Ռիգան, Եվրոպան եվ խորհրդային միֆերը

Ռիգան, Եվրոպան եվ խորհրդային միֆերը

ԵՄ Արեւելյան գործընկերության 1-ին Մեդիա համաժողովի առիթով ինքս հրավիրված էի Ռիգա: Թբիլիսիից հետո սա երկրորդ քաղաքն էր երբեմնի Խորհրդային Միության ողջ տարածքում, ուր այցելում էի: Նկատի առնելով, թե դպրոցական տարիներին ծնողներիցս, բարեկամներիցս, ընկերներիցս որքան էի լսել, որ մերձբալթյան երկրները եվրոպական քաղաքակրթության տարածք էին Խորհրդային Միությունում, անկեղծորեն ուրախ էի, որ Մերձբալթիկա այցելելու առիթ է ներկայացել, եւ, ի վերջո, ինքս կտեսնեմ երկրները, որ խորհրդային միֆոլոգիայում համարվել են Եվրոպա:
Ինչ կարող եմ ասել: Իհարկե, Ռիգան ես սիրեցի, լատվիացիներին շատ սիրեցի, բայց Մերձբալթիկայի եւ Եվրոպայի միջեւ նույնքան տարբերություն եւ հեռավորություն կա, որքան Պաուլսի երգերի եւ Բախի երաժշտության միջեւ: Որքան հնարավոր է Պաուլսի «Մաեստրոյով» Բախի խորալների մասին դատել, նույնքան էլ հնարավոր է Մերձբալթիկայի օրինակով Եվրոպա պատկերացնել: Մերձբալթիկայում չկա Եվրոպայի հունահռոմեական ինքնագիրը, չկա այդ անափ, ծփացող մշակույթը` քաղաքաշինական հզորությամբ, ճարտարապետության շքեղությամբ, գեղարվեստի կատարելությամբ…
Մերձբալթիկան, ավելի շուտ, բարեհոգի ու համեստ եվրոպական ծայրամաս է, որտեղ իսկապես եվրոպականը հասարակությունն է` ասպետական օրդեններից ժառանգած արժեքային համակարգով եւ կառավարման դրվածքներով: Գոնե ինքս դրա կատարյալ ականատեսը եղա ԱլԳ գագաթնաժողովի օրերին:




«ՍեՎագլուխների պալատի» հասանելիությունը



ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը մեկնարկում էր մայիսի 21-ի երեկոյան: Առավոտվանից ամպամածություն էր, անձրեւ ու քամի, եւ նույնիսկ հետաքրքիր էր՝ եթե այդպես շարունակվի դիմավորման արարողությունը, ինչպե՞ս է կազմակերպվելու եւ արդյոք «Սեւագլուխների պալատի» առջեւից կտեղափոխվի՞ այլ տեղ: Միանգամից ասեմ, որ «Սեւագլուխների պալատը» Ռիգայի երեւի ամենահայտնի շինությունն է, կառուցվել է 14-րդ դարում, պատկանել է «Ամուրի վաճառականների» գիլդային եւ երկար դարեր եղել է քաղաքում ամենահարուստ եւ մեծահարգ վայրը հավաքույթների համար: Երկրորդ համաշխարհայինի ընթացքում շատ է վնասվել, լիովին վերականգնվել է 1999-ին եւ այժմ, մինչեւ 2015-ի դեկտեմբեր, ծառայում է իբրեւ ժամանակավոր նստավայր Լատվիայի նախագահի համար: Նախագահի մշտական նստավայրում, մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող Ռիգայի ամրոցում ընթանում են վերակառուցման աշխատանքներ:



Արդյունքում մինչեւ տարեվերջ այցելուների համար փակ են թե Ռիգայի ամրոցը, թե «Սեւագլուխների պալատը»: Բայց, իբրեւ կատարյալ հավատարմություն կառավարման ասպետական ու եվրոպական դրվածքների, ոչ մի զինված, նույնիսկ անզեն պահակ, դարպաս գոյություն չուներ «Սեւագլուխների պալատի» առջեւ: Ով ցանկանում է, կարող է դուռը բացել եւ մտնել նախագահի աշխատակազմ: Նախագահը հետաքրքի՞ր չէ, ավելի հետաքրքիր են սաթից (amber, янтарь) զարդե՞րը` կողքի աջ դուռը բացիր: Զարդերը դիտեցիր, ավարտեցիր՝ շարժվիր նախագահականի մուտքից ձախ, այդտեղ էլ Զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոնն է: Այդքան հասանելի են իշխանությունները եւ նախագահը: Պատկերացրեք միայն, որ ՀՀ նախագահական նստավայրի առջեւից հեռացված լինեին դարպասը, պարիսպը, անվտանգության աշխատակիցները, եւ նույն դյուրությամբ հնարավոր լիներ մտնել նախագահական պալատ, Սերժ Սարգսյանից ի՞նչ կմնար… Եվ այդ տարբերությունը հրաշալի ցույց է տալիս, թե ՀՀ իշխանությունները որքան հեռու են իրենց կոչմանը համապատասխանելուց:



Իմիջիայլոց, նախագահական նստավայրի հասանելիությունից առանձնապես չզարմացա, որովհետեւ, Ռիգայից բացի, Արեւելյան Եվրոպայի եւս մի մայրաքաղաքում եմ եղել` 2006-ին Բրատիսլավայում, Սլովակիայում: Այն ժամանակ հենց նախագահական պալատ էի գնում` Սլովակիայի նախագահից` Իվան Գասպարովիչից հարցազրույց վերցնելու: Սլովակիայի նախագահի նստավայրը Գրասսալկովիչ պալատ է կոչվում (կոմս Գրասսալկովիչը եղել է Մարիա-Թերեզիա թագուհու խորհրդականը 1700-ականներին), այնտեղ պալատի առջեւ կար դարպաս, մեկ-երկու աշխատակից էին շրջում: Մոտեցա իրենց, ասացի, որ լրագրող եմ, նախագահականում հարցազրույց եմ վերցնելու։ Ասացին` նախագահն ինչ-որ միջոցառման է մեկնել, դեռ չի վերդարձել, բայց, խնդրեմ, մտեք պալատ, այնտեղ ավելին կիմանաք: Հարցրի` ինչպե՞ս, հիմա ուղղակի կարող եմ մտնել պալա՞տ: Ասացին` այո, իհարկե, անցեք: Այդ ժամանակ զարմացա: Ամեն դեպքում, առանց մի խնդրի, առանց մի ստուգման մտա նախագահական պալատ, առաջին հարկում աշխատակազմի քարտուղարությունն էր, իրենց ասացի, որ հարցազրույց պետք է վերցնեմ, ճշտեցին, թե նախագահը երբ կվերադառնա, ասացին, թե երբ պետք է գալ, եւ այդպես… մինչեւ հիմա էլ հարցազրույցից ավելի այդ դրվագն է մնացել հիշողությանս մեջ:



Լատվիայում էլ կառավարական շենքեր մտնելու նույն դյուրությունը եւ պատկերն էր: Այլ հարց, որ կոնկրետ մայիսի 21-ին «Սեւագլուխների պալատ» հնարավոր չէր մտնել, քանի որ նախագահը պալատի դիմաց դիմավորում էր իր բարձրաստիճան եվրոպացի հյուրերին: Իմիջիայլոց, դժվար է ասել՝ տեխնիկական միջամտությա՞մբ ամպերը ցրեցին, թե՞ ինքնահոսով ամպերն անհետացան, արեւն սկսեց շողալ, ամեն դեպքում, երեկոյան դիմավորման արարողությանը հրաշալի եղանակ էր:
Գագաթնաժողով՝ առանց աժիոտաժի

Եթե «Սեւագլուխների պալատում» տեղակայված նախագահի նստավայրի հասանելիությունից չէի զարմացել, փոխարենը միանգամայն զարմացել էի նրանից, թե անվտանգության ապահովման տեսակետից այդքան մեծամասշտաբ ու բարդ միջոցառումը, երբ ամբողջ Եվրոպայի ղեկավարությունը գտնվում է միեւնույն վայրում, ինչ աննկատ ու հանգիստ անցավ Ռիգայում: Քաղաքի կենտրոնից դուրս մյուս թաղամասերում երեւի միայն օդում պտտվող ուղղաթիռների հռնդյունից էր հնարավոր կռահել, որ քաղաքում ինչ-որ կարեւոր, անվտանգության ապահովում պահանջող միջոցառում է ընթանում: Իսկ քաղաքի կենտրոնում ապշել կարելի էր… Դաուգավա գետի հանդիպակաց ափերին էին գտնվում երկու շինությունները, որոնցում ընթանում էին ԱլԳ գագաթնաժողովի հիմնական միջոցառումները:



Կենտրոնում, Դաուգավայի վրայով անցնում են մի քանի կամուրջներ (գեղեցիկ կամուրջներ են, սքանչելի ճեմուղիներ)։ Դրանցից մեկի` Ակմենս կամրջի մի կողմում` Հին քաղաքի հատվածում, գտնվում է «Սեւագլուխների պալատը», որտեղ 21-ի դիմավորման արարողությունն էր, իսկ կամրջի մյուս կողմում Լատվիայի Ազգային գրադարանն է, որտեղ էլ գումարվում էր ԱլԳ աշխատանքային նիստը։ Գրադարանն ապակեպատ, նորակառույց շինություն է, ապակյա ճարտարապետության այլ կոթողների համեմատությամբ` զարմանալի գեղեցիկ:



Ի՞նչ եք կարծում, Երեւանում լիներ այդ միջոցառումը, մեկի մտքով կանցնե՞ր, որ կարելի է կամուրջը չփակել: Երբեք։ Իշխանությունն անվտանգության պատրվակով կփակեր երկու շինությունների միջեւ ամեն երթեւեկություն, ինչպես ամեն երկրորդական հյուրի պատճառով Մաշտոցի ու Բաղրամյան պողոտաներն են փակում, եւ դույզն իսկ չէին մտահոգվի, թե որքան անհարմարություն են պատճառում մարդկանց։ Հապա եթե Ռիգայի նման, ողջ Եվրոպայի ղեկավարությունը ժամաներ, ի՞նչ կանեին, երեւի ընդհանրապես Փոքր կենտրոնը կփակեին: Իսկ Ռիգայում անգամ մի կամուրջ չէր փակվել` ոչ հետիոտների համար, ոչ մեքենաների: Անվտանգության ճաղերը դրվել էին միայն մայթեզրին: Այդ ահռելի միջոցառման արդյունքում ընդամենը Ազգային գրադարանին հարակից երկու հանդիպակաց ավտոբուսային կանգառներն էին տեղափոխվել, ուրիշ ոչինչ: Ինչպե՞ս չհարգես նման իշխանությունը, ինչպե՞ս չհարգես նման պետությունը, որն իր քաղաքացու հարմարավետության մասին է հոգում անգամ ողջ աշխարհի ղեկավարների հյուրընկալելիս: Վատ չէր լինի, որ Հայաստանում իշխանության հասած գեղջուկները դա տեսնեին եւ սովորեին:



Ընդսմին, Հին քաղաքում էլ միայն «Սեւագլուխների պալատի» առջեւի հրապարակն էր փակվել, ուրիշ ոչինչ, թեեւ տասնյակ երկրների նախագահներ ու վարչապետներ այդտեղ էին ժամանում: Իսկ Ռիգայի տաճարի հրապարակում, որտեղ գտնվող Արվեստի թանգարանում գումարվել էր ԵԺԿ գագաթնաժողովը, ընդհանրապես ոչ մի երթեւեկություն չէր փակվել: Այդքան հանգիստ, անվտանգ ու աննկատ էր կազմակերպված ԱլԳ գագաթնաժողովը, որը, անկախ արդյունքից, իր կազմակերպվածությամբ արդեն հիացնում էր:




Մի էական տեղեկություն Բրյուսելից

Մինչեւ գագաթնաժողովից դուրս մնացյալ Ռիգայի մասին պատմելը, մի տեղեկության կա, որ թեեւ գագաթնաժողովի օրերին էր տարածվել, բայց վստահ չեմ, թե հայաստանյան մամուլին հասել էր: Գագաթնաժողովի օրը` մայիսի 21-ին, EEAS-ը (Եվրոպայի արտաքին գործունեության ծառայությունը) Eastern Partnership A Policy that Delivers վերնագրված մամլո հաղորդագրությամբ հայտնել էր, որ «Եվրոպական հանձնաժողովը մայիսի 19-ին հաստատել է Եվրոպայի խորհրդին ներկայացվող բանակցային մանդատի նախագիծը՝ ճանապարհ հարթելով Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մոտալուտ մեկնարկի համար» (The European Commission adopted on 19 May a proposal to the Council for a new mandate, paving the way for negotiation of a new agreement between the European Union and Armenia soon)։
Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ դեռ ԱլԳ գագաթնաժողովը չմեկնարկած՝ արդեն Հայաստանի համար ամենից կարեւոր զարգացումն արձանագրվել էր: Եվրոպական հանձնաժողովը հաստատել է բանակցային մանդատի նախագիծը, մնում է հունիսին գումարվող Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ առաջնորդները դրան հավանություն տան, որից հետո վերջապես կմեկնարկեն ԵՄ-Հայաստան նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունները: Համաձայն հանձնակատար Հաննի դեռ մարտին բարձրաձայնած սպասումներին` բանակցություններն ընթացիկ տարում էլ պետք է ավարտվեն, եւ համաձայնագիրն ստորագրվի:



Շարունակելի...