Ծառուկյանից ինչ հասկացանք, որ Նաիրայից ինչ հասկանանք

Ծառուկյանից ինչ հասկացանք, որ Նաիրայից ինչ հասկանանք

Ծառուկյանը հրաժարական կտա ու Նաիրա Զուրաբյանը կլինի ԲՀԿ նախագահ: Նոր վերաձևումներ, նոր մոտեցումներ:



Հիմա մեկդ կասի՞. Ծառուկյանից ինչ հասկացանք, որ Նաիրայից ինչ հասկանանք: Հնից ինչ հասկացանք, որ նորից ինչ հասկանանք:



Ոչ մի քաղաքական շեշտադրում չեմ անում, զուտ մարդկային առումով: Շարքային քաղաքացու հետ զրուցեք ու տեսեք ինչ է ասում.



-Է՜,- էն գլխից մի խոր հոգոց կհանի,- բոլորն էլ խաղեր են տալիս,- չիմացանք՝ որ խաղն ինչի համար էր: - Մեր մասին մտածող չկա:



Հիմա էլ այնպիսի պատմական կեցվածք են ընդունել, ասես ԲՀԿ-ի այսօրվա համագումարից է կախված Հայաստանի գոյությունն ու առաջընթացը: Ասինչը կգնա, այնինչը կմնա…



Ի՜, բաններիդ կացեք, ոչ մեկն էլ մանդատից չի հրաժարվի, մանդատը պաշտպանական զրահ է, իսկ կուսակցությունն ի՞նչ է՝ ոնց ասեն, ոնց իրենց ձեռ տա, այնպես էլ կանեն…



Մի բան հաստատ է, որ ԲՀԿ-ի վերաձևումները իշխանության սրտով չլիներ, չէր արվի: Ամեն ինչ կարգ ու կանոնով է լինելու, ամեն ինչ չափած- ձևած: Փառք Աստծո, այնպիսի նախագահ ունենք, որ դերձակը նրա մոտ կար ու ձևի դասերի պիտի գնա, որ վկայական ստանա:



Համագումարից հետո, երբ Նաիրան իր հուզառատ ձայնով ասի, որ կարդարացնի Գագիկ Ծառուկյանի հույսերը, խնդրում եմ, շատ եմ խնդրում, անպայման հավատաք նրան:



Իրոք որ հուզառատ գործիչը կարդարացնի Գագիկ Ծառուկյանի հույսերը, դեռ մի բան էլ ավելի՝ կանցնի Գագիկ Ծառուկյանից…



Նա ավելի համոզիչ կասի՝ ժողովուրդ ես ձեզ հետ եմ, որովհետև ձեզ հետ եմ:




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ