15-ի միությունը՝ ընդդեմ Նարեկ Սարգսյանի

15-ի միությունը՝ ընդդեմ Նարեկ Սարգսյանի

Ժամանակին Նարեկ Սարգսյանը ոչնչացնում էր Երեւանի կենտրոնը, կտրել էր տալիս այգիները, հող էր բաժանում տարբեր փողատերերի, մեր քաղաքի հնագույն վայրերը բաժանում էր ֆրանսիացիներին, իտալացիներին, որոնք շենքեր եւ հյուրանոցներ էին սարքում երեւանցիների սիրած վայրերում: Հիմա նա աղճատում է իր իսկ հեղինակած պողոտան: Այս գարշելի շինությունը, որն օրերս հայտնվել է Հյուսիսային պողոտայի ամենասկզբում եւ խաթարում է այս եվրոզբոսավայրի ողջ տեսքը, կառուցվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի թողտվությամբ: Սա վերելակ է, որը կառուցվում է Հյուսիսային պողոտա 4 շենքի տակ իջնելու համար: Շինարարները քանդել են շենքի երկաթբետոնյա կոնստրուկցիան, կտրել են հիմքը, կտրել են բազկի հաստության արմատուրան եւ նկուղ են սարքել, որն էլ հիմա փորձում են ապահովել անհատական վերելակով: Հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չի հետեւում ժամանակին պաշտոնական ուշադրության կիզակետում գտնվող Հյուսիսային պողոտայի այլանդակման այս գործընթացին:



Հարեւանությամբ գտնվող «Սակվոյաժ» խանութի աշխատակիցները երեկ մեզ վստահեցնում էին, որ այս նկուղում «Սակվոյաժը» եւս մի խանութ է բացելու, եւ որ վերելակը կառուցվում է մարդասիրական մղումներով, «Սակվոյաժի» հաշմանդամ հաճախորդներին սպասարկելու համար: «Մենք ընդամենը տարածքի վարձակալ ենք, իսկ վերելակի եւ խանութի շինարարությունն իրականացնում է տարածքի տերը: Ինքն ունի քաղաքապետարանից թույլտվություններ, բայց հիմա Հայաստանում չի, իսկ մենք կապ չունենք շինարարության հետ»,- ասացին մեզ «Սակվոյաժում»: Թիվ 4 շենքի բնակիչները, սակայն, վստահեցնում են, որ գետնի տակ լինելու է ոչ թե խանութ, այլ գիշերային ակումբ: «Նրանք խարդախ փաստաթուղթ են ստեղծել, որ իբրեւ թե վերելակը պետք է հաշմանդամներին՝ Հյուսիսային պողոտայում, «Տաշիրի» մոտ կառուցվող փարկինգ իջնելու համար: Բայց իրականում այդտեղից ծակել են, որպեսզի ապահովեն ստորգետնյա սրճարան իջնելու հնարավորությունը: Քաղաքապետարանի որոշման մեջ վերացական բան է գրված՝ «6-րդ շենքի հարակից տարածք»: Սա չի կարող լինել մեր շենքը, որն ունի հստակ հասցե՝ 4-րդ շենք»,- ասում է շենքի բնակիչ Գագիկ Մկրտչյանը: Այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ գործը գտնվում է դատարանում:



Հայցվորը Հյուսիսային պողոտայի 4-րդ շենքի համատիրությունն է: «Լիֆտի կառուցման թույլտվությունը տված է 6-րդ շենքի հարակից տարածքում, բայց լիֆտը տեղադրված է 4-րդ շենքի տակ: Այդ շենքը քաղաքապետարանի ենթակայության շենք չէ, այլ սեփական շենք է, ամբողջովին 15 բնակիչների սեփականությունն է: Քաղաքապետարանը դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասում են նրանք: Երեկ շինարարները գնացել են իրենց աշխատանքը կատարելու եւ տեսել են, որ շենքի բնակիչները վերացրել են նրանց փորած նկուղը. այնտեղ մի քանի մեքենա հող են լցրել: Շինարարները դիմել են ոստիկանություն:



Ոստիկանությունը բերման է ենթարկել հողը լցնող բանվորներին: «Բանվորներին են բռնել, ասում են՝ ինչո՞ւ եք հող լցրել. փոխանակ մեզ կանչեն հարցնեն, բանվորին են բռնել»,- երեկ գանգատվում էին բնակիչները, խոստանալով, որ եթե կրկին նկուղն առաջանա, իրենք բետոն կթափեն իրենց շենքի տակ, բայց վերելակ այստեղ չի լինի:

ՀԳ. Մենք պարզեցինք, որ «Սակվոյաժ» խանութի եւ ապագա ստորգետնյա օբյեկտի տերը բիզնեսմեն Վիգեն Պողոսյանն է, որը Հայաստանում չէ, եւ որի հետ բնակիչներին մինչ օրս խոսել չի հաջողվել: Իսկ քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքների ցանկում նորակառույց այս վերելակի հասցեն կեղծված է: Այն նշված է ոչ թե իրական հասցեով՝ Հյուսիսային պողոտա 4, այլ կեղծ՝ Հյուսիսային պողոտա 6: