Արշակ 2-րդ թագավորի դամբարանի պեղումներն ընթանում են․ վարչապետը շուտով կայցելի Աղձք

Արշակ 2-րդ թագավորի դամբարանի պեղումներն ընթանում են․ վարչապետը շուտով կայցելի Աղձք

Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը բավականին ոգևորված և գոհ է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Արշակ Երկրորդ թագավորի դամբարանի պեղումների աշխատանքով։ Hraparak.am-ի հետ զրույցում այսօր պարոն Ախոյանն ասաց, որ դա համար առաջին սրբատեղին է մեզ՝ հայերիս համար և մեզ բաժին հասած Հայաստանում միակ թագավորական դամբարանն է, որի տեղը հայտնի է, ու այն մինչև վերջերս գտնվում էր կիսատ պեղված և անմխիթար վիճակում։ Դեռ անցյալ տարի Կառավարության որոշմամբ 50 մլն դրամ է հատկացվել այդ տարածքում պեղումների անցկացման համար։ Աշխատանքներն այս տարվանից արդեն մեկնարկել են։



«Էդ հարցը մի քանի անգամ բարձրացվել է խորհրդարանում, և անցած տարվա սեպտեմբերին, նիստի ժամանակ վարչապետը ադեկվատ արձագանքեց հենց դահլիճում, ինձ անմիջապես ժեստով հրավիրեց իր մոտ, ես մոտեցա, հարցրեց՝ ի՞նչ է պետք անել»,-ասաց նա՝ նշելով, որ դրան հետևել է վարչապետի այցը այդ գյուղ, որտեղ ընդունվել է որոշում՝ տրամադրել գումար․ «Միանգամից դա մտավ հաջորդ տարվա բյուջեի մեջ, և հիմա ընթանում են պեղումների աշխատանքները»։



Ախոյանի խոսքով՝ ինքը կապի մեջ է վարչապետի հետ այս թեմայով, և մոտ օրերս կրկին այց կլինի վարչապետի կողմից դամբարան՝ ծանոթանալու կատարվող աշխատանքներին։
«Բյուջեով տրամադրված է 50 մլն դրամ՝ պեղումների համար, բայց հետագայում այն արժևորելու, թանգարանային համալիրը սարքելու, այն պահպանելու համար արդեն լրացուցիչ գումարներ են անհրաժեշտ։ Ես կիրակի օրն այնտեղ էի, և մինչև առավոտյան ժամը 12-ը արդեն շուրջ 250 այցելուներ եկան տարբեր երկրներից, ովքեր մեծ հետաքրքրությամբ շրջում էին այնտեղ, լսում էին այդ պատմությունը․․․»,-ասաց մշակութային հարցերով զբաղվող պատգամավորը՝ նշելով, որ հիմա զուգահեռ ընթանում են և՛ պեղումների աշխատանքները, և՛ տուրիստներ են այցելում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ