ԲՀԿ-Ն և ՀՅԴ-ն մշտապես «սիստեմի» մեջ են

ԲՀԿ-Ն և ՀՅԴ-ն մշտապես «սիստեմի» մեջ են

Քոչարյանի 60-ամյակն իսկական փորձություն դարձավ իշխանական, ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերի համար: Ներքաղաքական հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքական գործիչ, ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի հետ:




- Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Քոչարյանի վերադարձի մասին երազող քաղաքական ուժեր կան ոչ իշխանական քառյակի մեջ, ճի՞շտ եք համարում ԲՀԿ-ի հետ համագործակցության շարունակությունը:




- Կարծում եմ, որ 4-ից գոնե երկու քաղաքական ուժեր արդեն բավարար հիմքեր ունեն վերանայելու իրենց հարաբերությունները ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ՀՅԴ-ի հետ: Վերջիններս մշտապես «սիստեմի» մեջ են, եւ ժամանակը եւս ցույց տվեց, որ նրանց պարզունակ «ոչ իշխանական» եւ «կառուցողական ընդդիմադիր» դիրքորոշումը ծառայում է միմիայն ղարաբաղյան կլանի շահերին: Քաղաքական համագործակցության փորձը մերժելի երեւույթ չէ, բայց նրա գործնական արդյունքների հետ հաշվի չնստելը, կարծում եմ, ճիշտ չէ: Այսօր դա անելը քաղաքական առումով էլ ավելի նպատակահարմար է, քան սպասելը, որ վաղն իրենք բացահայտորեն սահմանազատվեն քեզնից:




- Ձեր ընդհանուր գնահատականը Քոչարյանի վերադարձի հնարավորության վերաբերյալ:




- Տեսականորեն դա անհնարին չէ, մանավանդ, երբ նկատի ենք առնում հայ հանրությաններկայիս գերպառակտվածությունը եւ «փորձված թանի» հենքի վրա Ռուսաստանից սպասվելիք խառնակչությունները: Այստեղ հարցը դեմ է առնում ազգային դավաճանին ու մարդասպանին նախագահական աթոռի վրա եւս մեկ անգամ հանդուրժելու եւ հայերի ազգային արժանապատվությունը ոտնատակ տալու լպիրշ փորձարարությանը, որոնք հայ իրականության մեջ աննախադեպ չեն եղել:




- Պարոն Աբգարյան, ի՞նչ եք կարծում, Քոչարյանը Ռուսաստանից աջակցություն ունի՞: Հնարավո՞ր է, որ դրանով է պայմանավորված նրա ակտիվացումը:




- Ներկայում դժվար թե Ռուսաստանում այդպիսի հարց քննարկեն, քանի որ այնտեղ համարում են, որ Սերժիկը կձգի մինչեւ 2018թ.: Իսկ եթե ռուսները երբեւէ տեսնեն, որ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ է իշխանության լուրջ հավակնորդ դառնում, որը ղեկավարվելու է Հայաստանի պետական եւ ազգային շահերով, ապա վստահ եմ, որ նրանք ամեն ինչ կանեն դա ձախողելու համար, ընդհուպ Քոչարյանին կամ նրա կարգի մեկին մեյդան գցելով: Իսկ նրա ներկայիս ակտիվացումը, կարծում եմ, ավելի շատ կապված է իր կողմնակից քաղաքական ուժերի մեջ «ոգեւորություն» առաջացնելու եւ իր պիղծ անձը «դրականորեն» հոլովողների քանակն ընդլայնելու հետ: Նա նաեւ փորձում է արձանագրել, որ վերադառնում է քաղաքական ասպարեզ:




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]