Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք

Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում մեր այն հարցին, թե ով կդառնա փոխվարչապետ՝ Գագիկ Բեգլարյա՞նը, Գագիկ Խաչատրյա՞նը, թե՞ Վարդան Այվազյանը, նախ զարմացած մեզ հարցրեց․ «Դու՞ք եք որոշում»։ Հետո անկեղծացավ․ «Անկեղծ ասեմ՝ որևէ մեկի հետ ոչ մի հարց չեմ քննարկել»։ Նա ասաց նաև, որ իր համար նորություն է այն տեղեկությունը, թե Դաշնակցությունը հրավիրվել է կոալիցիա։




Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի՝ նախագահ դառնալու հավանականությանը, հարցրեցինք վարչապետից՝ կցանկանա՞ արդյոք, որ իր խնամի Գագիկ Ծառուկյանը դառնա ՀՀ նախագահ։




«Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք»,-արձագանքեց նա՝ ավելացնելով, որ կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել, քանի որ գործող նախագահը դեռ չորս տարի ունի աշխատելու։




Նա կոչ արեց խոսել մեր կառավարության, տնտեսության մասին, մեր ժողովրդի սոցիալական խնդիրների մասին։ Այս կոնտեքստում մեր այն դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ երկրում կառավարման ճգնաժամ կա, դրա համար էլ իշխանափոխություն են պահանջում, վարչապետն ասաց․ «Որտե՞ղ կա ճգնաժամ, կառավարմա՞ն։ Դուք տեսնու՞մ եք որևէ մի հարց, որը մենք չենք կարողանում կառավարել։ Մենք շատ լավ կառավարում ենք, դեռ նույնիսկ մենք փորձում ենք մեր լիազորությունները, մեր պոտենցիալը 100%-ով օգտագործել։ Եվ մենք առաջիկայում ավելի արդյունավետ ենք կառավարելու»։




Ամեն դեպքում՝ նա նշեց, որ իրենք այսօր հակված են առկա խնդիրներին լուծում տալ, որովհետև երկրում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ, որոնցից էլ ածանցվում է արտագաղթը, աղքատությունը։




«Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության ու արտագաղթի նվազեցմանը»,-ասաց Հ․ Աբրահամյանը։



 



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ