Նոբելը՝ Պատրիկ Մոդիանոյին, կամ գրաշուկայի պարտությունը

Նոբելը՝ Պատրիկ Մոդիանոյին, կամ գրաշուկայի պարտությունը

Շվեդական ակադեմիան 2014 թվականի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհեց ֆրանսիացի արձակագիր Պատրիկ Մոդիանոյին:
Եվ նորից սկսվեց ընդդիմախոսության ու բանավեճերի հորդառատ անձրեւը: Ամերիկացիներն այս անգամ եւս ձեռնունայն մնացին եւ իրենց մեդիա դաշտը ողողեցին նոբելյան հանձնախմբին քննադատող հոդվածներով, մասնավորապես հիշատակելով իրենց գրականության անտեսված թեկնածուներին՝ Ֆիլիպ Ռոթին, Թոմաս Փինչընին, Դոն Դելիլոյին: Համացանցային մի շարք ֆորումներում նորից հնչում էր այս «ուշագրավ» հարցը. ո՞վ է Պատրիկ Մոդիանոն: Իսկ հետո հարցերը բազմանում էին՝ ինչո՞ւ հենց նրան, երբ մեր ժամանակներում ապրում են այնպիսի մեծ գրողներ, ինչպիսիք են, օրինակ՝ Միլան Կունդերան, Ֆիլիպ Ռոթը: Բայց…



 



Մինչ Մոդիանոն



 



«Մեծ, փոքր, միջին» գրող լինելու այս հուզառատ թեմայով կարծեմ Իոսիֆ Բրոդսկին էր վերջնական պատասխան տվել:



Նրան հարցրել էին՝ ինչպե՞ս որոշել մեր ժամանակների մեծ գրողին: Բրոդսկին մատնացույց էր արել շուկան… ով ավելի լավ է վաճառվում: Տարիների հետ նրա այս հեգնանքը մարգարեացել է: Համաշխարհային գրաշուկայից գրեթե իսպառ վերացել է բանաստեղծությունը՝ իր գոյության հույսը դնելով Ակադեմիայի ուսերին: Շուկայում բանաստեղծությունն այլեւս պահանջված չէ: Քիչ թվով հրատարակչություններ կան, որոնք տպագրում էին միայն բանաստեղծական ժողովածուներ:
Եթե զանգվածային լրատվամիջոցներով շատ թե քիչ կարելի է հանդիպել հանրահռչակ գրողների (Սալման Ռուշդի, Վարգաս Լյոսա, Կարլ Օվե Նաուսգարդ, Միլան Կունդերա, Թոմաս Փինչըն) անունների, ապա այսուհետ բանաստեղծներին պիտի խոշոր ոսպնյակով փնտրել՝ նույնիսկ Արեւմուտքում: Եվ սա փաստ է:
Արձակը… կամ, ավելի ճիշտ՝ մեր ժամանակների արձակը… այսինքն, շուկայում պահանջվածը պիտի լինի խոշոր տրամաչափի, մսեղ, փետրաթեթեւ լեզվով սղված վեպերի տեսքով, որոնց մեջ մտնում են թրիլլերը, ֆենթըզին, դետեկտիվ գրականությունը, խոստովանական պատմությունը, որոնք մեծ պահանջարկ ունեն, սպառվում են կայծակնային արագությամբ եւ լուրջ գումարներ բերում (Մուրակամի, Նաուսգարդ, Դեն Բրաուն, Ուելբեք, Բեգբեդեր, Սթիվեն Քինգ եւ այլք):
Փորձարարական հրաշալի գրականությունը… նույնպես ասպարեզից դանդաղորեն հեռանում է՝ ապրելով ինքն իր միայնության եւ ներքին ընթերցանության մեջ (Դեւիդ Ֆոսթեր Ուոլես, Դիմիտրիս Լիակոս, Ջիանինա Բրասկի): Սեղանի շուրջ, երբ խոսք է բացվում ֆրանսիական փորձարարական գրականությունից, գրեթե միշտ հնչում է «հոգնել ենք»-ը:Այսպիսով, համաշխարհային գրաշուկան իր սարսափեցնող ծավալով դառնում է գրականության խոստովանահայրն ու դատավճռողը: Եվ սրա արանքում դեռեւս գործող Շվեդական ակադեմիայի գրականության բնագավառի հանձնախմբի որոշումները՝ տարօրինակ, մասնահատուկ տրամաբանությամբ: 



Վերջին տարիներին Նոբելյան մրցանակ ստացած գրողներից միայն Վարգաս Լյոսայի անունն է ցնծությամբ դիմավորվել: Իսկ, ահա, Հերթա Մյուլերի, Լը Կլեզիոյի, Մո Յանի, Թոմաս Թրանսթրյոմերի, Ալիս Մունրոյի, հիմա էլ՝ Պատրիկ Մոդիանոյի մասին գրաշուկան սպառող բազմահազար ընթերցողներ առաջին անգամ լսում են Շվեդական ակադեմիայից եւ բուռն արձագանքներ տալիս ու հիմնականում՝ մերժման: Ուրեմն…



 



Մոդիանոն



 



Ծնվել է 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտից երկու ամիս անց: Նրա ծնողները ծանոթացել են 1942 թվականին՝ Ֆրանսիայի զինագրավման ժամանակ:
Անցյալի հետ միասին՝ զինագրավումը եւ դրա հետեւանքը դառնում են Մոդիանոյի գրականության գլխավոր ելակետերից: Շնորհելով մրցանակը՝ նոբելյան հանձնախումբը նշանավորում է այս հանգամանքը. «Հիշողության արվեստի համար, որով նա նկարագրել է մարդկային ամենաաներեւակայելի ճակատագրերը եւ բացահայտել կյանքը զինագրավման ընթացքում»: 70-80 ականներին Մոդիանոն սերտորեն համագործակցում է «Գալիմար» հրատարակչության հետ եւ տպագրում իր ինքնակենսագրական, դետեկտիվի ածանցներով փոքրածավալ վեպերը, որոնցից մի քանիսը հաջողությամբ էկրանացվում են, իսկ «Մութ կրպակների փողոցն» արժանանում է Գոնկուր մրցանակի: Մոդիանոյի ստեղծագործությունները թարգմանվել են բազում լեզուներով:
Առաջին անգամ նրա փոքր վեպերին ծանոթացել եմ ռուսերենով: 1984 թվականին լույս տեսած հատորի մեջ ներառված էին Մոդիանոյի բոլոր շատ թե քիչ հայտնի գործերը՝ «Դատավճռի մեղմացումը», «Մութ կրպակների փողոցը», «Կորուսյալ աշխարհը», «Օգոստոսյան կիրակիները»: Մեղմ տոնայնությամբ իր անցյալը փնտրող նույն հերոսի պատմությունը բոլոր գործերում, որ զուրկ է պրուստյան կորուսյալ ժամանակն ասեղնագործելու եւ վերակերտելու մտայնությունից: Մոդիանոյի պատմությունն ավելի շատ զինագրավման հետտրավմատիկ գիտակցության սահմանումն է՝ աղետից հետո շարունակվող տագնապը, որին խաղաղեցնելն անհնար է:
Նոբելյան մրցանակը Պատրիկ Մոդիանոյին շնորհելն այսօրվա համաշխարհային գրաշուկայի տրամաբանությունից դուրս է, քանի որ Մոդիանոն այդ շուկայի ակտիվ անդամներից չէ, որովհետեւ գրում է շուկային անհետաքրքիր խնդիրների մասին (անցյալ, հիշողություն, զինագրավում), գրում է ոչ շուկայական ծավալներով (վեպերը՝ 100-170 էջի սահմաններում), վերջապես հանրահռչակ չէ (նրան նույնիսկ չէին գտնում, որ հայտնեին մրցանակի մասին լուրը)… ուրեմն, ըստ գրաշուկայի, «մեծ» գրող չէ:



 



Վերջաբանի փոխարեն



 



Գեղեցկադեմ Պատրիկ Մոդիանոն, որ իր վեպերի կեսից ավելին ընծայել է փոքր տարիքում մահացած եղբորը՝ Ռուդիին:



Մոդիանոն, որ հետեւողականորեն, մեղմ տոնայնությամբ շարունակում է զինագրավման եւ անցյալի գրականությունը, ահա միայնակ կանգնած է ահռելի գրաշուկայի պարտության առջեւ: