Աշոտյանի խորհուրդը՝ սպասեք աշնանը ճտերին կհաշվեք

Աշոտյանի խորհուրդը՝ սպասեք աշնանը ճտերին կհաշվեք

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդ դասախոսներին խորհուրդ է տալիս սպասել մինչև աշուն և նոր ճտերին հաշվել։ Նա վստահ է, որ մինչև դեկտեմբերի 25-ը Մայր բուհը, Բժշկական, Ճարտարապետաշինարարական և Ճարտարագիտական համալսարանները կհասցնեն փոխել կարգավիճակները և ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալ՝ այդպիսով հնարավորություն տալով այդ բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներին հրաժարվել սոցիալական պարտադիր վճարներից։ Հարցին, արդա՞ր մոտեցում է արդյոք 16 բուհից առանձնացնել միայն 4-ը, և այդպիսով փորձել մասնակիորեն լուծել միայն դրանցում դասավանդող դասախոսների հարցը, Աշոտյանը պատասխանեց՝ թե իրենց հաշվարկների համաձայն համատեղությամբ բուհում և մասնավոր սեկտորում աշխատող ամենաշատ դասախոսները ԵՊՀ-ում, պոլիտեխնիկում և բժշկականում են։
Նախարարը հույս ունի, որ բուհերի մյուս դասախոսները ջենտլմենությունից դրդված չեն հրաժարվի սոցիալական վճարներից։ Նախարարի վստահությունը և հանգստությունը չի փոխանցվել բուհերում աշխատող դասախոսներին,  ինչպես դասախոսներն են ասում ամեն ինչ իրար է խառնվել և խառնաշփոթ է ստեղծվել։ «Այս պահին որևէ բան հստակ չէ, քանի որ վերջնականապես ամեն ինչ իրար են  խառնել»,-ասաց Սլավոնական համալսարանի դասախոս Սուրեն էյրմաջյանը։ Բուհերը հիմնադրամ դառնալով Սուրենը կարծում է, որ խնդիրը մասնակի կվերանա․ «Ֆոնդերի հետ կապված փոքրիկ հույս կա, բայց նորից ժամկենտների հետ կապված խնդիրներ են առաջանում։Մի շարք այլ խնդիրներ են առաջ գալիս, նախարարությունը խնդրին մասնակի լուծում է տալիս, բայց դե ինչ արած երևի առանց խտրականության չեն կարող խնդիրը լուծել»,-ասաց Սուրենը։ Վերջինս տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին Ֆինանսների նախարարությանը և Կառավարությանը հասցեագրված նամակը մինչ օրս անպատասխան է մնացել, բայց իրենք իրենց պայքարը շարունակելու են և պահանջելու են, ԲՈւՀ-երին և գիտահետազոտական ինստիտուտի դասախոսներին տալ հնարավորություն ամբողջովին հրաժարվել պարտադիր վճարներից։ «Կրթությունն ու գիտությունը կարևորագույն ճյուղերից են պետականության համար, ուստի չպետք է ոչ մի կերպ այն վտանգել»։