Քո երազանքների ԿԳՆ կայքը

Քո երազանքների ԿԳՆ կայքը

Ֆեյսբուքյան օգտատեր, շատ ինտերակտիվ Արմեն Աշոտյանը բոլոր «օնլայն շահառուներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին» երեկ տեղեկացրեց, որ կրթության եւ գիտության նախարարությունը մշակում է նախարարության նոր կայքի նախագիծը: «Առաջարկում եմ ներկայացնել իրենց նկատառումները եւ ցանկությունները` կայքի բովանդակությունը եւ կառուցվածքն առավել մատչելի եւ պրակտիկ դարձնելու համար»,- գրել է Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում:



«Ժառանգության» անդամ, դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանն էլ է մեկնաբանություն ավելացրել իր պատկերացրած ԿԳՆ կայքի մասին. «Հարգելի պարոն Աշոտյան, առաջարկում եմ կայքում ներառել նախարարության ենթակայության դպրոցների նախահաշիվները, հաստիքացուցակներն ու տարիֆիկացիաներում ներառված թվային տեղեկությունները: Քաղաքապետարանի կայքում արդեն դրված են այս տեղեկությունները իր ենթակայության դպրոցների վերաբերյալ: Լավ կլինի, որ քաղաքապետարանի այս փորձն օրինակ լինի հանրապետության բոլոր մարզերի կայքերի համար»:



Երեւի մի քանի տարի անց մեր նախարարության աշխատակիցները, նախարարները, քաղաքական գործիչներն ու պատգամավորներն այլեւս գործի չեն գնա, այլ Ֆեյսբուքում օրինագծեր կընդունեն, Ֆեյսբուքում կկռվեն, Ֆեյսբուքում ելույթներ կունենան, կոնֆերանսներ կանեն, եւ աշխատանքային օրն էլ կավարտվի այնտեղ: Հաշվի առնելով հանրային դեմքերի ՖԲ ակտիվացումը, այդ օրը սարերի հետեւում չէ։