Գազի ու հոսանքի թանկացման հարցը պարզ կլինի մեկ ամսից

Գազի ու հոսանքի թանկացման հարցը պարզ կլինի մեկ ամսից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
Նազարյանը չբացառեց ոչինչ՝ հավանական «մեղքը» գցելով դոլար-դրամ տատանումների վրա:
«Ինչպես գիտեք, նոյեմբեր ամսին մեր երկրում հայկական դրամն իր դիրքերը շոշափելի զիջեց դոլարին, եւ մեր սակագների հաշվարկի հիմքում դրված էր 416 դրամ՝ մեկ դոլարի փոխարժեքը, եւ այսօր, արդեն երրորդ ամիսն է, 480 դրամ է կազմում, եւ միայն այդ բաղադրիչով, բնականաբար, ենթադրվում է, որ ընկերությունները կարող են հայտ ներկայացնել սակագների վերանայման հարցով»,-ասաց ՀԾԿՀ նախագահը՝ նշելով, որ այս պահին, սակայն, նման հայտեր ո՛չ գազամատակարար, ո՛չ էլեկտրաէներգետիկայի համակարգի ընկերություններից դեռ չունեն իրենք: Եթե լինեն, հանրությանը կտեղեկացնեն, առայժմ հորդորում է միայն սպասել, մինչեւ նոր հայտերը կներկայացնեն տվյալ ընկերությունները:



«Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, եւ ես անպայման հրապարակային կներկայացնեմ այդ ամբողջ գործընթացը»,-նշեց Ռոբերտ Նազարյանը:
Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցումը Ռուսաստանից ստացվող գազի սակագնի հարցում ավելի մատչելի պայմաններ չէ՞ր ենթադրում, արդյոք, Նազարյանն ասաց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետեւ բանակցային կողմ չի հանդիսանում: Իսկ չի՞ կարծում, որ եթե սակագների բարձրացման հայտ ներկայացնեն, կառավարությունը պետք է գոնե սուբսիդիաների գնա՝ կանխելով սակագների հերթական բարձրացումը: Պարոն Նազարյանն ասաց. «Էդ հարցը, չե՞ք կարծում, որ ինձ չպետք է ուղղեք»:



Նազարյանը համաձայնեց միայն այն դիտարկման հետ, որ սակագների թանկացման ժամանակ կուժն ու կուլան իր գլխին է ջարդվում, ու բոլորն իրեն են քարկոծում՝ որպես որոշում կայացնող մարմին: Նա ասաց, որ այդ առաջին ցավոտ հարվածը հենց իրեն է ուղղվում, եւ բոլորն սկսում են իրեն մեղադրել, նույնիսկ բարեկամներն են իրենից բողոքում, որովհետեւ այդ թանկացումները նաեւ իր եւ հարազատների ընտանիքների վրա են ազդում: