Կասկածները չեն փարատվել

Կասկածները չեն փարատվել

Երեկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կրկին մեկնել է Վենետիկ` ներկայացնելու բարեփոխումների փաթեթի վերջնական տարբերակը: Նախորդ օրը նախագահականում տեղի ունեցած կուսակցությունների «ընդլայնված» հանդիպումը հենց սրան է վերաբերել: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, Դաշնակցությունից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը, Հովիկ Մարգարյանը, ՀՀՇ-ից` Ալիկ Արզումանյանը, «Ազատ դեմոկրատներից»` Խաչիկ Քոքոբելյանը, ՀՀԿ-ից` վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, «Ժառանգությունից» մարդ չի եղել: Հանձնաժողովի փորձագետը ներկայացրել է Վենետիկ տարվելիք փաթեթն ընդհանուր գծերով, ասվել է` գնանք-գանք, «խորանանք» դետալների մեջ: Բավականին թեժ դիսկուրս է ընթացել, մասնավորապես, երկրի գերագույն հրամանատարի եւ մարզային ընտրիչների խնդիրների շուրջ, քանզի փաթեթում վարչապետի լիազորությունները շատ մեծ են եղել: Հարց է հնչել․ արդյոք այս փաթեթով այն մտահոգությունները, որ կապված էին երկրի անվտանգության ապահովման հետ, փարատվե՞լ են։ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ «մեծ հաշվով` այնքան էլ չէ, բայց մենք պետք է առաջ գնանք»: Հանդիպման որոշ մասնակիցներ էլ իրենց խորը դժգոհությունն են հայտնել վարչապետի լիազորությունների այդքան մեծացման առնչությամբ, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ սա դեռ վերջնական տարբերակը չէ, էլի քննարկումներ կլինեն: