Պատմությունը տարբեր ընթացք ունեցավ Գերմանիայում և Հայաստանում

Պատմությունը տարբեր ընթացք ունեցավ Գերմանիայում և Հայաստանում

Հարցազրույց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Ռեյներ Մորելի հետ



- Պրն դեսպան, շնորհակալություն այս հարցազրույցի համար: Դուք գիտեք՝ ես ցանկանում էի, որ հանդիպենք նոյեմբերի 9-10-ին՝ Բեռլինի պատի փլուզման 25-ամյա տարեդարձին: Այդուհանդերձ, հանդիպեցինք այսօր, եւ առավոտյան լսեցի, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին էլ տոնվում է նախկին Չեխոսլովակիայի «թավշյա հեղափոխության» 25-ամյակը…



- Այո, այս տարին ընդհանրապես լի է կարեւոր տարեդարձներով: Ոչ միայն նախկին սոցիալիստական երկրներում կոմունիստական ռեժիմների փլուզման տարեդարձներն ենք նշում: Այս տարի Եվրոպան (եթե ոչ` ողջ աշխարհը) նաեւ հիշում է Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Իմիջիայլոց, այստեղ՝ Հայաստանում, մենք Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ մի շարք հանրային միջոցառումներ ենք կազմակերպել` նվիրված 100 տարի առաջ պատերազմի բռնկմանը, որպեսզի հիշենք եւ երիտասարդ սերնդի հետ զրուցենք, քննարկենք այդ իրադարձությունները: Նաեւ նոյեմբերի սկզբին մենք ավանդաբար նշում ենք Հիշատակի օրը: Այդ օրը հարգանքի տուրք ենք մատուցում երկու համաշխարհային պատերազմների բոլոր զոհերին եւ բոլոր այն մարդկանց հիշատակին, որոնք դարձան Գերմանիայում իշխած նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի զոհերը երկրի ներսում եւ ամբողջ Եվրոպայում: Այստեղ՝ Երեւանում, այդ օրը նշեցինք գերմանական գերեզմանատուն այցելելով:



- Երեւանում կա գերմանական գերեզմանատո՞ւն…



- Այո, կա, դա փոքր գերեզմանատուն է՝ Քանաքեռ համայնքում: Եվս մի գերմանական գերեզմանատուն կա երկրի հարավում եւ ուրիշ մեկն էլ՝ Գյումրիում։



- Ենթադրում եմ՝ այդ շիրիմներում ննջում են գերմանացի զինվորները, որոնք գերի են ընկել Խորհրդային Միությանը՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Ես հիշում եմ, ինձ շատ փոքր տարիքից պատմել են, որ գերմանացի զինվորները, որպես պատերազմի բանտարկյալներ, մասնակցել են Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու եւ նույնանուն կամրջի կառուցմանը: Ինչեւէ, շարժվելով դեպի ավելի մոտ ժամանակներ, կարո՞ղ եմ հարցնել. Դուք անձամբ որտե՞ղ էիք 1989-ի նոյեմբերի 9-ին եւ ի՞նչ զգացումներ, խոհեր ունեիք այդ օրը:



- Երբ Բեռլինի պատը վերջապես քանդվեց, ես աշխատում էի Արեւմտյան Աֆրիկայում, Տոգոյում Գերմանիայի դեսպանատանը: Իհարկե, մենք ցնծում էինք ուրախությունից եւ դժվարությամբ էինք հավատում այդ լուրին: Երբ քո երկիրը մասնատված է 44 տարի, եւ հանկարծ նման շրջադարձ է պատահում, իհարկե, դա նման է հրաշքի: Եվ իրոք էլ դա հրաշք էր:
Անշուշտ, մենք անձնապես շատ էինք ցավում, որ այդ պատմական պահին ինքներս Բեռլինում եւ այն վայրերում չէինք, որտեղ բոլոր այդ իրադարձություններն էին ծավալվում, եւ երջանկության զգացումներն էին թեւածում: Բայց կինս այս տարի որոշեց, որ անպատճառ Բեռլինում է լինելու, եւ մեկնեց ու մասնակցեց գոնե Պատի փլուզման 25-ամյա տարեդարձի տոնակատարություններին եւ բոլոր այդ հաճելի հիշողության ակնթարթներին:



- Կարծում եմ՝ Ձեր կինը շատ ճիշտ է վարվել: Իսկ անձամբ Դուք այսօր ինչպե՞ս եք գնահատում Բեռլինի պատի փլուզման կարեւորությունը 25 տարվա հեռավորությունից:



- Ամենից առաջ, իհարկե, մենք մեծ թեթեւություն ապրեցինք, որ Պատի փլուզումը 1989-ին տեղի ունեցավ առանց զոհերի: Այդ ամենն սկզբնավորվել էր որոշ ժամանակ առաջ` խաղաղ, քաղաքացիական շարժումով, երբ մարդիկ պարբերաբար ցույցի էին դուրս գալիս Լայպցիգում, նախկին ԳԴՀ-ի այլ քաղաքներում` վանկարկելով. «Ժողովուրդը մենք ենք»: Եվ որքան ավելի մարդ էր միանում այդ ցույցերին, այնքան կոմունիստական իշխանության համար դժվար էր դառնում նրանց բոլորին փողոցներից հեռացնելը: Այս իրադարձություների հետեւանքում փոխվեց Արեւելյան Եվրոպայի քարտեզը, եւ սկսվեց ԽՍՀՄ փլուզումը: Խորհրդային Միության այլ երկրներ հետեւեցին Արեւելյան Եվրոպայի օրինակին եւ դարձան անկախ:
Այդ ժամանակ բոլորս գիտակցում էինք, որ իրապես պատմական ժամանակներում ենք ապրում: Եվ, իհարկե, մենք երախտապարտ ենք պրն Գորբաչովին՝ այն ժամանակվա ԽՍՀՄ առաջնորդին, որ նա թույլ տվեց այդ ամենը պատահի: Դրա համար էլ նա նախկինում էլ եւ այսօր էլ չափազանց հարգված անձ է Գերմանիայում: Նա այս տարի էլ հրավիրված էր Բեռլին՝ մասնակցելու տոնակատարություններին, եւ ժամանեց ու մասնակցեց:



- Հուսով եմ՝ ինձ թույլ կտաք չհամաձայնել Ձեր մտքին, թե Բեռլինի պատի փլուզումն էր ԽՍՀՄ կազմաքանդման սկիզբը: Հավատացեք, այդ սկիզբը շուրջ մեկեւկես տարի առաջ էր, 1988-ի փետրվարին, երբ ողջ Հայաստանը կաթվածահար եղավ գործադուլներից, եւ հարյուր հազարավոր մարդիկ ցույցերի դուրս եկան Երեւանի կենտրոնում: Այդ թեմային կանդրադառնանք, բայց նախ` դուք Գերմանիայում, Բեռլինի պատի փլուզումից հետո ակնկալո՞ւմ էիք, որ երկիրն այդքան արագ կվերամիավորվի:



- Իհարկե ոչ: Այն ժամանակ իրոք արտառոց իրավիճակ էր, եւ ոչ ոք որոշակիորեն պատկերացում չուներ, թե հաջորդիվ ինչ կպատահի. արդյո՞ք դեպքերը կզարգանան Խորհրդային Միությունում ավելի մեծ ժողովրդավարության եւ բարեփոխումների ուղղությամբ, թե՞ քաղաքականության հին խորհրդային դրվածքները նորից կգերիշխեն:
Այդ իրավիճակում, ես կարծում եմ, կանցլեր Հելմուտ Կոլը որոշիչ դեր խաղաց: Մինչ շատ քաղաքական գործիչներ եւ շարքային քաղաքացիներ ընդամենը խորհում էին կամ քննարկում հնարավոր վերամիավորման թեր ու դեմ կողմերը, կանցլեր Կոլն ուղղակի որոշեց, որ քանի դեռ հանգամանքներն ու զարգացումները նման հնարավորություն են ընձեռում, պետք է լիովին զբաղվել վերամիավորման գործընթացով եւ այն ավարտին հասցնել: Ո՞վ կարող էր իմանալ, թե ապագայում իրադարձություններն ինչ շրջադարձեր կունենան, հետեւաբար, նա կատարելապես ճիշտ էր, որ որքան հնարավոր է արագ իրագործեց վերամիավորումը` չնայելով ոչ տատանվող մարդկանց, ոչ էլ անգամ վերամիավորման դեմ հնչող որոշ ձայներին:
Եվ, իհարկե, Գերմանիայի վերամիավորումը, Արեւելյան Եվրոպայում կոմունիստական ռեժիմների փլուզումն ստեղծեցին փոխհարաբերությունների նոր մեկնարկ մայրցամաքում: Դրա արդյունքում Եվրամիությանը որոշ նոր անդամներ միացան, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեծապես փոխվեցին եւ ավելի բարեկամական դարձան: Ինչպես գիտեք, Ռուսաստանին մենք առաջարկեցինք աջակցություն երկրի արդիականացման գործում:



- Այո, եւ այդ ամենի համար անվերջ շնորհակալություն պետք է ասվի պրն Գորբաչովին եւ պրն Կոլին: Իսկ վերադառնալով Ղարաբաղյան շարժմանը, որը 1988-ին իրապես պայթյուն էր գոնե ԽՍՀՄ-ի ներսում, Դուք ի՞նչ մտքեր կամ զգացումներ եք ունեցել, երբ տեսնում էիք երեւանյան ցույցերի պատկերները:



- Իրականում ես Ղարաբաղյան շարժման եւ այդ ժամանակ Երեւանում ծավալված իրադարձություների մասին տեղեկացա 1988-ից շատ ավելի ուշ: Այդ ժամանակ, ինչպես ասացի, ես ծառայում էի Արեւմտյան Աֆրիկայում՝ Տոգոյում Գերմանիայի դեսպանատանը: Իսկ 20-րդ դարի վերջերին դեռ հաղորդակցության միջոցներն այդքան զարգացած չէին, որքան այսօր. չկային ոչ համացանց, ոչ միջազգային հեռուստաընկերություններ, եվրոպական մամուլն էլ Արեւմտյան Աֆրիկա էր հասնում շատ դանդաղ, երբեմն էլ` ընդհանրապես չէր հասնում: Հետեւաբար, ես Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին տեղեկացա շատ ավելի ուշ, երբ 1991-ին նոր նշանակում ստացա Հունաստանում եւ կրկին վերադարձա Եվրոպա: Այդ ժամանակ ես ընդհանրապես Եվրոպան գտա շատ փոխված:



Եվրոպա վերադառնալուց հետո արդեն իմացա, որ գերմանական լրատվամիջոցները, մամուլը, Der Spiegel-ը, մյուսները 1988-ին հաղորդել են հայաստանյան իրադարձությունների մասին: Ես տեղեկացա, որ դա վիթխարի շարժում է եղել: Եվ այստեղ էլ, ինչպես Արեւելյան Գերմանիայում, մարդիկ էին, որ դուրս եկան փողոց ու հայտարարեցին, թե «ժողովուրդը մենք ենք», եւ վերամիավորման, ավելի ճիշտ` միավորման իրենց ձգտումը բարձրաձայնեցին: Պարզապես նույն ձգտումների պատասխանը եւ արդյունքը Գերմանիայում ու Հայաստանում տարբեր եղան:



- Այո, պատմությունը տարբեր ընթացք ունեցավ: Պրն դեսպան, Դուք Հայաստանում եք գրեթե երկու տարի եւ ի՞նչ եք մտածում Հայաստանի նվաճումների ու ձախողումների մասին, որոնք եղել են անկախության այս երկուեւկես տասնամյակների ընթացքում:



- Ես կարծում եմ՝ Հայաստանը շատ բանի է հասել վերջին 25 տարում: Եվ դուք դա ավելի լավ պետք է իմանաք, քան մենք` օտարերկրացիներս: Ես հասկանում եմ՝ երիտասարդները դատում են այն օրվա կտրվածքով, որում իրենք ապրում են, եւ, իհարկե, ամենուր նրանք այդ օրվանից այնքան էլ գոհ չեն եւ հանգում են եզրակացության, որ ընդհանրապես ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Բայց իրականությունն այլ է:



Դուք պետք է ընդունեք, որ այսօրվա Հայաստանը ժամանակակից պետություն է եւ լիարժեքորեն ինտեգրված է միջազգային հանրությանը: Հայաստանը միացել է տարբեր միջազգային կառույցների, ինչպես ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը եւ այլն: Եվ Հայաստանը ներդրում ունի աշխարհում: Հենց այս օրերին հայկական կողմը ՆԱՏՕ-ի շաբաթ էր կազմակերպել, մենք կրկին վերհիշեցինք բոլոր այն հանձնառությունները, որ Հայաստանն ստանձնել է եւ այսօր էլ իրականացնում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում` ի շահ աշխարհի այլ ժողովուրդների: Որպես օրինակ, կարող եք վերցնել մեր հայ-գերմանական համագործակցությունը ISAF եւ AFG առաքելություններում, Հյուսիսային հրամանատարության սեկտորի շրջանակներում:



Երկրի ներսում դուք հասել եք երկրի տնտեսության վերականգնման, որն ավերվել էր պատերազմի արդյունքում: Այո, դեռ կան դժվարություններ, բայց հիշեք, թե ինչ դրությունից է երկիրը մեկնարկ վերցրել 1991-ին: Դրանից հետո արդեն պետք է արժանին մատուցել երկիրը վերակառուցելու հսկայական ջանքերին: Ձեր տնտեսությունը մեկնարկ վերցրեց ցածրագույն շեմից եւ ունեցավ աճի բարձր տեմպեր:



Շարունակելի