջիկա նիստում: Նման մի որոշում էլ կայացվեց անցած տարի, երբ սակագինը թանկացավ 8 դրամով: Բայց, ինչպես տեսնում ենք, հարվածը «մեղմել» չհաջողվեց:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]