Հայաստանն աքսորավայր է և ազատ գոտի՝ վարկաբեկված ռուս պաշտոնյաների համար

Հայաստանն աքսորավայր է և ազատ գոտի՝ վարկաբեկված ռուս պաշտոնյաների համար

«Հայ-ռուսական համագործակցության» առնվազն վերջին տասնամյակի փորձն ապացուցում է, որ օրինազանց զինծառայող, ռուսական բանակից մի քանի անգամ փախուստի փորձ կատարած, հետն էլ մանր-մունր զանցանքների համար իրավապահների ուշադրությանն արժանացած զինծառայող Պերմյակովը, որին որպես պատիժ ծառայության են ուղարկել Գյումրի, բացառություն չէ: Հայաստան աշխատանքի են նշանակվել ռուսական պաշտոնական «պերսոնալի» ամենաանհաջող կադրերը, նրանք, ովքեր տարատեսակ խախտումների համար հեռացվել են Ռուսաստանի պետական մարմիններից եւ աքսորվել մեր խեղճ ու կրակ «գուբերնիան»:



Նրանց թվում էր, օրինակ, ազգությամբ թաթար (ինչպես եւ Պերմյակովը՝ Ս.Ս.) «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, որը ղեկավարում էր երկաթուղին 2008 թվականից: Հայաստանում նրա PR բաժինը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Շայդուլինը փորձառու կառավարիչ է, մինչդեռ ժամանակին մամուլում տեղեկություններ հայտնվեցին ռուսաստանյան այս պաշտոնյայի՝ ահաբեկիչների հետ կապերի մասին: Մինչ Հայաստան գալը նա Սվերդլովյան երկաթուղու ղեկավարն էր եւ պաշտոնից հեռացվեց 2007 թվականի մարտին տեղի ունեցած խոշոր վթարներից հետո: Իսկ 2005-ին նրա ղեկավարած հիմնարկում 1 մլրդ 666 հազար ռուբլու վնաս էր հայտնաբերվել, եւ ահա այս «փայլուն գործիչը» եւ «ուժեղ կառավարիչը» «աքսորվեց» Հայաստան, որից հետո սկսեց «քցել» հայ գործարարներին:



Ոչ պակաս «փայլուն» աշխատանքային կենսագրություն ունի նաեւ Եվգենի Գլադունչիկը, որը 2002-2011թթ. գլխավորում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, եւ որի դեմ 2006 թվականին վերջինիս գլխամասային ընկերության՝ ԻՆՏԵՌ ՌԱՕ-ի ղեկավարության պահանջով քրեական գործ հարուցվեց: Խոսքը ֆինանսական չարաշահումների մասին էր: Հետագայում այն կարճվեց, սակայն Գլադունչիկին, այնուամենայնիվ, հեռացրին «ցանցերից»: Նրա հաջորդի՝ «ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի օրոք բացահայտվեցին Գլադունչիկի օրոք ստեղծված ֆինանսական մախինացիաների սխեմաները: «Ցանցերում» իրավապահներն ստուգումներ սկսեցին, եւ «ՀԷՑ»-ի ու վերջինիս հետ համագործակցող ընկերությունների միջեւ կեղտոտ գործարքների հետքեր հայտնաբերվեցին: Այդ գործարքների հետեւանքով 2009-2011 թվականներին հայկական էլցանցերից մոտ 30 մլն դոլար էր դուրս բերվել՝ տարատեսակ կոռուպցիոն սխեմաներով: Բայց քննությունը մնաց անհետեւանք: Գլադունչիկը կրկին չոր դուրս եկավ ջրից: Իսկ Բիբինը կադրային կրճատումների սկանդալի մեջ հայտնվեց ու ՀԷՑ աշխատակիցների բողոքի թիրախը դարձավ:



Հաջորդ հեղինակազրկված պաշտոնյան, որին ուղարկեցին Հայաստան, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էր: Նրա նշանակումը նույնպես պատժի յուրահատուկ ձեւ էր: Մինչ այդ նա դեսպանի առաքելություն էր իրականացնում Վրաստանում, որտեղ դիվանագիտական մեծ սկանդալի մեջ ընկավ: 2007 թվականին, երբ Ռուսաստանն օգնում էր վրացական ընդդիմությանը՝ նախագահ Սահակաշվիլու դեմ ցույցեր կազմակերպել, Վրաստանի իշխանությունները հրապարակեցին վրաց ընդդիմադիրների եւ Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կովալենկոյի միջեւ բանակցությունների գաղտնալսումները, որոնք ապացուցում էին, որ դեսպանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին: Այս խայտառակ սկանդալից հետո Կովալենկոյին արտաքսեցին Վրաստանից, հայտարարելով նրան անցանկալի անձ այդ երկրում:



Հետագայում Կովալենկոն աքսորվեց Հայաստան, որտեղ նրա դիվանագիտական առաքելությունը նույնչափ անփառունակ ավարտ ունեցավ՝ նա կազմակերպեց Կրեմլի խոսափող, իշխանական լրագրող Դմիտրի Կիսելյովի այցը ՀՀ ԱԺ, որի ընթացքում վերջինս իր կայսրական բարձունքից վիրավորական արտահայտություններ էր արել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ինչպես նաեւ դժգոհել, որ Հայաստանում ռուսերենը քիչ է տարածված: Մի սկանդալ էլ այստեղ պայթեց, եւ խայտառակված Կովալենկոյին հետ կանչեցին Մոսկվա: