Եթե քաղաքական ուժերը հավանություն տան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, սահմանադրության այլ տարբերակ չի քննարկվի. Հովհաննես Սահակյան

Եթե քաղաքական ուժերը հավանություն տան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, սահմանադրության այլ տարբերակ չի քննարկվի. Հովհաննես Սահակյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին, ասել է, որայսօր, ըստ էության, հավանության է արժանացել մեկ նախագիծ, որը սահմանադրական բարեփոխումների ներկայիս հայեցակարգի նախագիծն է: Նա միևնույն ժամանակ նշել է, որ չեն բացառում նաև երկրորդ տարբերակը:

«Ըստ ժամանակացույցի և հրամանագրի՝ աշխատում են այդ հայեցակարգի դրույթների վրա: Քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում կտեսնենք, թե որ տարբերակն է ավելի ընկալելի: Երբ քննարկումների արդյունքում նախագիծը պատրաստ կլինի, և պարզ կլինեն հիմնական շեշտադրումները, այն ժամանակ էլ մեր կուսակցության ներսում նախագիծը կքննարկվի, և կտանք այդ քննարկումների ամբողջական պատկերը»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Հովհաննես Սահակյանը նաև ասել է, որ ներկայացված նախագծին գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ մեծ հաշվով համամիտ են, և հավելյալ այլ նախագծեր քննարկելու անհրաժեշտություն չի առաջանա: Ըստ նրա՝ եթե նախագիծը նախընտրելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար, այդ դեպքում այլընտրանքային նախագծի կարիք չի առաջանա, իսկ եթե լինեն խնդիրներ, ապա տրամաբանական է, որ կքննարկվի նաև երկրորդ տարբերակը: