Անչափ հետաքրքիր փուլ ենք թեվակոխում

Անչափ հետաքրքիր փուլ ենք թեվակոխում

Ամենեւին չցանկանալով գաղջ մթնոլորտ ստեղծել` հարկ եմ համարում Սերժ Սարգսյանին հուշել, որ նա պետք է շտապի գոնե մեկ անգամ ինքնաթիռով վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում, այլապես հոկտեմբերի 10-ից հետո դա անելը շատ է դժվարանալու, եթե չասենք` կարող է նույնիսկ անհնար դառնալ:




Տպավորություն կա, որ մեր իշխանությունները դեռ չեն ընկալում հոկտեմբերի 10-ից այսկողմ եւ այնկողմ ընկած ժամանակների որակական տարբերությունը եւ, հետեւաբար, չեն էլ մտածում այն ուղղությամբ, որ Ղարաբաղ գնալն իրենց համար հոկտեմբերի 10-ից հետո կարող է դառնալ վիզայով: Խոսքն ամենեւին էլ մաքսակետերի մասին չէ, որ կարող են ծլել Հայաստանի եւ Ղարաբաղի սահմաններին: Խոսքը վերաբերում է տարբեր երկրների քաղաքացիների տեղաշարժի` միջազգայնորեն ճանաչված նորմերին, որոնք ՀՀ նախագահից սկսած մինչեւ մեր հարեւան Շմավոնը պարտավոր են պահպանել:




Փորձենք հասկանալ, թե ինչպես հոկտեմբերի 10-ից հետո, ամենայն հավանականությամբ, կդժվարանա Ղարաբաղ գնալը:




Դրա համար պետք է համադրել սեպտեմբերի 1-ին տարածված երեք նորություն.
1. Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը, որն ընդգրկում է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին (DCFTA), հայտնում է Ինտերֆաքսը։ Փաստաթուղթը ենթադրում է վրացական գյուղատնտեսական եւ արդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժ եվրոպական շուկայում եւ անվտանգ արտադրանքի մատակարարում տեղական շուկա։




2. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ պարզեցված վիզայի մասին համաձայնագիրը: Վիզային ռեժիմի մասին համաձայնագիրն ստորագրվել էր անցած տարվա նոյեմբերին, Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ: Համաձայնագրերին առնչվող բոլոր ներքին գործընթացները կատարված են:




3. Թուրքիայի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը լինելու է ԵՄ-ի հետ բանակցությունների աշխուժացումը, սեպտեմբերի 1-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ խորհրդարանում ներկայացնելով այդ երկրի 62-րդ կառավարության գործունեության ծրագիրը: «Մենք կիրականացնենք Եվրամիության հետ բանակցություններին վերաբերող գործողությունների ծրագիրը: Դա կարվի 2014-2015 թվականներին: ԵՄ-ի լիիրավ անդամություն՝ սա մեր կառավարության հիմնական նպատակներից մեկն է»,- ասել է Դավութօղլուն:




Կարելի է այս ամենին ավելացնել վերջերս Նախիջեւանում կայացած Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռյակի հանդիպումը, ինչպես նաեւ Նուրսուլթան Նազարբաեւի` այս օրերին ակտիվորեն շրջանառվող գանգատը Պուտինից եւ սպառնալիքները, թե Ղազախստանը կլքի ԵՏՄ կառույցը:




Այս ամենի մեջ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան գիծը չտեսնելը պարզապես հավկուրություն է: Դժվար չէ նաեւ հասկանալը, որ շուտով, ավելի ստույգ՝ հոկտեմբերի 10-ի մոտերքը, տարածաշրջանին եւ, մասնավորապես, մեզ բավական հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Համաձայնեք, որ շատ հետաքրքիր է, թե ինչու Պուտինը կրկնեց Ժիրինովսկու հայտարարությունները Ղազախստանի` անցյալում պետականություն չունենալու մասին եւ ինչու զայրացրեց Նազարբաեւին, ով Հայաստանին արդեն հրավիրել է Մինսկ` ԵՏՄ համաձայնագրին միանալու:




Նազարբաեւը, բնականաբար, Ժիրինովսկուց եւ Պուտինից ավելի վատ չգիտի իր ազգի ու պետության պատմությունը, եւ, ըստ մեզ, «զայրանում» է ոչ այնքան այդ ճշմարտությունը լսելուց, որքան վերը թվարկված ազդակների ճնշման տակ: Նազարբաեւի (Ղազախստանի) համար ժամանակն այլ կտրվածքներ ունի` մինչեւ Աստանա եւ Աստանայից հետո: Նա հրաշալի կատարեց իր առաջադրանքը մինչեւ Աստանայի հավաքը (ՄՄ-ին թույլ չտալով ներթափանցել Անդրկովկաս) եւ հիմա անցել է գործողությունների երկրորդ փուլին` թույլ չտալ ՄՄ-ի ներթափանցումը Միջին Ասիա:




Մոսկվայում դեռ մեկ ամիս առաջ հորթի հրճվանք էին ապրում Թուրքիայի` ՄՄ-ին միանալու ցանկությունների մասին լուրերից եւ Թուրքիայի հետ նույնիսկ հատուկ պայմանագիր կնքեցին պատժամիջոցների պատճառով ռուսական շուկայում առաջացած բացերը թուրքական գյուղմթերքով եւ այլ ապրանքներով լրացնելու համար: Դավութօղլուն, սակայն, սեպտեմբերի 1-ին վերջ տվեց ռուսական իլյուզիաներին` հայտարարելով, որ իր կառավարության նպատակը ոչ թե ՄՄ-ին, այլ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն է:
Այսքանից հետո արդեն անիմաստ են դառնում Պուտինի` Ալիեւին դեպի ՄՄ սիրաշահելու բոլոր ջանքերը: Եվ ՌԴ նախագահը, թեեւ դեռ ժամանակ ունի, հենց սեպտեմբերի 1-ին Պետդումա վավերացման է ներկայացնում Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը` կնքված Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից` հասկացնելով իր ղազախ գործընկերոջը, որ նա Ղազախստանի պետականության հետ կապված խնդիրներ կունենա, եթե շատ տարվի արեւմտյան հովերով, որոնք տարածաշրջան են ներխուժում Դավութօղլուի հստակեցումներից հետո:




Բնականաբար, Թուրքիայի դիրքորոշման մեջ հսկայական դերակատարություն ունի Արեւմուտքը, ԱՄՆ-ն՝ մասնավորապես, եւ հիմա Նահանգներն ամեն կերպ ճնշում կգործադրի ԵՄ-ի վրա` արագացնելու Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ ի վերջո տապալելու էներգակիրների Եվրոպա արտահանման ոլորտում Ռուսաստանի մենաշնորհային դիրքը:
Այս պահին արդեն Ռուսաստանը լուրջ խնդիր ունի` Մինսկում գլուխ բերելու Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Դրա համար նրան հարկավոր է առնվազն Ղազախստանի հավանությունը, իսկ Ղազախստանը հավանություն կտա միայն այն դեպքում, եթե Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության պայմաններում չլինեն կետեր, որոնք կզայրացնեն հստակ ընդգծվող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան քառյակին եւ նրա արեւմտյան բոսերին:




Մինչ Սերժ Սարգսյանի Մինսկ մեկնելը, հավանաբար, կարիք կա գոնե հրապարակելու այն պայմանները, որոնցով մենք պատրաստվում ենք անդամակցել ԵՏՄ-ին: Մինչ օրս ՀՀԿ-ն զբաղված է միայն նրանով, որ արագ-արագ կրկնում է ԵՏՄ-ի մյուս մասնակիցների հետ մեր իրավահավասարության մասին զառանցանքը: Որպես կանոն, ՀՀԿ-ի այդ վստահեցումները դեռ հիմք չեն, որ մենք ԵՏՄ ենք մտնելու Ղարաբաղի, ծայրահեղ դեպքում` Ղարաբաղի եւ Ադրբեջանի հետ միասին: Ուստի, կրկնեմ` հարկ է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը ՀՀ իշխանությունները հրապարակեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որ հետո մենք փաստի առաջ չկանգնենք ու չասենք` տեսա՞ր ինչ եղավ: Իսկ կարող է տեղի ունենալ անդառնալին` Հայաստանը հայտնվի ԵՏՄ-ում, իսկ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը, Ղարաբաղով հանդերձ՝ ԵՄ-ում:




Ահա եւ լավ առիթ` Ղարաբաղ միայն ԵՄ վիզայով մուտք ունենալու համար: Եվ Սերժ Սարգսյանը, այ քեզ հաջողություն, կարող է դառնալ ՀՀ առաջին քաղաքացին, որ կիջնի Ստեփանակերտի օդանավակայանում, ու նրանից մուտքի վիզա կպահանջեն:
ՀԳ. Ինչ վերաբերում է Ռուսաստանի հակաքայլերին, ապա ենթադրվում է, որ Պուտինը պետք է արագացված կարգով լուծի Նովոռոսիայի հարցերը եւ զբաղվի Թուրքիայի մեծթուրանական ծրագրերի տապալմամբ: Այդ ծրագրերն այսօր համընկնում են Արեւմուտքի շահերին եւ գնալով վտանգավոր են դառնում: Այլեւս անզեն աչքով էլ նկատելի է, որ Արեւմուտքն (ԱՄՆ-ն) այն նույն էնտուզիազմով չի պայքարում Թուրքիայի դաշնակից ահաբեկչական խմբավորումների դեմ: Իսկ դա նշանակում է, որ ահաբեկչական խմբավորումները կարող են ծավալվել եւ ընդլայնել իրենց պայքարի աշխարհագրությունը` Ռուսաստանի «փորի» տակով ընդհուպ Չինաստան:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
[email protected]