Տիգրան Սարգսյանի ստվերը շրջում է էներգետիկայի նախարարությունում

Տիգրան Սարգսյանի ստվերը շրջում է էներգետիկայի նախարարությունում

250 մլն դոլարի ընդհանուր ապառքներ, որից 150 մլն դոլարը «Մեժգոսբանկի» փողն է, եւ մոտ 15 մլն դոլարի էլ չվճարված աշխատավարձ. երեկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը վերջապես հրապարակեց «Նաիրիտի» հետ կատարված ողբերգության թվային պատկերը: Ոչ պաշտոնական տվյալներով, ռուսական պարտքն ավելի մեծ է եւ տոկոսներով հանդերձ մոտենում է 250 մլն-ի:



Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հրավիրել էր ԱԺ պատգամավորների, «Նաիրիտի» ներկա եւ նախկին տնօրեններին, փորձագետների, որպեսզի քննարկեն գործարանի ողբերգական վիճակը, առաջիկայում էլ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկների փաթեթ մշակեն եւ դնեն վարչապետի եւ նախագահի սեղանին: Սակայն քննարկմանը չկային ողբերգության հիմնական դերակատարները՝ ոչ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, որն ստորագրեց մեր գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքն օֆշորային «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերությանը, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, լինելով ԱՊՀ միջպետական բանկի խորհրդի նախագահը, «քավոր կանգնեց» «Նաիրիտի» գրավադրմանը ԱՊՀ միջպետական բանկում ընդամենը 70 մլն դոլարով, ապա ծածկեց բոլոր մութ գործարքները, որոնք կատարվեցին գործարանի հետ՝ ուռճացնելով վերջինիս պարտքերը: Չկար նաեւ տնօրեն Վահան Մելքոնյանը, ում օրոք կուտակվեցին միլիոնների հասնող ապառքները: Նույնիսկ էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչ չկար, որ պատասխաներ պատգամավորների հարցերին: Միակ փաստացի պատասխանողը Երվանդ Զախարյանն էր, ով պատասխանատու չէ կատարվածի համար: Նաեւ առաջին անգամ նախարարությունը հաստատեց այն, ինչ մենք ամիսներ շարունակ գրում էինք՝ այսինքն, որ բազմաթիվ բիզնես-ծրագրերի, «Նաիրիտում» լուրջ ներդրումներ կատարելու մասին զրույցներն իրականում բլեֆ են, ոչ մի ներդրող չկա:



«Վերջին ամիսներին ռեալ ներդրումային առաջարկություններ մենք չենք ստացել: Առաջարկություններ նախկինում եղել են՝ «Իտեռա», «Ռոսնեֆտ», գերմանական կազմակերպություն: Բոլոր առաջարկությունները՝ վերջին 2-3 տարիների մասին է խոսքը, չեն իրականացել: Վերջինը եղել է «Ռոսնեֆտի» կողմից՝ խոստացել էր մինչեւ օգոստոսի վերջ իր մոնիտորինգի հիման վրա առաջարկ ներկայացնել, բայց մինչ այսօր որեւէ առաջարկ նախարարությունը չի ստացել»,- ասաց Երվանդ Զախարյանը, նշելով, սակայն, որ չի ցանկանում պարզաբանել ոչ պարտքի գոյացման մեխանիզմը, ոչ էլ շոշափել պատասխանատուների անունները: Երբ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փորձեց հետաքրքրվել նախարարից, թե ինչպես, ինչ պատճառով է գոյացել 100 մլրդ դրամից ավելի պարտքը, արդյոք դա կապված չի՞ եղել գործարանի մենեջմենթի հետ, նախարարը կոչ արեց մեղավորներ չփնտրել. «Եկեք ավելի գործնական հարցեր բարձրացնենք, մեղավորներին պատժողը, հայտնաբերողն այլ կառույցներ են, էներգետիկայի նախարարությունը չէ»: Սակայն սա ներկա պատգամավորներին համոզիչ չթվաց: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ «Նաիրիտը» միշտ էլ ձախողված պրոյեկտ է եղել, եւ, որպես հայրենասեր մարդիկ, մենք պետք է լուծումները գտնենք: «Պետք է համադրել գործարանի պարտքերը գործարանի ակտիվների շուկայական գնահատականի հետ, այսինքն, այսօր «Նաիրիտը» ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում ի՞նչ արժե:



Արդյո՞ք տեխնոլոգիան հնացել է: Ի՞նչ ծավալի ներդրումներ է պահանջում, որպեսզի ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխանի: Եթե առաջացել են պարտքեր, ուրեմն, դրանք որեւէ տեղ չեն կորել, ուրեմն, դրանք ինչ-որ իրավապայմանագրային հարաբերությունների մեջ պետք է լինեն: Մենք հետ չենք նայում, բայց, որպեսզի անընդհատ մեր հանրապետությունում այսպիսի տխուր պատմություններ չկրկնվեն, պետք է հասկանանք, թե որ մասն է այս պարտքերի գոյացել օբյեկտիվ, որի համար ինչ-որ մարդիկ պետք է անպայման պատասխան տան»,- ասաց պատգամավորը: Բնականաբար, ոչ մի հարցի պատասխան չհնչեց: Գնալով զավեշտը խորանում էր:



Պատգամավոր Թեւան Պողոսյանը փորձեց հասկանալ, թե ով է, ի վերջո, «Նաիրիտի» սեփականատերը, եւ հարցրեց գործարանի նոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանին, թե ով է ստորագրել նրա հետ աշխատանքային պայմանագիր: «Ինձ թվում է, այս քննարկումը չի կարող լինել, եթե մենք այստեղ չբերենք «Նաիրիտի» սեփականատիրոջը,- ասաց նա,- ինձ թվում է, մենք ոտնձգություն ենք անում ուրիշի սեփականության հանդեպ, հարց ենք քննարկում, թե ինչ անենք նրա սեփականության հետ»: Նախարարն օգնության եկավ Սաղաթելյանին, ասելով, որ ՀՀ ոչ մի օրենք «Նաիրիտի» տնօրենի փոփոխության ժամանակ չի խախտվել, իսկ սեփականատիրոջը՝ «Նաիրիտի» բաժնետերերի խորհրդին, ուղղակի առաջարկությունների փաթեթ է ներկայացվում, ուղիներ ենք փնտրում՝ նրան օգնելու համար: «Իրավիճակից ելքեր է պետք փնտրել, ոչ թե պատճառներ գտնել եւ սեպ խրել աշխատանքների մեջ»,- նյարդայնացավ Զախարյանը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, որը նախաձեռնել է ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով հանձնաժողովի ստեղծումը, հիշեցրեց, որ «Նաիրիտի» սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ 90 տոկոս բաժնեմասն Արմեն Մովսիսյանի օրոք մասնավորեցման պայմանագրով փոխանցվեց օտարերկրյա ընկերությանը, որը ներդրումային ծրագրերի պարտավորությունները չի կատարել, եւ սա բավարար է ՀՀ-ն որպես սեփականատեր ճանաչելու համար: ««Նաիրիտի» ձեւավորած պարտավորությունները պետք է ամբողջությամբ առանձնացվեն: Սրանով պետք է զբաղվեն ֆինանսների նախարարությունը եւ համապատասխան իրավապահ մարմինները»:



Ելույթներից հետո էներգետիկայի նախարարը դադարեց հարցերին պատասխանել եւ ստանձնեց լսողի դերը, որը նրան ավելի էր սազում: Քննարկումը, անշուշտ, անպտուղ է, որովհետեւ «Նաիրիտի» խնդիրը պարզից էլ պարզ է. գործարանը կաշխատի, եթե ներդրողը համաձայնի բացի բուն արտադրության մեջ գումար դնելուց, վճարել նաեւ պարտքը «Մեժգոսբանկին»: Բայց հազիվ թե գտնվի նման ապուշ, որը մոտ 500 մլն դոլար փող կդնի «Նաիրիտը» պարտքերից մաքրելու եւ աշխատեցնելու համար: