Աշոտյանի համար նա կրկին «Պարոն Ծառուկյան» է դարձել

Աշոտյանի համար նա կրկին «Պարոն Ծառուկյան» է դարձել

Իշխող վերնախավի կողմից չարիք որակված Գագիկ Ծառուկյանը, պարզվում է՝ դասագրքեր է գրել երեք դասարանների համար, որոնք առնվազն 5 տարի է՝ որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվում են դպրոցներում: Խոսքը ֆիզիկական կուլտուրայի 3-րդ դասարանի դասագրքի մասին է, որի համահեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:



Երեկ փորձեցինք կրթության նախարար Արմեն Աշոտյանին այս թեմայի շրջանակներում զուտ կրթական ոլորտին առնչվող մի հարց տալ, թե ինչ է լինելու այդ գիրքը, հանելո՞ւ են այն շրջանառությունից: Աշոտյանը, սակայն, մեր հարցը դեռ լրիվ չլսած՝ պատասխանեց. «Ես ասել եմ արդեն՝ գիրքը տպվել է Ֆիզկուլտինստիտուտի հեղինակային կոլեկտիվի կողմից, որտեղ պարոն Ծառուկյանը նույնպես համահեղինակ է»: Այսինքն՝ «պարոն Ծառուկյանը», իրենց իսկ բնորոշմամբ, «տգիտությամբ աչքի ընկնող չարիքը» համահեղինա՞կ է նման դասագրքի, Աշոտյանը դա նորմա՞լ է ընդունում: Վերջինս չցանկացավ պատասխանել. «Ես չեմ պատասխանում այդ հարցին, որովհետեւ արանքում Դուք դնում եք մի բան՝ քաղաքական ենթատեքստով»:



ՀԳ. Նկատենք, որ մեր զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Աշոտյանը կարծես թե փոշմանել է, որ Գագիկ Ծառուկյանին հայտնի մականունով է դիմել, եւ հիմա հակառակ պրոցեսն է իրականացնում: Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, այստեղ ամեն ինչ կարող է պատահել: Քաղաքականության մասին ավելի սթափ դատողներն էլ ասում են, որ քաղաքականությունն ավելի շատ անբարոյականություն է. երեւի հենց այս կոնտեքստում էլ տեղավորենք ՀՀԿ փոխնախագահի կողմից տրված որակումներն ու պահվածքը: