Ապաշխարելու փոխարեն նախահարձակ է դարձել

Ապաշխարելու փոխարեն նախահարձակ է դարձել

Ամեն առավոտ լուսո տատս հայացքն ուղղում էր երկնքի կապույտին, ձեռքերը վեր պարզում ու ինչ-որ բան էր մրմնջում: Հինգ-վեց տարեկան երեխա, անկողնում պառկած, ականջներս սրում էի, որ լսեմ, թե տատս այդպես ցածր ձայնով էդ ինչ է ասում: Մի օր էլ անկողնուց վեր կացա, ավելի մոտեցա ու պարզեցի, որ տատս աղիողորմ անիծում է.
- Թո՛ւրք, տունդ քանդվի, ինչպես որ դու մերը քանդեցիր…
- Թո՛ւրք, լավ օր չտեսնես…
Զարմանքը պատեց ինձ, թե էս իմ բարի, լավ տատիկն էս ի՞նչ է ասում:
Ամենօրյա այդ մրմնջոցից հետո մեր հարեւան Խանում տատն էր գալիս, ցածր ձայնով քչփչում էին, լաց լինում ու նորից անիծում ու անիծում էին: Ու այդպես՝ գրեթե ամեն օր, ամեն լուսաբացին:



Նրանք ինձ ոչինչ չէին պատմում: Միայն մայրս մի օր ասաց, որ 1918 թվականին թուրքերը տատիս գյուղի բոլոր տղամարդկանց, այդ թվում եւ նրա նշանածին ու յոթ եղբայրներին, հավաքել եւ իրենց մոտակա Ջաջուռի ձորում գնդակահարել են: Իսկ մեր հարեւան Խանում տատն ավելի դաժան պատմություն ուներ: 1915-ին Մուշում ամբողջ գերդաստանը կոտորել էին, իսկ նա ու փոքր տղան հրաշքով էին փրկվել եւ ոտաբոբիկ ու կիսամեռ հասել Արեւելյան Հայաստան: Չնայած տասնամյակներ են անցել, սակայն մինչեւ հիմա տեսնում եմ տատիս վեր պարզած ձեռքերը, իսկ ականջիս հնչում են նրա անեծքները:
Տարիներ անց, 1963-ին, երբ ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժին, տատիս ճակատագրի նման ճակատագիր ունեցած շատ դասախոսներ կային: Նրանց խորհրդով սկսեցի փորփրել արխիվները: Այդ ժամանակ լույս տեսան նաեւ մեր ռեկտոր, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի, դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Վազգեն Մնացականյանի` եղեռնին վերաբերող փաստաթղթերի ժողովածուի ու հոդվածների հրապարակումները: Էլ չեմ խոսում ակադեմիկոս Արտաշես Շահինյանի եւ Լեւոն Ներսիսյանի փառահեղ ելույթների մասին:



Այն, ինչ սփյուռքահայերը վաղուց գիտեին, մենք նոր-նոր էինք իմանում: Միջանկյալ ասեմ, որ, մեծ ռիսկի դիմելով, 1964 թվականին իմ համակուրսեցի Գեղամ Քյուրումյանի հետ համալսարանի մեր 2-րդ հանրակացարանում Եղեռնին նվիրված թռուցիկ տպագրեցինք: Ասելիքն այն էր, որ մենք ինքներս ճանաչենք Եղեռնը:
Արխիվային լուսանկարներն ու նյութերը, որոնք հիմա բոլորին են հայտնի, ուղղակի ցնցում էին մեզ: Խրուշչովյան ձնհալն ու տաք օդը կամաց-կամաց խորհրդային փակի տակ դրված թուրքական ոճրագործության պատմությունը ջրի երես էին հանում:



Երկրորդ անգամ ցնցում ու սարսուռ ապրեցի, երբ Ֆրանսիայից հայրենիք գաղթած կինոօպերատոր Սինե-Սեթոն 1969-ին, միայն «Ֆիլմ» թերթի խմբագրության աշխատակիցների համար, Տերյան փողոցի հին «Հայֆիլմ»-ի դահլիճում, ուշ գիշերով, առաջին անգամ ցուցադրեց Եղեռնի սարսափների մասին պատմող ժապավեններն ու լուսանկարները, որ նկարահանել էին գերմանացի օպերատորները:
Լույս դառնաս, օպերատոր Սինե-Սեթո: 1946-ին` ահ ու վախի այդ տարիներին, այդքան կինոժապավեններն էդ ո՞նց էր Հայաստան հասցրել:



Փոքրամարմին, ինքնամփոփ, ծայրաստիճան համեստ մի մարդ, որը Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը նկարահանել էր նաեւ Զորավար Անդրանիկի հուղարկավորությունը: Նա երկար տարիներ աշխատեց «Հայֆիլմ» կինոստուդիայի կոմբինացված նկարահանումների արտադրամասում:



***
Հիմա, Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին, ապաշխարելու փոխարեն (գերմանացիների նման) Թուրքիան դարձել է նախահարձակ: Էրդողանն ասում է. «Մեր մեկնած ձեռքը Հայաստանն օդում է թողնում»: Օրը ցերեկով, մեղմ ասած, ինչպես հատուկ է իրենց, փաստերն ուղղակի խեղաթյուրում են: Իսկ ո՞ւր մնաց առանց նախապայմանների ստորագրած արձանագրությունները: Չխորանանք: Իզուր չի ասված` հենց որ թուրքին մի քայլ զիջեցիր, հինգ քայլ առաջ է գալու: Կարծում եմ, որ ժամանակն է ընդհանրապես ետ կանչել արձանագրությունների ստորագրությունը:



Նրանք, մի կողմից, Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Իրաքի, Սիրիայի, Լիբանանի հայաթափության տարիներով խնամքով նախապատրաստած ծրագիրն են իրագործում: Այդ երկրների հզոր եւ բարգավաճող հայկական գաղթօջախները Մերձավոր Արեւելքում «մի զանգ» էին, որոնց ղողանջները տարեցտարի աշխարհով մեկ ավելի զորեղ էին հնչում` ազդարարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Իսկ մյուս կողմից, թուրքական հրահանգներով, խստագույնս լարված են պահվում Արցախի եւ Հայաստանի սահմանները: Դե, ապրիլի 24-ի գալիպոլյան նրանց տոնակատարությունը, ավելի ճիշտ՝ տոնախմբությունը, ոչ միայն հայերիս դեմ է ուղղված, այլեւ նախկին Անտանտի երկրների: Հենց ա՞յս տարի պիտի իրենց յաթաղանի մշտական օրը` մարտի 18-ը նշելը փոխարինվեր ապրիլի 24-ով: Դա անարգանք է ոչ միայն մեր անմեղ զոհերի հիշատակին, այլեւ Անգլիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ու նաեւ թուրքական բանակի կողմից կռվող հայ, հույն, ասորի զինվորների հիշատակին: Եվ ի՞նչ, այդ երկրների բարձրագույն պատվիրակությունները, բարոյական նորմերը մի կողմ դնելով, մասնակցության հայտեր են ներկայացնում: Հիմա ինչպե՞ս չհիշես մեծ նորվեգացու, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի խոսքը. «Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար լավ կլիներ, եթե իր անունը երբեւէ հնչած չլիներ եվրոպացի որեւէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում եւ սպասում է, շարունակ սպասում է… Նա սպասում է մինչ օրս»:



Կամ մեկ այլ գերմանացի գրող Արմին Վեգների` ԱՄՆ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին գրած նամակի հետեւյալ տողերը. «Եվրոպան պաշտպան չկանգնեց հալածված ժողովրդին, պարոն պրեզիդենտ, փրկեցեք Եվրոպայի պատիվը, դա քրիստոնեությանը վերաբերող հարց է, դա ամբողջ մարդկությանը վերաբերող հարց է»:
Գալիպոլյան ճակատամարտի տոնակատարությունը Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին նշելն ապտակ է ամբողջ մարդկությանը` արդեն 21-րդ դարում: Իսկ տարբեր երկրների առաջնորդների մասնակցությունը լակմուսի մի թուղթ է, որ ականջներիս օղ պետք է անենք:



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ