Եռյակ այլևս գոյություն չունի. «երեք հրացանակիրները» բաժանվում են

Եռյակ այլևս գոյություն չունի. «երեք հրացանակիրները» բաժանվում են

«Հել աստիճանների վրա, էլի, ա՛յ մարդ». հավաքվածների մեջից գոռում էր մի մարդ: Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, լսեց, բայց չարձագանքեց: «Ա՛յ Հովհաննիսյան, ասում ենք աստիճանների վրա բարձրացի, մենք էլ տեսնենք քեզ», եւ, վերջապես, արձագանքը. «Չի կարելի»: Մեղմ արեւմտահայերենով հնչեց պատասխանը: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը կրկին բեղ ունի, չափերի մասին էլ կարող ենք ասել, որ բավականին «լցվել» է, գրեթե այն նույն տեսքին է, երբ նոր էր եկել Հայաստան: Երեկ Ազատության հրապարակում հանրահավաքների պատվավոր ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանի անվան կողքը, ինչպես ինքն էր խնդրել, դրեցինք «ներկան»: Նա կանգնեց հրապարակի ձախակողմյան մասում, որտեղ հետաքրքրասեր ամբոխը շրջապատեց նրան, եւ կես-ասուլիս, կես-հանրահավաքը սկսվեց:



«Այդ հաշտեցումը, որի մասին մենք վերջերս իմացանք, դա քաղաքական լեգիտիմությունից դուրս է, քաղաքական իրավակարգությունից դուրս է: Այսօր շատ էինք ուզում լինել մեր հայրենակիցների, մեր գործընկերների հետ՝ պրն Ծառուկյանի, պրն Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ, ինչու չէ՝ Դաշնակցություն, ինչու չէ՝ Պարույր Հայրիկյան, ինչու չէ՝ Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյան, ազատամարտիկներ, բոլորս միասին: Բայց ինչ-որ մեկը չուզեցավ, իսկ մենք չուզողների մասին շատ գիտենք»: Այս պահին բոլորը շունչները պահած սպասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նման մի երկու լավ բան կասի իր իմացածներից, սակայն. «Բայց կարեւոր չէ, մենք հարգում ենք բոլորին»:



Եվ սկսվեց մի ռոմանտիկ պատմություն, թե ինչպես անցյալ կիրակի վայելեց նախահեղափոխական կրքեր ունենալու հաճույքը: «Առաջին անգամ ուրախացա, որ եռյակ կոչվող ուժերի համագործակցությունը վերջապես կոնսենսուսով ունեցավ որոշում՝ իրար աչքերի նայեցինք, ձեռք մեկնեցինք, իրար սխալները ներեցինք, ժողովուրդը պահանջում է միասնություն: Եվ մենք այսօր, այս ժամին պետք է հավաքվեինք այստեղ: Հրաշք, հրաշք». վերջին «հրաշք» բառը Րաֆֆի Հովհաննիսյանն արտասանեց առանձնակի էմոցիոնալ ձայնով: Թվաց, թե, ահա, շուտով լաց կլինի, եւ հանդիսատեսը կծափահարի. «Մնացածը չեմ մեկնաբանելու, եւ իմ մոտ որեւէ չարություն չկա: «Ժառանգությունը» եւ ես՝ որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, մեր բոլոր տարակույսներով, կասկածներով հանդերձ, մեկ տարի եւ ավելի տարել ենք այս պայքարը: «Ժառանգությունը» չէ իր բոլոր ազատ սոսկումներով հանդերձ դուրս եկել եռյակից: Ցավում ենք, որ մեր գործընկերները ներկա դրությամբ իրենք են որոշել իրենց քայլերով դուրս գալ եռյակից, մենք կանք եռյակում, տասնյակում, ցանկացած ձեւաչափում, եւ մեր դռները բաց են բոլոր հայրենակիցների առջեւ: Ցավում եմ ասել, սակայն, որ այդ դրությամբ, որտեղ պետք է լիներ 100 հազար հոգի՝ գործ անելու համար, եռյակ գոյություն չունի»:



Չհասկացվեց՝ սարկա՞զմ էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, թե՞ ինչ, բայց, վերհիշելով «Վարդանանք» պատմավեպը, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրթերը ժպտացին. «Երեւի ժամանակը չէ, որ ես Դերենիկ Դեմիրճյան մեջբերեմ, դրա առիթը կլինի, պատրաստվում էի «Վարդանանքից» խոսել այսօր»: Հիմա անելիքներից. «Վաղը ես եւ իմ ընկերները, եթե դուք ցանկանաք եւս, կլինենք…». այո՛, հիմա կարտասանի «Ազատության հրապարակ» բառերը, բայց. «Գյումրիում՝ գլուխ խոնարհելու Ավետիսյանների հիշատակի առջեւ, Հայաստանի արժանապատվության առաջ»: Բայց մի՛ հեռացեք հեռուստաէկրաններից, ձեզ անակնկալ է սպասվում. «Փետրվարի 27-ին կհավաքվենք այստեղ՝ հերթական ասուլիս-հանդիպումը կատարելու ձեզ հետ». այո՛, գրողը տանի, նա ասաց դա:



Բայց հետո պարզվեց, որ սա ոչ հեղափոխության կոչ էր, ոչ էլ «երեք հրացանակիրներից» մեկն առանձին զենք է բանեցնելու: Ինչպես տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, մարտի 1-ին եւ մինչ այդ ինքը եւ կուսակիցների մեծ մասը քաղաքում չեն լինելու, այցելություններ են կատարելու սահմանամերձ գյուղեր: Ելույթ ունեցավ նաեւ Ռուբեն Հակոբյանը. ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, նա խոսեց գնահատականներով. «Այն, ինչ կատարվեց, ցավոք սրտի, ձեւակերպեցին զուտ երկու անձերի պայքար, կռիվ: Մինչ ժողովրդի 90 տոկոսը դեմ է իշխանությանը: Երեւի նստել խոսել են, թե եկեք իրար չվիրավորենք, մենք ընկերներ ենք եղել: Ընդամենը այս շրջանակում, գողական սխոդկայի շրջանակում պետության հարց է լուծվել, բայց ոչ ոք տեղյակ չեղավ, թե ինչ են խոսում»: Այնպես, ինչպես տեղյակ չէինք լինում, երբ եռյակի հավաքներ կամ 3 ուժերի լիդերների հանդիպումներ էիք անում:



Հրապարակում հավաքվածների մեջ հանդիպեցինք Պարույր Հայրիկյանին, Արամ Հարությունյանին, Գուրգեն Եղիազարյանին: Կուսակից ընկերներից էլ, ինչպես միշտ, Րաֆֆիի կողքին էին Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Դավիթ Սանասարյանը:



Իսկ մենք պահը չկորցրինք եւ մարդկանց հետ զրուցեցինք վերջին դեպքերի մասին: Մարդկանց մեծ մասը, պարզվեց, ըմբռնումով է մոտեցել ԲՀԿ առաջնորդի խաղից հետ կանգնելուն: «Ինչ լինելու է, ապրիլի 24-ից հետո է լինելու: Դե, հասկանում եք՝ արտաքին քաղաքականություն եւ այլն, ադրբեջանցիք էլ սպասում են, պահը հաստատ չեն կորցնի: Այ, ապրիլի 24-ը կանցնի, ու պայքարը կսկսվի հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանից ոչ պակաս ռոմանտիկ մի մարդ:



«Ի՞նչ իմանանք ինչ են խոսել իրար մեջ: Կարող ա սպառնացել են, կարող ա՝ ուրիշ բաներ: Գագիկ Ծառուկյանն էլ ա, չէ՞, մարդ»,- ասաց մի պապիկ Շենգավիթից:
«Թո՛ղ նույն ձեւ աղքատ ապրեմ, թող Հայաստանում բան չփոխվի, բայց Սերժն իրա ախպոր հետ պատասխան տա. արդարության հարց է»,- ասաց արդարություն փնտրող մի մարդ: