100 տարի անցնի, թե 200, միևնույն է՝ թուրքը չի փոխվելու

100 տարի անցնի, թե 200, միևնույն է՝ թուրքը չի փոխվելու

Ճշմարիտն ասած` ինձ ապշեցնում է այն, որ ինչքան ապրիլյան օրերը մոտենում են, ձնագնդի նման ավելանում է նաեւ հայ-թուրքական բարյացակամ հարաբերությունների ջատագովների թիվը: Արդեն մի քանի տարի է, ինչ ջանասիրաբար տարբեր ծրագրերով դեսից-դենից ստացվող գրանտների շնորհիվ զարմանազան ենթատեքստերով գրքեր են հրատարակվում եւ ֆիլմեր նկարահանվում: Ավելին, Երեւանի հեղինակավոր կինոփառատոներում մեկ անգամ չէ, որ թուրք ռեժիսորը մրցանակ է ստանում (նույնիսկ չբարեհաճելով այդ մրցանակն ստանալ):



Ասենք, նրանց համար կարեւորը հո մրցանակն առձեռն ստանա՞լը չէ, այլ այն, որ աշխարհով մեկ մամուլը կթմբկահարի, թե տեսեք` հայի ու թուրքի միջեւ ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ են ձեւավորվում: Իսկ դուք` եղեռն, ճանաչում, հատուցում… Ինչպիսի՜ մարդասիրություն, անգամ եղեռագործի եւ զոհերի թոռներն են բարեկամանում եւ հերթական ֆիլմի նյութ դառնում: «Խեղճ թուրք մտավորականներ», նրանք իրենց կյանքը վտանգելով՝ «ցեղասպանություն» բառն են օգտագործում, իսկ մենք դեռ մի բան էլ դժգոհում ենք: Դե ոչինչ, որ այս թուրք մտավորականը հայ վրիժառուներին «յառլիկներ» (պիտակներ) է կպցնում: Իսկ գուցե նա «չգիտի՞», որ հայ վրիժառուներն ընդամենը Թալեաթի, Էնվերի, Ջեմալի եւ մյուսների վերաբերյալ թուրքական դատարանի 1915 թվականի հուլիսի 5-ի վճիռն են իրագործել: Նրանք, որպես եղեռնի հանցագործներ, սկզբում մահապատժի են դատապարտվել, բայց հետո փախցվել են, թե գնացեք որ երկիր ուզում եք, առոք-փառոք ապրեք:



Միայն զարմանալ կարելի է, որ թուրք մտավորականը Հայաստանում Բաքվի քաղաքականությունն է բարձրաձայնում՝ ասելով, թե էս հայերը Ադրբեջանի 20%-ը (Ղարաբաղն էլ մեջը) բռնագրավել են, իսկ մենք նույնիսկ չենք էլ թողնում, որ նրան մի հարց տանք, թե «где Кура, где твой дом?»: Թուրքերը, սկսած 1898-1920 թվականներից, Արեւմտյան Հայաստանի բնաջնջման հարցերը լուծեցին, հիմա էլ մեկ-մեկ «ցեղասպանություն» բառն օգտագործելով ու մեզ սիրաշահելով, պահանջատիրության հարցն են տակով անում: Դեռ մի բան էլ իրենք են նախահարձակ… Ու այդ բոլորի համար լավ հարթակ են ծառայում մշակութային կապերն ու մարդկանց հիշողության իմունիտետից զրկելը: Եվ ինչի՞ց սկսել, եթե ոչ մշակութային կապերից: Էհ, ի՞նչ վտանգ կա, որ… Ի՞նչ ասեմ, նրանք 70 միլիոն են, իսկ մենք՝ 3,5 միլիոնանոց մի փոքրիկ երկիր:



Փոխվել է դարը, փոխվել է նաեւ նրանց մարտավարությունը: 21-րդ դարում թուրքերն աստիճանաբար դեմոգրաֆիկ փոփոխությամբ արդեն իսկ գրավում են չբեր Եվրոպան, իսկ Ադրբեջանը` քրիստոնյա Վրաստանը: Հայերս բաժանարար մի սեպ ենք տասնամյակներով փայփայած նրանց թուրքական կայսրության վերականգնման ճանապարհին: Հատկապես որ միատարր ազգ ենք: Եվ մեզանից ինչքան շուտ ազատվեն, այնքան լավ: Ահա քաղաքական Թուրքիայի հայտնի ծրագիրը: Իսկ դրա ամենակարճ ճանապարհը նաեւ մշակույթներն իրար խառնելն է: Դրա համար ժամանակակից Թուրքիան կերպարանափոխվել է` իր զինանոցից յաթաղանը, բռնությունը փոխանցել է իր եղբայր Ադրբեջանին, իսկ «բարեկամության պատվիրանն» իրեն է թողել:



Իզուր չէ մեր հարեւանի հասցեին Էրդողանի հնչեցրած հայտնի խոսքը. «Մենք մեկ ազգ ենք, երկու տարբեր պետություն»: Ամեն գնով տիրանալու, բնաջնջելու գաղափարը նրանց գենի ու արյան մեջ է: Այսօրվա մեր որոշ դյուրահավատների պես Գրիգոր Զոհրապն էլ չէր հավատում, որ երիտթուրքերը հայերին բնաջնջելու ծրագիր են մշակել, ու մինչեւ 1915-ի իր վերջին օրը Թալեաթի հետ նարդի էր խաղում: Հիմա նարդու խաղը թագուհին հանած շախմատի խաղ է հիշեցնում (փոքր հասակում հաճախ էինք այդպես խաղում): Անցել է 100 տարի, ոչ մի եզրահանգում, ոչ մի դաս չենք քաղում պատմական անցյալից: Թուրքը նորից մեր ձեռքով կրակից շագանակ է հանում: Այս անգամ՝ իրենց մի քանի մտավորականների (գուցեեւ` ազնիվ) օգնությամբ: Ի՞նչ է եղել, որ… թող մեկ-երկու անգամ էլ «ցեղասպանություն» բառը հնչեցնեն, իսկ Թուրքիայի նույնիսկ հայկական վարժարաններում ճիշտ հակառակն են դասավանդում:



Ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի է, կամ ուզում եմ հասկանալ մեր դիվանագիտության մանեւրելու քաղաքականությունը: Բայց դա էլ պիտի իր չափն ու սահմանն ունենա… Էլ չասեմ, որ նաեւ այն հանգամանքն է նպաստում, որ մեր մշակույթի որոշ գործիչներ իրենց ստեղծագործություններում դրսից պաս տված բարեկամության հուզաթաթախ կոչեր են հնչեցնում: Ավելին, այսօր արդեն ֆիլմեր ունենք, որտեղ ենթատեքստով եղեռնագործի եւ զոհի նժարներն են հավասարեցված: Մշակված մեթոդ է, գրականության, կինոյի, պատմության միջոցով մեզ վեճի ու վիճաբանության մեջ ներքաշել եւ հետո այդ ամենը շրջված օգտագործել մեր դեմ: Դե, մենք դասեր քաղելու ժամանակ չունենք:



Այսօր Միջին Արեւելքը բռնկված է մուսուլմանական պետություն ստեղծելու տենդով, որը ոչ այլ ինչ է, քան Օսմանյան կայսրության վերականգնման սկիզբ: Եվ այդ ամենը՝ ժամանակակից Թուրքիայի օժանդակությամբ: Աշխարհի առջեւ օրը ցերեկով Էրդողանն իբրեւ թե 40 թուրք գերիների ազատման փրկագին է տալիս ու այդ պատրվակով 40 տանկ ուղարկեց նրանց: Նույն Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ ցեղասպանությունից հետո Իրաքի, Լիբանանի, Սիրիայի տասնամյակներով ստեղծված հայկական հզոր գաղթօջախները 100-ամյակի նախաշեմին նոր կոտորածների ու փախեփախի թիրախ են դարձել: Եվ այդ նույն ժամանակ Էրդողանը կիսատ-պռատ ներողություն է խնդրում եղեռնի նահատակների թոռներից: Ինչպիսի՜ «զոհաբերություն»:



Այսպես է նրանց նորօրյա դիվանագիտությունը: Ու դեռ համաշխարհային մամուլը կարծիքներ է հնչեցնում, թե հայեր, էլ ի՞նչ եք ուզում, Էրդողանը ներողություն խնդրեց: Մի կողմից` ներողություն, մյուս կողմից` ուրիշի ձեռքերով Արեւելքի հայկական գաղթօջախների ավերում: Հիմա էլ Թուրքիայում 2-3 միլիոն ծպտյալ հայերի գաղափարն է շրջանառվում, կամ էսինչ ղեկավարի մայրը հայ է, էնինչինը հայ է: Էրդողանն իրեն նոր օգնական հայի է նշանակել: Ցեղասպանությունից առաջ էլ Թուրքիայում արվեստի, ճարտարապետության, գիտության բնագավառներում հազարավոր հայեր ենք ունեցել, այն էլ ոչ թե ծպտյալ, այլ՝ բացահայտ: Հետո՞ ինչ: Թուրքիայի տնտեսությունն ու մշակույթը շենացնողը մշտապես հայերն են եղել: Հետո՞ ինչ...



Օրինական հարց, վե՞րջը… Առանց պահանջատիրության մենք ոչ միայն դեմ պիտի լինենք հայ-թուրքական սահմանի բացմանը, այլ նաեւ դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում Երեւանում թուրքական դրոշի բարձրացմանն անգամ: Ինչո՞ւ: Որովհետեւ 100 տարի էլ անցնի, 200 էլ, միեւնույն է, թուրքը չի փոխվելու: Դա ես չեմ ասում, այլ մեր ժողովրդի իմաստնությունն ու պատմության անցած ճանապարհը…




Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ