Քաղաքը մեքենաների տարածություն է

Քաղաքը մեքենաների տարածություն է

Սեպտեմբերի 22-ն աննկատ անցավ: Քաղաքի փողոցների տերերը կրկին ավտոմեքենաներն էին:
Սեպտեմբերի 22-ին աշխարհը նշում էր առանց ավտոմեքենաների օրվա տոնը: Քանի որ Հայաստանը դեռեւս այս աշխարհի մի մասն է եւ, ուզած թե չուզած, մասնակիցը մոլորակի գոյության, նույնպես միացել է «Քաղաքը մարդկանց տարածությունն է. ապրելու տարածությունը» կարգախոսին: Այս կարգախոսը գործառույթ ունի` քաղաքի բնակիչները մեկ օրով պետք է հրաժարվեն ավտոմեքենաներից եւ օգտվեն փոխադրման այլ միջոցներից (հեծանիվ, տրոլեյբուս, մետրո, տրամվայ):
Այն, որ մոլորակն էկոլոգիական աղետի շեմին է եւ արդեն իսկ ապրում է դրա մեջ, շատերը գիտեն, բայց քչերն են ամեն օր վերհիշում ու վերհիշելով` իրենց գործողություններին ըստ այդմ ընթացք տալիս:



Երեւանում վերջին տրամվայը շահագործումից հանվել է 2004 թվականին, դեռ կա մետրոն, կան տրոլեյբուսները, կան ոտքերը` քայլելու ունակությունը, որից նույնիսկ կարելի է օգտվել շաբաթվա մեջ գոնե երկու անգամ, մանավանդ քայլելու հնարավորության համար Երեւանը բացառիկ քաղաք է: Բայց նաեւ բացառիկ է բացառիկ մեքենաների բացառիկ քանակով: Պատկերացնել, որ ընդամենը մեկ օրով երեւանցիները կհրաժարվեն մեքենայից, ծանր ցնորականություն է, իսկ որ ապագայում կհրաժարվեն ու կանցնեն ավելի առողջ, ավելի թեթեւ փոխադրամիջոցների... արդեն զավեշտի ժանրից է... սակայն մի հնարավորություն կա` բոլոր մեքենայամոլները (հիմնականում մեծ, խոշոր, ծավալուն, զանգվածեղ, ջոջ, զմփո մեքենաների) պիտի մեռնեն ու իրենց հետ դրախտ տանեն սիրելիներին, քանզի իրոք հավանականությունը քիչ չէ, որ, ասենք, դրախտում լայնարձակ ճանապարհներ լինեն, որոնց վերոհիշյալ տրամաչափերի մեքենա է պետք:



Սեպտեմբերի 22-ին ավտոմեքենաների մերժում չնկատվեց:



Տրամվայները նորից երթեւեկում էին քաղաքի երազներում:



Տրոլեյբուսների մեջ նստած էին հիմնականում տարեց մարդիկ:



Մետրոյի վագոնները կիսադատարկ էին:



Հեծանվորդները` փոքրաքանակ:



Նույն քաղաքը, մեքենաների նույն անվերջանալի հոսքը:
Դրսից եկած մի մարդ ասում էր, որ միակ բանը, որից երեւանցիները երբեք չեն հոգնի, երեւի մեքենա վարելն է:



Ոչ ոք չի կարող ասել, թե որտեղից է լույս աշխարհ եկել մեքենաների հանդեպ այս յուրօրինակ, աննախադեպ սերը, եւ ինչ աղետով այն կնվազի:
«Քաղաքը մարդկանց տարածությունն է. ապրելու տարածությունը» կարգախոսը Երեւանին համարժեք չէ, պիտի փոխել այսպես.
«Քաղաքը մեքենաների տարածությունն է. քշելու տարածությունը»: