Էշերի կոլեկցիոների «բարդ» որոշման պատճառը

Էշերի կոլեկցիոների «բարդ» որոշման պատճառը

Հայտնի է դարձել էշերի հայտնի կոլեկցիոներ, դռները ապարանյան մեթոդով՝ ոտքով բացելու վարպետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Նաիրա Զոհրաբյանի օգտին չքվեարկելու հնարավոր պատճառը: Պարզվում է՝ նրա ձեռնպահ քվեարկելը ԲՀԿ-ականներից քչերին է զարմացրել, քանի որ էքսցենտրիկ բնավորություն եւ վարքագիծ ունեցող ապարանցի Լյովայից ամեն ինչ սպասելի է: Խոսելով իրենց գործընկերոջ քվեարկության մասին՝ ԲՀԿ-ականներն, ուսերը թոթվելով ասում էին. «Դե Լյովան է, էլի, ի՞նչ իմանանք ինչի է էդպես արել»: Իսկ որոշ ԲՀԿ-ականներ էլ ենթադրում էին, որ պատգամավորի այդպիսի քվեարկության պատճառն Աբրահամ Մանուկյանի հետ մտերմությունն է, ով Նաիրա Զոհրաբյանի հետ այդքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի, մեղմ ասած՝ ջրերը մի առվով չեն հոսում: Ինքը՝ Լյովա Խաչատրյանը, մտերիմների շրջանում, խոսելով իր քվեարկության մասին, փորձել է իբր գաղափարական հենք տալ այդ ամենին եւ ասել է, թե կցանկանար, որ ընտրեին ոչ թե ղեկավար անձ, այլ լիներ ղեկավար մարմին: Թե ինչու է պատգամավորն իրականում ձեռնպահ քվեարկել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը եւ ինչ է պատրաստվում անել՝ մնալ, թե հեռանալ ԲՀԿ-ից, տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք պարզել Լյովա Խաչատրյանից, սակայն նա հեռախոսազանգերին համառորեն չի պատասխանում: