Բարեգործական համերգ՝ երեխաների բուժման համար

Բարեգործական համերգ՝ երեխաների բուժման համար

Հաշմանդամություն ունեցող երեխաների վիրահատության համար սեպտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին ,Ջամբո էկզոտիկ պարկ» ռեստորանում տեղի է ունենալու բարեգործական համերգ, որի նախաձեռնողներն են ,Հայ մայրերե հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը, «Ջամբ» էկզոտիկ պարկիե տնօրեն Արտյոմ Վարդանյանը եւ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես նշեցին ներկաները, համերգն ավելի շատ կենդանի շփում է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց մայրերի եւ ճանաչված երգիչ-երգչուհիների միջեւ, ավելին` միջոցառմանը ներկա են լինելու նաեւ քաղաքական, մշակութային գործիչներ, ինչպես նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Որպես այդպիսին, տոմսեր չեն վաճառվելու, ցանկացողները կարող են գալ, մասնակցել ու գումար հանգանակել բարի գործի համար:



Խոսելով հաշմանդամության խնդրի մասին՝ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես է Մոնրեալի ջրաշխարհում տեսել երեխաների՝ առանց ձեռք ու ոտքի, ովքեր մյուս երեխաների հետ հավասար խաղում էին, ուրախանում` միաժամանակ չլինելով բոլորի ուշադրության կենտրոնում: Մինչդեռ մեր երկրում անգամ սայլակով երեխան բախվում է ոչ միայն մարդկանց վերաբերմունքին, այլեւ շրջապատի մատչելիության մի շարք խնդիրների:



«Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանն էլ նշեց, որ ինքը մոտիկից գիտի, թե դա ինչ խնդիր է, ու եթե ինքը կարող է իր երեխային պարբերաբար տանել դուրս՝ վերականգնողական բուժումների, ապա շատ մայրեր դա իրենց թույլ չեն կարող տալ, որովհետեւ ամսական 19 հազար դրամը եւ 2 անգամ վերականգնողական բուժումը բավական չեն հաշմանդամություն ունեցող երեխայի համար: Նարինե Մանուկյանը նշեց, որ դրսում կարող է սպասարկումն այնքան լավ չլինել, որքան մեզ մոտ, բայց միանշանակ է, որ այնտեղ մարդասիրական վերաբերմունքն ավելի շատ է, քան այստեղ: Նա նաեւ նշեց, որ այժմ ,Հայ մայրերե ՀԿ-ն ունի 150 շահառու փոքրիկներ` 1-11 տարեկան, ընդգծելով, որ դա այն տարիքն է, երբ բուժումն ամենաարդյունավետ ազդեցությունն է ունենում:



«Ջամբո» էկզոպարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանն էլ իր խոսքում հիշեց, որ սկզբում շատ զարմացած էր, երբ իմացավ, որ այդքան շատ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, ինչը, ցավոք, խոսում է մեր երկրի կյանքի որակի մասին: Ինչ վերաբերում է հայ աստղերի մասնակցությանը նմանատիպ ակցիաներին ու բարեգործական համերգներին, ապա ներկաները նշեցին, որ նրանցից շատերն են օգնում երեխաներին, օրինակ բերելով, որ Թաթան ու Գրիգոր Նազարյանը մի ամբողջ մանկատան հոգս են հոգում, թե կոնկրետ որ մանկատունն է դա եւ որտեղ է գտնվում, ներկաները դժվարացան պատասխանել, միայն վստահեցրին, որ դա այդպես է, եւ շատերը չեն սիրում խոսել իրենց կատարած բարեգործությունների մասին: Ինչ խոսք, կարեւորը՝ կատարեն:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]