Ռուբեն Հակոբյանը և քաղաքական դեպրեսիան

Ռուբեն Հակոբյանը և  քաղաքական դեպրեսիան

«Ժառանգության» պատգամավոր, այդ կուսակցության ֆրակցիան ղեկավարող Ռուբեն Հակոբյանի ֆիգուրը կտրուկ կարեւորվեց այն շրջանում, երբ խորհրդարանի ոչ իշխանական ուժերն սկսեցին համախմբվել Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ: Մինչ այդ նա ընկալվում էր որպես անհեթեթ վիճակում հայտնված խմբակցության նախագահ, որի երեք անդամները՝ եվրոպամետ Փոստանջյանը, ռուսամետ ինքն ու ՀՀԿ-ամետ Թեւան Պողոսյանը, համարյա իրարից խռով են, իսկ մյուս երկուսը՝ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը, չեն մասնակցում ֆրակցիայի աշխատանքներին:



 



Բայց քառյակի գաղտնի բանակցություններն ինչ-որ շրջան ակտիվացրին մեռած քաղաքական դաշտը եւ գործիչներին: Ով ինչ էր խոսում ԱԺ փակ սենյակներում, ոչ ոք չիմացավ: Ինչպես հիշում ենք, բանակցությունների բովանդակությունը խիստ գաղտնի էր, լրագրող ներսում չէր լինում, որ չիմացվի, թե ինչ հակասություններ կան քառյակի ներսում, ովքեր են միասնական քաղաքական օրակարգ ձեւավորում, եւ ինչ փխրուն է հայտարարված միասնությունը:



Ամեն անգամ բանակցողներից մեկն ընտրվում էր որպես մամուլի հետ կապավոր: Նրան էին ուղղվում տեսախցիկներն ու ձայնագրիչները: Նա մի խնդիր ուներ՝ խոսել, առանց պիտանի ինֆորմացիա հաղորդելու: Այս իմաստով «Ժառանգություն» խմբակցության նախագահը, նախկին լրագրողն ու Հեռուստապետկոմի աշխատողը գտնված թեկնածու էր: Սույն կապավորը կարող էր, ասենք, ուղիղ 10 րոպե սպասեցնել լրագրողներին, եւ երբ նրանք միմյանց հրմշտելով մի կերպ տեղավորեին սարքավորումները եւ հույսով նայեին իր շուրթերին, ասել. «Բանակցությունները շարունակվում են, ընթացքի մասին կտեղեկացնենք», կամ՝ «այդ մասին մենք կիմանանք վաղը»: Այնուամենայնիվ, քառյակի ձեւավորվելուն պես լրագրողներն ավելի հաճախ սկսեցին խոսեցնել Ռուբեն Հակոբյանին, իսկ նա հաջողացնում էր եւ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, եւ ոչ մի թթու խոսք չասել քառյակի թշնամու՝ Տիգրան Սարգսյանի հասցեին՝ ընդգծելով, որ անձերի դեմ չէ իրենց պայքարը: Փոխարենը, ճամբարից ճամբար նետվող նախկին կոմերիտականը մաղձ ու թույն է շնչում որոշ լրատվամիջոցների նկատմամբ, ամեն տեղ դավադրություն ու պատվեր տեսնում իր դեմ, ամեն փոքրիկ առիթով «ռազբիրատներ» անում խմբագիրների հետ: Թերթերին նա թերթուկ է անվանում, սկսում է խորանալ իրեն քննադատող խմբագիրների կյանքի մանրամասներում, մոռանալով, որ ինքն է պետական բյուջեից աշխատավարձ ստացողը, ուստի ինքն է հաշվետու ժողովրդի առաջ, եւ հենց իր կենսագրության մանրամասների մեջ է հարկավոր խորանալ: Քանզի իր պարտականությունը ոչ թե կամուֆլյաժը հագին սահման գնալն է կամ իր համար տհաճ հոդվածներ տպագրած ԶԼՄ-ների դեմ պայքարը, այլ օրենսդիր աշխատանքը, մեր երկրում կյանքի բարելավումը, հասարակությանն ազնվորեն ծառայելը: Իսկ զինվորների կողքին նկարվելն ու սեփական անձի նկատմամբ արտոնյալ կարգավիճակ պահանջելը նույնքան անբարոյական է, որքան ոմն մեծահարուստի կողմից հեռուստատեսությամբ թմբկահարելը, որ աղքատներին է օգնում:




Հովիկ Աբրահամյանի կողքին՝ ֆոտոներում լայնորեն ժպտացող, 1990-ից քաղաքականության մեջ գտնվող Ռուբիկ Հակոբյանի գործունեությունից փորձեցինք որեւէ վառ ու մնայուն գործ, համարձակ արարք հիշել: Ցավոք, չմտաբերեցինք: Հիշվել են մանրուքներ: Օրինակ, «կազյոլ» բառը նրա եւ Հայկ Բաբուխանյանի լեզվակռվի ժամանակ կամ Բուռնաշի հետ ծեծկռտուքը: Մութ է նաեւ Հակոբյանի ՀՅԴ-ից հեռանալու պատմությունը: Ճամբարափոխության պատճառներն ու «Ժառանգությանը» հարելու մոտիվներն էլ չհասկացվեցին: Այնպես որ, ՀՅԴ-ին մինչ օրս մեղադրում են «Ժառանգությունում» «մարդ» ներդնելու մեջ: Քոչարյանի իշխանության տարիներին, երբ Հայաստանի ընդդիմությունը դաժան պայմաններում էր հայտնվել, նա տաք-տաք տեղավորված էր Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսն էր:



 



Րաֆֆի Հովհաննիսյանի թեւի տակ՝ «Ժառանգությունում» հայտնվելը ոմանք վերագրեցին իշխանության հետ ստվերային պայմանավորվածություններին, մյուսները՝ Ռուսաստանի հետ խաղեր տալու Րաֆֆու բուռն ցանկությանը: Անհասկանալիորեն՝ «Ժառանգությունից» դուրս մնաց հին էշելոնը, եւ նրանց տեղը գրավեց Ռուբիկ Հակոբյանը, ում սկսեցին մեղադրել կուսակցությունը պառակտելու, այլ շահեր ներկայացնելու մեջ: Իսկ «Ժառանգության» առաջնորդի հույսերը՝ կապված Հակոբյանի ռուսական կապերի հետ, արագությամբ ի դերեւ ելան:




Պետք է խոստովանենք, որ Րաֆֆու վերելքի շրջանում Ռուբեն Հակոբյանին մամուլը խնայում էր: Չգրված սկզբունք կա՝ վերելք ապրող ընդդիմադիր գործիչներին ու կուսակցություններին չհարվածել, որից Հակոբյանն օգտվեց լիուլի: Բայց վերելքի ժամանակներին փոխարինեց քաղաքական դեպրեսիան, եկավ չկայացած քաղաքական գործիչների դիմակները պատռելու ժամանակը: Մանավանդ՝ եթե այդ գործիչներն ունակ չեն ազատ մամուլի արժեքն իմանալ եւ հնչած քննադատություններին խաղաղ վերաբերվել:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]