Վիտալի Մանսկի Գիրքը. գրախոսական

Վիտալի Մանսկի Գիրքը. գրախոսական

Հոգին բժշկող գիրքը






Ռուս հայտնի վավերագրող Վիտալի Մանսկու “Գիրքը” ֆիլմի հիմքում հայ միջնադարյան գրականության գոհար Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության” անմահ պոեմն է։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս կայացավ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, վավերագրական կինոյի արտամրցութային “Ազատ միտք” ծրագրում։



 



Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության Վերածնության հիմնադիր, հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի գագաթ ու հանճար։ Նարեկացին հոգևորական էր, աստվածաբան, փիլիսոփա, բանաստեղծ ու երաժիշտ։ Նրա ամենից հայտնի ստեղծագործությունը “Մատյան ողբերգությանն” է, որը ժողովրդի մեջ ստացել է “Նարեկ” անվանումը։ Այն պատկանում է հայ քերթողական արվեստի և առհասարակ համայն մարդկության ստեղծած գեղարվեստական մտքի ու ստեղծագործության մեծագույն արժեքների թվին։ Նարեկացու գլուխգործոցին վերագրում են գերբնական հատկություններ, ֆիզիկական ու հոգևոր հիվանդությունները բժշկելու մոգական կարողություն։ Իր բնույթով սա հոգևոր-քնարական պոեմ է, որի առանցքում հեղինակի ծով տառապանքն է։ Նա կասկածում է, տարակուսում, արդյոք՞ կկարողանա հասնել իդեալին, Աստծուն, քանզի գիտակցում է, որ ինքն անվերջ անկատար է ու հավերժ մեղավոր։ Իսկ Բարձրյալին հասնելու համար պետք է շարունակ ապաշխարհել, քավել  մեղքերն ու Մեծ դատաստանի առջև կանգնել մաքուր ու անապակ, առանց պիղծ մտքերի և արարքների բեռի։



 



Իր պոեմում Նարեկացին յուրօվի է ներկայացնում մարդ և Աստված, Աստված և բնություն կապը, ապացուցելով, որ Աստված նախ և առաջ մարդու մեջ է և այն ամենի, ինչը որ նրա ստեղծագործության պսակն է կազմում։ Այս խորը դրամատիկ սյուժեն միջնադարի համար ինչ-որ չափով նորարարական էր։ Հեղինակն այստեղ օգտագործել է լիովին նոր արտահայտչամիջոցներ և խորհրդանիշների մի ամբողջ գեղագիտական համակարգ։ Պոեմն այս թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով։ Հսկայական է դրա ազդեցությունը նոր ժամանակների գրականության վրա։



 



Այս միստիկ-հայեցողական աղոթարանը մարդու ներաշխարհի, նրա հոգևոր էության բացահայտում և խոստովանություն է։ Մարդու, ով փնտրում է կյանքի իմաստը։ Ֆիլմն էլ հենց լայն առումով գոյության իմաստի մասին է, թե ինչպես է ապրում մարդը ժամանակակից աշխարհում, 21-րդ դարում։ Իսկ ֆիլմի հերոսները աշխարհի ամենատարբեր երկրներում ապրող հայերն են։ ԵՎ ի վերջո ինքը ռեժիսորն է կանգնում կասկածի ու տարակուսանքի առջև, հասկանալով, որ ժամանակակից մարդկանց համար Նարեկացու արծարծած գաղափարները, կեցության իմաստի և կատարելության փնտրտուքները էական ֆունդամենտալ նշանակություն չունեն և խորթ են։ Մարդն այսօր կանգնել է գլոբալ հոգևոր-բարոյական ճգնաժամի առջև։ Օտար երկրում ամենօրյա հացը վաստակելու համար պայքարելով ու գոյության կռիվ տալով նա գրեթե ամբողջությամբ իրենից դուրս է մղել հոգևոր արժեքները, ինքն իր մեջ սերմանել սպառողական հասարակության հոգեբանությունն ու դրանից բխող բոլոր արատները։ Սակայն ֆիլմի հեղինակը չի դատում իր հերոսներին։ Նա դեղատոմսեր չի բաժանում, այլ միայն հարցեր է բարձրացնում, որոնց պատասխանները պարտավոր է ինքն իր մեջ փնտրել նախևառաջ մեզանից յուրաքանչյուրը։



 



P. S. Հետգրություն Տեղեկացնենքոր Վիտալի Մանսկու "Գիրքըվավերագրական կինոնկարը ցուցադրվելու է "Ոսկե ծիրան"երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, "Երևանյան պրեմիերաներարտամրցութային ծրագրում։



Մարիա Թոքմաջյան



արվեստաբան, կինոլրագրող