Ցեղասպանության մասին ֆիլմը ֆինանսի պատճառով դեռ անավարտ է

Ցեղասպանության մասին ֆիլմը ֆինանսի պատճառով դեռ անավարտ է

«Փրկության քարտեզը». այսպես է կոչվում «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ ՍՏՈՒԴԻՈ»-ի, Ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մոտ 90-100 րոպե տեւողությամբ խաղարկային դրվագներով վավերագրական լիամետրաժ ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը հումանիզմի ու մարդասիրության լույսի տակ: Ֆիլմի հերոսները եվրոպացի 5 հումանիստ միսիոներ կանայք են` Քարեն Եփփե, Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա), ովքեր, դառնալով Հայոց մեծ եղեռնի ականատեսները, հիմնադրում են հայ երեխաների ու կանանց համար ապաստարաններ, որբանոցներ: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը, ով անցնում է միսիոներ կանանց առաքելության ճանապարհը եւ գծում հայոց կոտորածների մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:



Ֆիլմի եվրոպական մասի նկարահանումները, որոնք տեւել են 26 օր, արդեն ավարտվել են: Նկարահանումներն իրականացվել են միսիոներ կանանց ծննդավայրերում` Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Էստոնիա, եւ այդ երկրների 14 քաղաքներում, ինչպես նաեւ 3 թագավորական գրադարաններում, մի շարք պետական արխիվներում, թանգարաններում: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ ՍՏՈՒԴԻՈ»-ի տնօրեն Մանվել Սարիբեկյանի գնահատմամբ, շատ մեծ ու արդյունավետ աշխատանք է տարվել, որի արդյունքում կա մոտ 20 ժամ նկարահանված տեսանյութ: Այսինքն՝ ֆիլմի մոտ 60-65 տոկոսը նկարահանված է, մնացել է նկարահանումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանի մի քանի վայրերում, նաեւ Լիբանանում, որին կհաջորդի ֆիլմի հետարտադրական փուլը:



Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, բեմադրող օպերատորը` Արթուր Ղարայանը: Ֆիլմի գլխավոր դերակատարը, ով յուրօրինակ ձեւով վարում է ֆիլմը, պատմաբան Սվանտե Լունդգրենն է` Ֆինլանդիայից, ով իր գրքում ասորիների ցեղասպանությանը զուգահեռ մեծ տեղ է հատկացրել նաեւ հայերի ցեղասպանությանը. «Նա ֆիլմում ներկայացնում է այդ կանանց կյանքը, նրանց մարդասիրական գործունեությունը օրագրերի, ականատեսների հուշագրությունների միջոցով, ֆիլմը կառուցվում է փաստագրական հիմքերի վրա: Բացի Հայաստանից, ֆիլմի խորհրդատուների մեջ են նաեւ 5 այլ երկրներից 6 պատմաբաններ, ովքեր հիմնականում ֆիլմի 5 հերոսուհիների կենսագիրներն են»: Պրոդյուսերն ասում է, որ ֆիլմի կառուցվածքի յուրօրինակ ընտրությունը պայմանավորված է նաեւ դրսի հանդիսատեսին ընկալելի լինելու հանգամանքով: Այժմ կանգնած են այն խնդրի առաջ, որ եթե ֆինանսավորում չհատկացվի, եւ հոկտեմբերից չվերսկսեն նկարահանումները, ժամանակի հետ կապված՝ լուրջ խնդիրներ կունենան:



Ֆիլմի բյուջեի 35 տոկոսի աջակցությունը ցուցաբերել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով, որից 40 տոկոս գումարը հատկացվել է 2014թ.-ին, իսկ 60 տոկոսը նախատեսվել է 2015-ին. «Շատ մեծ ոգեւորվածությամբ, առանց հանգստի, մի շնչով իրականացրինք այդ աշխատանքները, ի շնորհիվ նկարահանման խմբի պրոֆեսիոնալիզմի, առանձնահատուկ նվիրվածության, սփյուռքի մեր հայրենակիցների, այլ ազգի մարդկանց, հայկական եւ տեղական կազմակերպությունների: Եկանք Հայաստան ու փաստի առաջ կանգնեցինք: Գնալուց առաջ հուսադրող էր, որ գուցե այն գումարը, որ պետք է հատկացնեն հաջորդ տարի, կհատկացնեն այս տարի, եւ մենք կկարողանանք մեր աշխատանքները շարունակել ու ֆիլմն ավարտել մինչեւ 2015թ. ապրիլը, բայց, ցավոք, դեռ ձգձգվում է: Ներկա դրությամբ սպասում ենք կառավարության որոշմանը, որպեսզի գումար հատկացնի նշված տարելիցի մշակութային միջոցառումների իրականացման ծախսերի համար, որտեղ, ըստ հավաստիացումների, նախատեսված է նաեւ մեր ֆիլմը»:



Կինոպրոդյուսերը նշում է, որ դեռ 2012-ի սեպտեմբերին ֆիլմի 1-ին տարբերակը, որտեղ նախատեսվում էր ներկայացնել 18 երախտավորների՝ 14 երկրներից, 3 այլ նախագծերի հետ հանձնել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնաժողովին, բայց ոչ մի պատասխան չի ստացել: «Ցավոք, դրսում ավելի մեծ պատրաստակամություն կար աջակցելու, օգնելու, քան այստեղ՝ Հայաստանում, նույնիսկ այլազգիների մոտ կար այդ ոգեւորվածությունը, իսկ մեզ մոտ անորոշ վիճակ է դեռ»: Սարիբեկյանը նշում է, որ եթե դրսում չլիներ տեղացի հայերի եւ օտարազգիների աջակցությունները, գուցե 2 երկրից ավել չկարողանային նկարահանումներ անել, բայց այս դեպքում նկարահանել են ամեն մանրուք՝ ֆիլմից դուրս չթողնելով ոչ մի կարեւոր դետալ. «Այս տեսակի ծավալուն ֆիլմը մեկ ուրիշ երկրում մի քանի անգամ ավել ծախսեր ու ժամանակ կպահանջեր, որը մենք արել ենք մինիմալ ժամկետում, մինիմալ գումարով, ի հաշիվ նաեւ խմբի նեղության»:
Թե ինչն է պատճառը, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նման դոկումենտալ ֆիլմն ստվերում է մնում եւ չֆինանսավորված, կինոպրոդյուսերը խնդիրը հիմնականում տեսնում է մեր երկրում բոլոր ոլորտներում, այդ թվում կինո նկարելու, ամեն ինչ անձնավորված լինելու մեջ: Մինչդեռ նման ֆիլմը պետք է լիներ պետական պատվեր: Ի դեպ, կառավարության որոշմամբ վերջերս գումար հատկացվեց մի քանի ռեժիսորների ֆիլմերի, ինչի կապակցությամբ Սարիբեկյանն ուրախ է իր գործընկերների համար, բայց կարծում է, որ պետք է հաշվի առնվեն նաեւ նման առանձնահատուկ դեպքերը, քանզի պարտավոր ենք այս տարելիցը պատվով հիշատակել, որը շատ մեծ համազգային, համամարդկային խնդիր է: Բացի այդ, վաղուց ժամանակն է, որ պետությունը հստակեցնի իր ռազմավարությունը կինոոլորտում`ապահովելով մրցակցության հավասար դաշտ:  Իսկ խոշոր ներդրողները, ըստ Սարիբեկյանի, հովանավորում են հիմնականում ավելի բարձր ատյանների հովանու տակ ներկայացվող նախագծերը:



Նա պատմեց, որ հայ գործարարներից մեկին, որը նաեւ ճանաչված քաղաքական գործիչ է, երբ ներկայացրել է ֆիլմի եւ ցեղասպանության թեմայով այլ նախագծեր, վերջինս ասել է, որ ֆինանսական աջակցությունը պետական հանձնաժողովի եւ պետության խնդիրն է, ապա նաեւ հարցրել է՝ իսկ քո շահը ո՞րն է: «Ինձ համար շատ զարմանալի էր ու տխուր, մի կողմից էլ հասկանալի, որովհետեւ ոչ բոլոր պրոդյուսերները հանձն կառնեն այս տեսակ պրոյեկտ, որը կոմերցիոն նախագիծ չի, բայց եւ մեծ շանսեր ունի ցուցադրվելու այլ երկրների հեռուստաալիքներով: Ակնկալիքներ ունենք, որ ֆիլմը կունենա մեծ տարածում, որովհետեւ մեր հիմնական նպատակը Ցեղասպանության հարցն այլազգիներին տեղ հասցնելն է՝ հումանիզմի, մեր ֆիլմի երախտավորների միջոցով: Լիահույս ենք, որ շատ մոտ ժամանակներում կլուծվեն ֆինանսական հարցերը կառավարության միջոցով, եւ գուցե նաեւ ի հայտ գան նոր գործընկերներ, աջակիցներ, որոնք նույնպես իրենց լուման կներդնեն այս կարեւոր նշանակություն ունեցող ֆիլմի ստեղծմանը»,- ընդգծեց Սարիբեկյանը:



ֆիլմի թրելյերն այստեղ՝ https://yadi.sk/i/y1l0mG3faxuu4