Իսկ եթե չունե՞ս ոչ մի ծրագիր

Իսկ եթե չունե՞ս ոչ մի ծրագիր

Խորհրդային ռեժիմի հնգամյա պլաններին եւ ծրագրերին այսօր տարօրինակ եւ տխուր մի օրինաչափությամբ հաջորդել է ծրագրայնության մի նոր տեսակ, որից անմասն չի մնում ոչ մի ոլորտ՝ գիտություն, կրթություն, արվեստ: Աջակցության որեւէ երաշխիք ունենալու համար պահանջվում է նախ պատասխանել գերագույն հարցին. «Իսկ դա ո՞ր ծրագրի մեջ է մտնում», կամ՝ «ծրագիր ունե՞ս»: Երբեմն ուղղակի ստիպված ես արձանագրել փաստը. անգամ եվրակառույցների կողմից նշանակալից գումարներ կարող են հատկացվել այլեւայլ թրեյնինգների, հանդիպումների, վարպետության դասերի, որոնց գերխնդիրն է՝ «ինչպե՞ս գրել ծրագիր», այն դեպքում, երբ ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում ներքին բովանդակության, ծագրի էության հարցը: Իսկ եթե չունե՞ս ոչ մի ծրագիր: Ասես պրեւերյան սիրված բանաստեղծության անողոք հակադարձումը. «Ինչպե՞ս նկարել թռչուն», եթե թռչունը վաղուց արդեն չկա:



«Ո՞րն է ձեր ծրագիրը»: Այս հարցին «Նաիրի» հրատարակչությունը պատասխանում է շատ պարզ. մի կերպ հեղինակին եւ ստեղծագործությանը փրկել ծրագրից: Ընտրել հեղինակին՝ ծրագրից առաջ: Դրա վկայությունն են թարգմանական գրականության դաշտում «Նաիրիի» վերջին տարիների հրատարակությունները. Ժերար դը Ներվալ, Իվ Բոնֆուա, Ժան Էշնոզ, Կլոդ Սիմոն:



Նոյեմբերի 3-ին Երեւանի Միրզոյան գրադարանում կայացավ Ժան Էշնոզի «14» եւ Կլոդ Սիմոնի «Ակացիան» վեպերի հայալեզու հրատարակությունների շնորհանդեսը: Գրքերը թարգմանվել եւ հրատարակվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, իհարկե, հերթական ծրագրի շրջանակներում, այն է՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին նվիրված միջոցառումները: Իր անկեղծ երախտագիտությունը հայտնելով Կարեն Միրզոյանին եւ Ֆրանսիայի դեսպանությանը՝ ի դեմս լեզվաբանական կցորդ Ֆաբիեն Նեյրայի՝ թարգմանչուհի Շուշանիկ Թամրազյանը նշեց, որ «Նաիրի» հրատարակչության համար սա առաջին հերթին 2 հեղինակի ընտրություն էր: Երկու ինքնատիպ եւ իրարից այնքան տարբեր ստեղծագործություններ: Կլոդ Սիմոնը ֆրանսիական եւ արեւմտաեվրոպական ժամանակակից արձակի անշրջանցելի դեմքերից է: 1985թ. վերջինիս շնորհված Նոբելյան մրցանակը կարող է մտածելու տեղիք տալ դրան հետեւած տասնամյակների որակական շարժի մասին, որտեղ շատ քիչ հուսադրող բան կա արվեստի, գրականության համար: «Ակացիան» վեպը, որտեղ Առաջին համաշխարհայինը մասամբ է միայն արծարծվում, ներքին ժամանակի եւ տարածության որոնում է՝ հավատարիմ պրուստյան բանաձեւին, որում խտանում են սիմոնյան արձակի առանցքային հարցադրումներն ու լեյտմոտիվները: Կլոդ Սիմոնն առաջին անգամ է թարգմանվում հայերեն: Ժան Էշնոզը մերօրյա ֆրանսիական վիպագրության ամենասպասված եւ ինքնատիպ հեղինակներից է: Իզուր չէ, որ ֆրանսիական գրական մամուլը նրան հռչակել է «ոճի կախարդ»: «14»-ը, որի վերնագիրն ինքնին հղում է Հյուգոյի «Իննսուներեքին», գլխավորապես անդրադառնում է պատերազմին՝ դրա անհավանական անհեթեթությունն ի ցույց դնելով:



Երկու ստեղծագործություն, որոնց լուսանցքներում մի շարք հարցեր են խտանում՝ ուղղված մերօրյա հայ ընթերցողին: «Լուսանցքային» այս հարցերն էր փորձել բարձրաձայնել թարգմանչուհի Շ. Թամրազյանն իր խոսքում:



Մագդա
ՍՏԵՓԱՆՅԱՆ