Բանուգործ չունեմ, պետք ա գամ Քարդաշյանի՞ն տեսնեմ

Բանուգործ չունեմ, պետք ա գամ Քարդաշյանի՞ն տեսնեմ

«Մարդ ա, էլի, հո աստվա՞ծ չի, որ մարդիկ տենց կոտորում են իրար: Եկել ա՝ լավ ա արել, ինչի՞ց պետք ա բողոքենք». Քիմ Քարդաշյանին, իհարկե, ճանաչում են ոչ բոլոր տարիքով մարդիկ, բայց կառավարության շենքի մոտ երիտասարդներին հետեւող զարմացած տղամարդը ճանաչում էր նրան: «Ո՞վ, ե՞ս: Բանուգործ չունեմ, պետք ա գամ Քիմ Քարդաշյանի՞ն տեսնեմ, ուղղակի որ մարդիկ հավաքվել էին, ասի տեսնեմ ինչ ա եղել»:
Մի խումբ 16-18 տարեկան երեխաներ սկզբում մի ժամ սպասեցին «Մարիոթ» հյուրանոցի մոտ, ապա նույնքան ժամանակ՝ կառավարության շենքի մոտ, քանի որ լուր էր տարածվել, որ վարչապետն ընդունելու է Քարդաշյան քույրերին: Նրանք հույս ունեին աչքի գեթ մեկ ծայրով տեսնել ամերիկյան «ռեալիթի շոուների» մեգաաստղ Քիմ Քարդաշյանին եւ նրա քրոջը՝ Քլոե Քարդաշյանին: Ի դեպ, ամենից արագ արձագանքել էին մուրացկանները, որոնք որոշել էին հարստանալ Քիմ Քարդաշյանով, եւ ասեմ ձեզ, որ այդ կուտակումների մեջ վատ չէր ստացվում գումար հավաքելը:



Վերջապես Քարդաշյանները ժամանեցին: «Կիիիմ, խնդրում եմ, սելֆի կարո՞ղ ենք անել, Կիմ, ես սիրում եմ քեզ»,- աղիողորմ գոռում էին երկրպագուները: Մինչ Քիմ Քարդաշյանը մեքենայից մեկ րոպեում հասավ կառավարության շենքի դռան մոտ, նրա երկրպագուները երեւի մի քանի հազար անգամ հասցրին գոռալ նրա անունը: Ոստիկաններն էլ մի կերպ փորձում էին երիտասարդներին հետ պահել, բայց երբ Քլոե Քարդաշյանն իր փեշի խորը բացվածքով մեջտեղ եկավ, գոնե ինձ մոտ կանգնած ոստիկանը մոռացավ, թե ինչի համար է ինքն այդտեղ կանգնած, եւ երիտասարդներն օգտվեցին պահից:



Հովիկ Աբրահամյանը երեւի արդեն հիանում էր Քարդաշյան քույրերով շենքի ներսում, երբ հավաքված երիտասարդների մեջ մի աղիողորմ ձայն լսեցինք. «Քիմն ուզում էր ինձ պատասխանել, նա ուզում էր խոսել ինձ հետ, դուք չթողեցիք: Ի՞նչ իրավունքով եք ինձ բրթում»: Մի աղջիկ վիճում էր ոստիկանի հետ, որով փորձում էր համոզել, որ Քարդաշյաններին մոտենալ չի կարելի: Բայց մի կարծեք, թե հայկական արմատներով ամերիկացիները մեծամիտ էին եւ չէին շփվում իրենց երկրպագուների հետ. քիչ այն կողմ մի երջանիկ դեմքով տղա էր կանգնած, նա մատիտով նկարել էր մեգաաստղին, վերջինս էլ ստորագրել էր նկարի վրա: «Հիմա երեւի կտանես տուն ու ապակու մեջ կդնես»,- կատակում էին ընկերները: Քարդաշյան քույրերը վարչապետի ընդունելությունից հետո ետնամուտքից էին հեռացել, հավանաբար վախեցել էին, որ հարցեր կտան, թե ինչ տպավորություն թողեց ՀՀ վարչապետը ձեզ վրա, եւ իրենք չեն կարողանա կեղծել, իսկ քաղաքավարությունը թույլ չի տալիս հյուրընկալող երկրի մասին վատ բաներ ասել: Երբ հայտնի դարձավ ետնամուտքից հեռանալու մասին, կառավարության մոտ մի ողբ, մի լաց, մի մազ փետել սկսվեց: «Սաղ ոստիկաններն են մեղավոր»,- ասաց մի աղջիկ: Օրվա երկրորդ կեսին էլ Քարդաշյաններն ուղեւորվել էին Գառնի, Գեղարդ: Իսկ երեւանցիները քննարկում էին Քիմ Քարդաշյանին:



«Քիմ Քարդաշյանի մեջ միակ հայկական բանը նրա ազգանունն է: Բայց որ եկել հասել է Երեւան, բարով է եկել, մենք հյուրասեր ազգ ենք»,- ասում էր մի երիտասարդ հրապարակում: «Իրականում չեմ տեսել Քիմ Քարդաշյանին: Սկզբից մտածում էինք. գա Հայաստան ի՞նչ անի, բայց տեսնում եք՝ աշխարհը սիրում է լուից ուղտ սարքել, հիմա սաղ աշխարհը մեզ է հետեւում, ուրեմն լավ է»,- ասաց Քիմ Քարդաշյանի չերկրպագուհիներից մեկը: «Ամերիկյան բաց տեսարանները դեռ օտար են մեզ համար, այդ է պատճառը, որ Քարդաշյանին մի քիչ լավ չեն ընդունում Հայաստանում: Երբ մարդիկ հասկանան, որ մերկ նկարվելը կամ ընկերոջդ հետ սեռական հարաբերություններ ունենալն ամոթալի բան չէ, այդ ժամանակ կհամարվենք մի քիչ զարգացած ազգ»,- ասում էր մի «զարգացած» աղջիկ: