Սերժ Սարգսյանը Իտալիայում քննարկել է պարենի հարցերը

Սերժ Սարգսյանը Իտալիայում քննարկել է պարենի հարցերը

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ:



Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը եւ կարեւորել է տարածաշրջանային, ինչպես նաեւ իրականացվող դոնորական ծրագրերում Հայաստանի ընդգրկումը:



Սերժ Սարգսյանի խոսքով, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը եւ ՊԳԿ-ին անդամակցելը հնարավորություն է ընձեռել իրականացնել ՀՀ տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ ծրագրեր՝ ապահովելով դրանց ֆինանսավորումը:



Հանրապետության նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է սատարել ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կազմակերպությունում իրականացվող բարեփոխումներին: Նախագահի խոսքով, Հայաստանը հետեւողականորեն աշխատում է ՊԳԿ-ի հետ՝ իր ներդրումը բերելով աշխարհում պարենային անվտանգության ապահովման գործին:



Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում զրուցակիցներն ուրախությամբ են փաստել, որ արդեն իսկ ստորագրվել է ԵՏՄ–ՊԳԿ փոխգործակցության միջոցառումների ծրագիրը եւ վստահություն են հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ՀՀ–ՊԳԿ համագործակցության համար:



Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել ս.թ. հունիսին կայանալիք ՊԳԿ 39-րդ համաժողովի աշխատանքներին, ինչպես նաեւ գլխավոր տնօրենի մանդատի համար անցկացվելիք ընտրություններին: