ԵՏՄ անդամակցության տապալումը. Հետհաշվարկ` օր 2

ԵՏՄ անդամակցության տապալումը. Հետհաշվարկ` օր 2

Երեկ ամեն ինչ հրաշալի էր Հայաստանի` ԵՏՄ անդամակցության տապալման տեսակետից` ընդսմին ոչ միայն Ղազախստանում եւ Բելառուսում:
Ղազախստանում երեկ եւ այսօր տոնում են Անկախության օրը, հետեւաբար այսօր էլ չի աշխատում երկրի խորհրդարանը, եւ Մեջլիսը նիստ չի գումարում: Դա ինքնաբերաբար նշանակում է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի շրջանառության մեջ դրվելը հետաձգվում է հաջորդ շաբաթվան: Դեկտեմբերի 24-ին կկայանա Մեջլիսի վերջին նիստը ընթացիկ տարում, որի ընթացքում հնարավոր է Հայաստանի պայմանագիրը դրվի շրջանառության մեջ: Դրանից հետո մինչեւ տարեվերջ այլեւս չի լինի ոչ նիստ, ոչ քննարկում, ոչ էլ վավերացում նույնիսկ Մեջլիսում, դեռ Սենատը մի կողմ թողած:



Բելառուսում Ղազախստանից էլ բարենպաստ իրադրություն է պայմանագրի տապալման տեսակետից: Երեկ էլ Հայաստանի պայմանագիրը չներկայացվեց Բելառուսի խորհրդարան: Համենայն դեպս ստորին` Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարցերի հանձնաժողովում պայմանագրի ստացման մասին չկար հաղորդում: Իսկ այսօր Ներկայացուցիչների պալատը գումարում է լիագումար նիստ: Արդյոք սա վերջի՞նն է տարվա ընթացքում, թե՞ վերջին նիստը կգումարվի ուրբաթ, դեկտեմբերի 19-ին, կիմացվի այսօր: Ամեն դեպքում դեկտեմբերի 19-ին սահմանադրականորեն կավարտվի Բելառուսի խորհրդարանի նստաշրջանը եւ այլեւս չի լինի ոչ մի նիստ մինչեւ տարեվերջ:



Իսկ 2015-ի հունվարի 1-ից հետո, ինչպես առիթ ունեցել ենք ասելու` Հայաստանի պայմանագիրը կհակասի գործողության մեջ մտած ԵՏՄ պայմանագրին, այդքանով էլ ենթակա չի լինի վավերացման: Ինչու եւ ինչպես` կներկայանենք դեկտեմբերի 19-ին, բացատրելով Հայաստանի պայմանագրի բախումը բուն ԵՏՄ պայմանագրի 2-րդ եւ 108-րդ հոդվածների հետ: Բայց նախ թող բարեհաջող հասնենք դեկտեմբերի 19-ին եւ պայմանագրի անդարձելի տապալումը արձանագրենք: 



Ի միջի այլոց Բելառուսում Հայաստանի պայմանագրի չվավերացվելը որքան էլ մեզ համար առաջնային լինի, էլ ավելի ուշագրավ է այն, թե ինչ է կատարվում ռուս-բելառուսական հարաբերություններում ընդհանրապես: Իբրեւ դափնեպսակ Ռուսաստանի մասին վերջին օրերին արած բոլոր իր սկանդալային հայտարարությունների, երեկ էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ ըստ էության խոսել Ռուսաստանի հետ հնարավոր հիբրիդային պատերազմի մասին: Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը թող միայն փորձի սադրանքի դիմել եւ ռազմական գործողություններ սկսել, չնայած միջուկային զենք չունենալուն` Բելառուսը բավարար զինուժ եւ ռազմական հզորություն ունի հակահարված հասցնելու: “Մեզ վրա սրով եկողը, ինքը սրից կընկնի”, հայտարարել է Լուկաշենկոն:



Ռուսաստանն իր հերթին երեկ համաշխարհային ֆինասական newsmaker էր դարձել: Մեկ դոլարը երեկ դարձավ 80 ռուբլի, մեկ եվրոն 100 ռուբլի: Տնտեսագետները խոսում են տնտեսական դեֆոլտի մասին, քանի որ ընդամենը հոկտեմբերին դոլարի 40 ռուբլի դառնալը համարում էին անկում: Այժմ ռուբլին այնպես գահավիժեց, որ ցարական Ռուսաստանի կործանման տարեթվի` 1917-ի 72 ռուբլին 1 դոլարի դիմաց պատմական վերջնագիծն էլ հատեց: Ի դեպ երեկ ռուսական ռուբլու փլուզմանը հետեւած ցնցումներ արձանագրվեցին նաեւ Հայասատանում, դոլարի փոխարժեքի թռիչքաձեւ բարձրացումով:
Կողմնակի հայացքով էլ տեսանելի է, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձանում է, որովհետեւ դատարկ թղթի վերածվող ռուսական ռուբլու զանգվածը լցվում է Հայաստան եւ փոխանակվում արտարժույթի: Մնում է հարցը` ինչո՞ւ Հայաստանի ֆինանսական իշխանությունները ռուբլու փոխարժեքը չեն սահմանում այնքան ցածր, որ անիմաստ դառնա ռուբլին Հայաստան ներկրելը եւ այստեղ արտարժույթի վերածելը: Փոխարեն ռուբլու կուրսը իջեցնելու` դոլարի կամ եվրոյի կուրսը բարձրացնելո՞վ են հավասարակշռություն ապահովում:



Ինչեւէ, մինչ ռուսական ռուբլին ամեն հավասարակշռություն կորցրած գահավիժում է, նախագահ Պուտինը կարծես սթափվելու նշաններ է ցույց տալիս: Ամեն դեպքում Դոնբասում ռազմական գործողությունները վերջապես դադարել են եւ կիրակի օրվա Քերրի-Լավրով հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ երկրի դաշնայնացման կամ ներքին կառուցվածքին առնչվող որեւէ պահանջ չի ներկայացնում: Այլ կերպ ասած, Ռուսաստանը վերջապես պոչերը հավաքում է Ուկրաինայից:



Այդուհանդերձ, որպեսզի Ռուսաստանում չկարծեն, թե մեծ գործ են անում միջազգային իրավունքի ոտնահարումները դադարեցնելով, ԱՄՆ սենատը շաբաթ օրը ընդունեց Ուկրաինային ռազմական աջակցության եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը` The Ukraine Freedom Support Act: Երեկ էլ հայտնի դարձավ, որ նախագահ Օբաման այս շաբաթ օրինագծը կստորագրի: Այն ըստ էության նախատեսում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի նույնպիսի փլուզում, ինչպիսին մինչ այժմ պատահեց Ռուսաստանի ֆինանսական համակարգի եւ էներգետիկ սեկտորի հետ: