ԼՂՀ սահմաններում այս օրերին հանգիստ է

ԼՂՀ սահմաններում այս օրերին հանգիստ է

Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ԼՂՀ-ից Հայաստան հեռախոսով հարցազրույց, իր ասելով, չի տալիս: Հավանաբար, պետք է 1-2 հարցի պատասխան ստանալու համար հասնել Արցախ: Թեեւ վստահ չենք, որ եթե անգամ հասնեինք Ղարաբաղ, չէր ասելու՝ դիմեք ՊԲ խոսնակին, կամ զբաղվածության պատճառաբանությամբ չէր «ցրելու» մեզ: Թերեւս ԼՂՀ ՊԲ հրամանատարը տեղյակ չէ, որ 21-րդ դարում կապի միջոցներն այնքան զարգացած են, որ կարելի է մի քանի հարցի պատասխանել նաեւ հեռախոսով, սկայպով, ինտերնետով: Գուցե Մովսես Հակոբյանը նախընտրում է սուրհանդակի միջոցով հարցեր ուղարկելու տարբերակը: Եվ գրագիրներ է պահում, որոնք մագաղաթի վրա շարադրում են ՊԲ հրամանատարի դարակազմիկ մտքերը, եւ սուրհանդակն էլ հեծնում է նժույգն ու հրովարտակը երկրից երկիր տանում: Իսկ մեզ ընդամենը հետաքրքրում էր, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախի սահմաններում այս օրերին, արդյոք ապրիլի 24-ի նախօրեին հակառակորդի կողմից ակտիվություն, լարվածություն նկատվո՞ւմ է:



«Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն»,-ասաց պարոն Հակոբյանն ու անջատեց՝ չլսելով անգամ մեր հարցը: Փորձեցինք նույն հարցն ուղղել ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին՝ հույսով, որ գոնե նա կպատասխանի մեր հարցին: Նա էլ, ինչ-որ բանից զայրացած, որոշեց հապճեպ «ճամփու դնել» մեզ. «Իրավիճակը համեմատաբար հանգիստ է, այդքանը»: Իսկ հնարավո՞ր է հակառակորդն ապրիլի 24-ին ու դրան հաջորդող օրերին փորձի լարվածություն ստեղծել սահմանին, Սենոր Հասրաթյանն ասաց, որ ինքը գուշակություններով չի զբաղվում: «Մենք ամեն օր սպասում ենք, որ հակառակորդը կարող է ինչ-որ մի քայլի դիմի, անկախ նրանից՝ դա ապրիլի 24-ին կլինի, թե այլ օրերի: Բայց այս պահին իրավիճակը հանգիստ է, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրենց տրամադրության տակ եղած ողջ առաջնագիծը, իսկ ոտնձգության դեպքում դիմում են համապատասխան գործողությունների»,-ասաց պարոն Հասրաթյանն ու նորից արագ անջատեց հեռախոսը:
Ի դեպ, Մովսես Հակոբյանը երեկ Հայաստանում էր. նրա մեքենան մենք նկատեցինք Արարատի մարզի Մխչյան գյուղում: Նա եկել էր ցավակցելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հոր մահվան կապակցությամբ: