Դասական ճ

Դասական ճ

Ճ, ճ (անվանում՝ ճե), հայկական այբուբենի 19-րդ տառը: Թվային արժեքը՝ «100»: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին: Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները:
Եվ ահա չՏեսություն մեմերի հանրագիտարանում Ճ-ի մոդեռնիզացիայի մասին մեծապես հետաքրքիր նյութեր են հավաքված: Օրինակ այն, որ Ճ-ն «Ի հայտ է եկել ոչ շատ վաղուց, երբ ինտերնետներում սկսել է ավելանալ հայալեզու կոնտենտը: Ճ-ի զարգացման գործում մեծ դեր ունեն սոցիալական ցանցերում կյանքն անցկացնող ցանցառները», եւ կամ Ճ-կլասի մասին. «Ճ-կլաս - Խոսակցական լեզվում Ճ-ն օգտագործվում է որպես այս կամ այն մարդու կամ երեւույթի մակարդակն արտահայտող մեծություն: Օրինակ` Դիփ Փառփլը «Ճ-կլասի» խումբ ա դառել: Եգիպտոսում մի հատ «Ճ-կլաս» գեղի կլուբ էր հինգ աստղանի հյուրանոցի տեղը»:



Իսկ «դասականի» մասին գիտենք. այն նշանավորն է, հանրաճանաչը, բոլորի կողմից բարձր գնահատվածը, կատարյալը, բացարձակորեն անթերին, ընտիրը, դասընտիրը... եւ այսպես շարունակ կարելի է նաեւ հասնել փետրավոր ամպերին, տիեզերական ու միջգալակտիկական տարածություններին, հասնել «անհունությանը»… Բայց դրա համար ճանաչելի չափերից անդին լրջություն է պետք կամ, ասենք, հումորի անտանելի զգացողություն:



Անկախությունից ի վեր մենք այսօրինակ դասական Ճ չենք ունեցել (նույնիսկ կարելի է տուրիզմը զարգացնել: Ճ-ն մատուցանել, բերել մարդկային հոծ զանգվածներ, թող տեսնեն բնության այս հրաշքը):
Եվ իսկապես, ո՞ւմ մտքով կանցներ, որ Մաշտոցյան այբուբենի 19-րդ տառն ամենագործածելին էր դառնալու, ամենաինքնահռչակը, արքայից արքան, արքայազնից արքայազնը, ամենաատելին, ամենահեգնականը եւ, առհասարակ` ամենա...կատարյալի հականիշը, որ հասել է իր բարձունքներին:
Վերեւից ներքեւ ցուցակագրելով իշխանության գլխավոր փոխանորդներին.



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան



ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան



ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան



ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան



Ստանում ենք Ճ-ի, մամոնտի մեծության Ճ-ի հավատարիմ, անփոխարինելի մի զորագունդ: Եվ, իհարկե, սրան ենթակա ավելի փոքրիկ զորագնդերը:



Բայց հուսահատությունը վանել է պետք: Մեր երկրում նաեւ արդեն մշակութապես ձեւավորված այս դասական Ճ-ն կարող է հայ նշանագիտական մտքի ելանյութը դառնալ, որը գուցե դուրս կբերի մեզ տեղատարափ, ընկճող բավիղներից:



Սա իրոք հնարավորություն է, որ քչերին է տրվում: 



Սա երկնքից ընկած կախարդական խնձոր է: