«Հայ ժողովրդի դեմ կատարվածը ցեղասպանություն է իր նպատակով և իր մեթոդներով». Արամ Առաջին

«Հայ ժողովրդի դեմ կատարվածը ցեղասպանություն է իր նպատակով և իր մեթոդներով». Արամ Առաջին

«Եթե նույնիսկ «Ցեղասպանություն» բառը 1915 թվականին միջազգային օրենքի բառամթերքի մաս չէր կազմել, այն, ինչ պատահեց հայ ժողովրդի հետ Օսմանյան թուրք կառավարության կողմից, ցեղասպանություն է իր նպատակով և իր մեթոդներով՝ այլ խոսքով՝ ոճիր ընդդեմ մարդկության»,-Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքից հետո ունեցած ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:



Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից, որտեղ տեղադրված է Արամ Առաջինի ելույթը:



Ըստ աղբյուրի, Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ, կոնգրեսականներ, ավելի քան երկու հազարից մարդ:



Շարունակելով իր խոսքը, Կաթողիկոսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը երեք բառով կարելի է բնորոշել՝ հիշել, հիշեցնել և պահանջել. «Մենք հիշեցինք մեր մեկուկես միլիոն նահատակներին ու միշտ պիտի հիշենք, որովհետև նրանք մեր ամենօրյա պայքարի ու ձգտումների մասն են կազմում: Նահատակներին հիշելը նշանակում է աշխարհին հիշեցնել նրանց կտակը: Ցեղասպանություն է կատարվել մեր ժողովրդի դեմ: Լռությունը նույնպես ցեղասպանություն է: Միջազգային օրենքի համաձայն, ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, հետևաբար մարդկությունը չի կարող անտարբեր մնալ այս ոճիրի նկատմամբ»:



Իր ելույթում Արամ Առաջինը շեշտը դրել է պահանջատիրության խնդրի վրա՝ ասելով. «Մեր ժողովրդի դեմ անարդարություն է գործվել: Հայ ժողովուրդն իր իրավունքներն է պահանջում: Արդարությունն աստվածատուր իրավունք է, մարդիկ չեն կարող ուրիշների իրավունքները խլել: Մեկուկես միլիոն հայի արյուն է թափվել, մեր ժողովրդի կալվածքներն են բռնագրավվել: Ոչ միայն Ցեղասպանության ճանաչում ենք պահանջում, այլ նաև հատուցում: Ներումը քրիստոնեական հավատքի մաս է կազմում, սակայն ներում կշնորհվի, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը և այս ձևով երկու ժողովուրդների հաշտության ճամփան կբացվի»: