Արմավիրի գյուղերը 100-ամյակի միջոցառումներ են անում

Արմավիրի գյուղերը 100-ամյակի միջոցառումներ են անում

Արմավիրի մարզի գյուղական համայնքները՝ ամեն մեկն իր չափով, պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեկն արդեն ցայտաղբյուր եւ հուշաքար է կանգնեցրել, մյուսը դպրոցում կամ գյուղապետարանում ցերեկույթ է անելու: Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանն ասաց, որ միջոցառում ունեն, որը նախատեսել են գյուղի դպրոցի հետ միասին եւ «էս երկու օրը պիտի անեն անպայման»: Մարզպետարանի՞ց են հանձնարարել միջոցառումներ անել: «Չէ, մարզպետարանից ի՞նչ գործ ունեն հանձնարարեն, դա մենք շուտվանից գիտեինք, որ պիտի արվի, բայց մարզպետարանն էլ իրա հերթին... դե, բոլորի կողմից էլ պիտի արվի, էլի, վերջիվերջո, դա բոլորիս ա վերաբերում»:



Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանն էլ ասաց, որ իրենք 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում այս ընթացքում մի անգամ այցելել են Եռաբլուր, բացի այդ, գյուղում ցայտաղբյուր են կանգնեցրել՝ «1915» մակագրությամբ. «Էդ անմոռուկն էլ վրեն նկարած: Հուշաքար էլ ունենք, էդ օրն էլ, դե, միջոցառում կանենք, էլի, ծաղկեպսակ-բան կդնենք»: Իսկ անմոռուկներ կրո՞ւմ են: Սաղաթելյանն ասաց. «Մեր անձնակազմին բոլորին բաժանել ենք, դպրոցում սաղ ունեն, մեքենաների վրա փակցրել ենք, գյուղապետարանի պատին խփած ա»: Իսկ ովքե՞ր են բաժանել այդ անմոռուկները: «Մարզպետարանից էլ են տվել, ես էլ եմ գնել կրպակներից, էնտեղ կա 300 դրամ, 100 դրամ, տարբեր տեղերից առել են, էլի, չգիտեմ»: Ասաց նաեւ, որ մարզպետարանից իրեն տվածը եղել է պետական արտադրած ոսկեջրած անմոռուկ:



Մրգաշատ համայնքում եւս միջոցառումներ կլինեն: «Ամսի 21-ին, ժամը 12-ին 100-ամյակին նվիրված խաչքար ենք դրել, բացումն ենք անելու, 23-ին էլ՝ մոմավառություն»,-ասաց գյուղապետ Գեւորգ Դանիելյանը: Անմոռուկների առնչությամբ էլ ասաց, որ ամեն մարդ իր համար գնացել՝ «Փեթակից» գնել է 200 դրամով:



Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը նշեց, որ դպրոցի հետ համատեղ ցերեկույթ են նախատեսել, բայց կոնկրետ օրը դեռ չեն հստակեցրել: Ինչ վերաբերում է անմոռուկներին, պարոն Վարդանյանն ասաց, որ իր հաշվապահը, օրինակ, գնացել, գրախանութից է գնել՝ Շողիկի մոտից, իսկ ինքն անձամբ դեռ չի գնել, բայց մտադիր է ձեռք բերել անմոռուկ կրծքանշան ու կրել: