Դպրոցը պիտի վերանա

Դպրոցը պիտի վերանա

«Խաչելության վարդը» վեպ-եռագրության մեջ Հենրի Միլերը դպրոցի եւ ընդհանրապես կրթական համակարգի բացարձակ վերափոխման մասին մի քանի հետաքրքիր դիտարկումներ ունի: Միլերը չի սիրում այն ժամանակակից դպրոցը, կրթական ռեժիմը, որի միջով անցնում են աշակերտները, որտեղ ստիպված են վերցնել գիտելիքների հիմնարար պաշարը: Միլերի մտքերն ինձ դուր էին գալիս, որովհետեւ ես ատում էի դպրոցն ու ընդհանրապես դպրոցին հաջորդող մյուս բոլոր կրթական հաստատությունները, դրանց էությունը, ոճը: Դպրոցն ինձ համար միշտ էլ բանտ էր, ոնց որ ընտանիքը, մանկապարտեզը, համալսարանը, բանակը, եւ իհարկե բանտը, որտեղ դեռ չեմ եղել: Ու ես էսօրվա պես հիշում եմ, թե ինչ տառապանք էր ինձ համար կտրվել իմ սիրած միջավայրից, մտնել ինչ-որ անհասկանալի հաստատություն, որտեղ առաջին օրվանից ստիպված պիտի լինեի պաշտպանվել ու ստիպված պիտի լինեի հակահարված տալ, պարսպել իմ արտաքին ու ներքին բնույթը, որը նույնչափ տառապանք էր:




Դպրոցը պիտի վերանա:




Որովհետեւ բռնությամբ ստացված կրթությունը դրա շարունակականության գլխավոր առհավատչյան է, գիտակցությունը, որի մեջ մեռնում է մտքի պայծառությունը, իմաստը խաղաղության ու ներդաշնակության, մտքի ու երեւակայության հանդիպման հնարավորությունը: Սեպտեմբերի մեկին, գույնզգույն փուչիկներով, պայուսակները մանկական փխրուն ուսերին ծանրացած երեխաները գնում են սերտելու մահվան գաղափարագիտությունը, գնում են պարտադրված ուսման, որին կարող էին տիրանալ իրենց սիրելի միջավայրում՝ չմխրճվելով արհեստածին համակարգի մեջ: Ես երբեք երջանիկ աշակերտ չեմ էլ տեսել: Բայց երջանկության կեղծ զգացողությամբ վարակվածների տեսել եմ՝ վախի, պաթոսի, քարոզչության հետեւանքներ կրողների տեսել եմ:




Եվ ես այդ հետեւանքներից մեկն եմ:




Նույնիսկ ամենա-ամենալավ դպրոցը պիտի քանդվի, վերածվի ավերակների, իր տեղը զիջի բնությանը, նախնականության միջանկյալ ճշմարտությանը, որին հերքում է այս ռեժիմը:
Եվ ուրախ ժպիտներով երեխաները, որոնց տանում են խարկվելու, մեռնելու, ոչնչանալու ճանապարհով, երեխաները, որոնց նետում են իրար ոչնչացնելու, տանջելու, ճնշելու, ավերելու, սպանելու ճամբարը, պիտի թոթափեն բանտարկության այս սահմանումը ու պիտի հերքեն լինելիությունը բռնադատության:




Դպրոցը պիտի վերանա:




Արամ ՊԱՉՅԱՆ
[email protected]