Խոշորացման դեպքում կմշակեն նոր կրթական համակարգ

Խոշորացման դեպքում կմշակեն նոր կրթական համակարգ

Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից երեկ հետաքրքրվեցինք մարզերի խոշորացման վերաբերյալ իշխանությունների մտադրության ու դրա իրատեսականության վերաբերյալ: Աշոտյանը, սակայն, հորդորեց հստակ պատասխան ստանալու համար դիմել տարածքային կառավարման նախարարին, բայց փորձեց հարցին պատասխանել որպես կրթության եւ գիտության նախարար:
«Ես մեր մասով, որպես կրթության նախարար, կարող եմ ասել, որ այդ պիլոտային ծրագրի շրջանակներում մենք, բնական է, դա հաշվի ենք առնելու մեր գործողությունների մեջ եւ համապատասխան գերատեսչության հետ միասին մշակելու ենք այնպիսի համակարգ, կրթական կառուցվածք, որը որ լավագույնս կսպասարկի տվյալ բնակավայրերում ապրող մարդկանց կրթության իրավունքը»,-ասաց Արմեն Աշոտյանը: Իսկ մարզերի խոշորացումը մոտակա՞ ծրագիր է: Աշոտյանը կրկին հորդորեց դիմել տարածքային կառավարման նախարարություն: Բայց իր կարծիքով արդյոք արդյունավետ կլինի՞ մարզերի խոշորացումը կրթական համակարգի համար, ԿԳ նախարարն ասաց, որ կրթական համակարգի մասին տեղեկություն այս պիլոտային ծրագրի շրջանակում իրենք դեռ կհասցնեն հանրությանը մատուցել:



Աշոտյանը, սակայն, մեր հարցը՝ մարզերի խոշորացման վերաբերյալ, կարծես թե հասկացել էր համայնքների խոշորացման մասով, քանզի այս պահին պիլոտային ծրագիրը հենց համայնքների խոշորացմանն է վերաբերում, ինչի համար էլ մայիսի 17-ին ՀՀ երեք մարզերի մի շարք համայնքներում նախատեսված է հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք գյուղերն ուզո՞ւմ են միավորվել եւ ենթարկվել մեկ գյուղից կառավարվող համայնքապետարանին: Իսկ, ահա, մարզերի խոշորացման ծրագրի մեկնարկն իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտարարել, բայց արդեն հայտնել են իրենց մտադրությունները, որ մտադիր են կրճատել մարզերի քանակը՝ դրանք միավորելով երկուական մարզ մեկ միավորի շրջանակներում: Այս ծրագիրը նախատեսում է նաեւ հին, սովետական «ռայոնների» վերականգնում: