Աշխատանքի տեսչության անորոշ ճակատագիրը

Աշխատանքի տեսչության անորոշ ճակատագիրը

ՀՀ Կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի որոշման արդյունքում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության բնագավառում ստեղծվել է նոր իրավիճակ: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն ու Աշխատանքի պետական տեսչությունը միաձուլվել և վերակազմակերպվել են՝ Առողջապահական պետական տեսչության:   



 



Այս որոշման արդյունքում, ՀՀ-ում այլևս չկա աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող առանձնացված պետական մարմին: Աշխատանքի պետական տեսչությունը կորցնում է իր բավականին բարձր, օրենքով կարգավորվող կարգավիճակը: Ակնկալվում է, որ այն նախկինի պես ազդեցիկ չի կարող գտնվել գործատուների, աշխատողների և արհմիությունների, պետական այլ մարմինների հետ հարաբերություններում:



 



Աշխատանքային խնդիրների բնագավառում պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվելու է Առողջապահության նախարարության կողմից, որը մասնագիտացված կառույց չէ այդ բնագավառում: Կառուցվածքային այս փոփոխությունը հիմնավորված չէ այն պայմաններում, երբ առկա է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որն աշխատանքային հարցերի բնագավառում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող, ՀՀ Կառավարության կողմից լիազորված մարմին է:  



 



Կառավարության որոշումը մշակվել է ոչ թափանցիկ եղանակով, հաշվի չեն առնվել շահագրգիռ կողմերի (առաջին հերթին՝ աշխատողների և նրանց ներկայացուցիչների) շահերն ու տեսակետները: Գործընթացին մասնակցություն չեն ունեցել բնագավառի փորձագետներն ու իրենք՝ աշխատանքի պետական տեսչության աշխատակիցները, իսկ որոշման ընդունումը հապշտապ բնույթ է ունեցել: Կառավարության որոշման տեքստի մեջ բացակայում են բարեփոխման հիմնավորումները: Առկա է տարածված փորձագիտական տեսակետ այն մասին, որ բարեփոխումը կատարվել է Համաշխարհային բանկի առաջարկով և ճնշման ներքո՝ գործարար միջավայրի նկատմամբ պետական վարչարարության բեռը թեթևացնելու համար:



 



Պետական քաղաքականության չհայտարարված նպատակն, ըստ փորձագետների, աշխատանքի ոլորտում պետական վերահսկողության փաստացի վերացումն է:



 



Կառավարության որոշումը հակասում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածին, որտեղ սահմանված է, որ «Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ»:



 



Կառավարության որոշման արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ անհնար է դարձել Աշխատանքի պետական տեսչության մասին օրենքի պահանջների կատարումը: Փոփոխության արդյունքում առաջացել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի, 119-րդ հոդվածի, 250-րդ հոդվածի 3-րդ մասի, 260-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարման անհնարինություն:



 



Թեև նոր տեսչության կանոնադրության մեջ նշված է, որ Առողջապահական պետական տեսչությունը աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդն է, սակայն այդ ձևակերպումն ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան տալիս պատասխաններ: Փորձագետների մեծ մասը համակարծիք էր այն հարցում, որ Կառավարության որոշումը բավարար իրավական հիմք չէ՝ իրավահաջորդության ապահովման համար: Քաղաքացիական օրենսգրքի 64 հոդվածի առաջին մասում սահմանված է, որ «Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան»: Նորաստեղծ տեսչությունը, գործելով նախարարության աշխատակազմի (որն իրավաբանական անձ չէ) կառուցվածքում, չի հանդիսանում իրավաբանական անձ: Ուստի, չի կարող լինել ԱՊՏ իրավունքների և պարտականությունների իրավահաջորդը:






Բացի այդ, ապահովված չէ լրիվ, ամբողջական իրավահաջորդությունը, քանի որ նոր տեսչության կանոնադրության մեջ կրճատվել կամ փոփոխվել են ԱՊՏ մասին ՀՀ օրենքով սահմանված տեսչության խնդիրներն ու լիազորությունները:



 



Նորաստեղծ Առողջապահական տեսչության կանոնադրության մեջ բացակայում է ԱՊՏ մասին օրենքի որևէ հիշատակում: Նման մոտեցումն անհասկանալի է և չհիմնավորված, քանի որ առողջապահության բնագավառին վերաբերող օրենքներին բավական հղումներ են արվում: Այդ օրենքների շարքում ԱՊՏ օրենքի «անտեսումը» ոչ միայն տեխնիկական բնույթի բացթողում է, այլև՝ վկայությունն է առողջապահական խնդիրների նկատմամբ աշխատանքային խնդիրների ստորադասման:   



 



Որքան էլ զարմանալի է, նորաստեղծ տեսչության գործառույթների շարքում ներառված չէ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման առնչությամբ ստուգումների իրականացումը: Առողջապահական բնույթի ստուգումները հստակ ամրագրված են՝ մի շարք օրենքների հղում անելու միջոցով: Մինչդեռ նոր տեսչության կանոնադրության մեջ աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման նկատմամբ ստուգումների իրականացում նախատեսված չէ: Հստակ կարգավորման բացակայությունը վկայում է ստուգման՝ որպես գործառույթի վերացման կամ՝ իրավական անհստակության և երկու նախկին տեսչությունների գործառույթների ոչ համաչափ ներկայացման մասին: 



 



Կանոնադրության անգամ թռուցիկ դիտարկումից ակնհայտ է դառնում, որ թե՛ ծավալի, թե՛ կարգավորումների հստակության առումով աշխատանքային խնդիրներն էականորեն ստորադասված են առողջապահական բնույթի խնդիրներին:



 



Տեսչության միաձուլման հետևանքով աշխատանքի տեսուչների թիվը կրճատվել է շուրջ 2 անգամ: Կադրային ռեսուրսի կտրուկ նվազումը կասկածի տակ է դնում ինչպես տարեկան պլանով հաստատված, այնպես էլ՝ ըստ անհրաժեշտության (քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա) ստուգումների՝ ամբողջ ծավալով իրականացման իրատեսականությունը: Կադրերի կրճատումն, ըստ փորձագետների, նշանակում է մինչ այդ աշխատանքի տեսուչների կրթական կարիքներին և վերապատրաստմանն ուղղված ծախսերի փոշիացում:



 



Տեսչության միաձուլումից հետո էականորեն կրճատվել է աշխատանքային խնդիրներով նորաստեղծ տեսչությանն ուղղված դիմումների և բողոքների թիվը: Նկատվում է տեսչության կողմից կազմակերպվող սեմինար-խորհրդատվությունների, ստուգումների և կիրառած տույժերի թվի էական, զգալի նվազում: Գործունեության ավելի քան 6 ամիսների ընթացքում նոր տեսչության կողմից չի իրականացվել աշխատանքային հարցերին առնչվող, տարեկան պլանով նախատեսված որևէ ծրագրային ստուգում: Ըստ փորձագետների, ստուգումների «դադարը» քաղաքական որոշման արդյունք է՝ պայմանավորված նոր տեսչության լիազորությունների ոչ հստակ իրավական կարգավորմամբ:



 



Նորաստեղծ տեսչության համեմատաբար պասիվ գործունեության պատճառներից մեկն էլ քաղաքացիների և գործատուների նվազ իրազեկվածությունն է այն մասին, որ նախկին ԱՊՏ գործառույթները ներկայումս Առողջապահական պետական տեսչությունն է իրականացնում: Նոր տեսչության անվանման մեջ «աշխատանք» բառի բացակայությունն ու տեսչության հասցեի փոփոխությունը ևս իրենց բացասական ազդեցությունն են ունեցել:



 



Թեև նորաստեղծ տեսչությունը գործում է ավելի քան կես տարի, մինչ օրս չի հրապարակվել 2013թ. գործունեության մասին հաշվետվությունը: ՀՀ ԱՆ կայքի տեսչության էջում տեղադրված է միայն 2013  թվականի ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որի բովանդակությունը չի համապատասխանում ԱՊՏ մասին օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին:



 



Տեսչության միաձուլման որոշումն անպատեհ է հատկապես տարեցտարի ԱՊՏ-ին ուղղված դիմումների ծավալի աճի համատեքստում: ԱՊՏ միջամտությունը հատկապես պահանջված էր այն դեպքերում, երբ դիմում-բողոքները վերաբերում էին մինչև 100 հազար դրամ գումարային պահանջներին: Այս պարագայում ԱՊՏ միջամտությունն առավել արդյունավետ էր, քան աշխատողի կողմից դատական հայցի ներկայացումն ու ներգրավումը դատական քննության ձգձգվող գործընթացում:



 



Փորձագետները նշել են, որ ԱՊՏ-ն ՀՀ աշխատանքային խնդիրների բնագավառում ամենամասնագիտացված ու արհեստավարժ կառույցն էր. «Տեսչությունն այնքան մասնագիտացված էր աշխատանքային հարցերի ուղղությամբ, որ իրենից վեր չկային այդ արհեստավարժության այլ մարմիններ կամ պաշտոնյաներ»: Տեսչության գոյության փաստն ինքնին զսպիչ ազդեցություն էր ունենում գործատուների վրա:



 



ԱՊՏ նշանակալի դերն ու գործունեության դրական արդյունքները հաշվի առնելով՝ փորձագետների մեծ մասը բացասական գնահատական է տվել Կառավարության որոշմամբ իրականացված բարեփոխմանը: 



 



Ուսումնասիրությունն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակությամբ:



Ուսումնասիրության հեղինակը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ավետիք Մեջլումյանն է, ով ներկայացնում է Հանրային Քաղաքականության Ինստիտուտ հետազոտական կենտրոնը: