Մանախը շուտով կգնա աշխատանքի

Մանախը շուտով կգնա աշխատանքի

 



Վերջին շրջանում դատավորները, կարծես թե ավելի բարեհաճ են գտնվում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանի հանդեպ, որը ավելի հայտնի է որպես Մանախ։ Դատապարտյալ Արթուր Այվազյանը 2001 թվականից՝ ձեռբակալման պահից, պայքարում է իր իրավունքների համար և միայն երկու որոշում է ստացել դատավորներից իր օգտին։ Առաջինը անցյալ տարվա նոյեմբերին էր, երբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարոյանը պարտավորեցրեց ՔԿՀ-ին վերացնել պատժի կրումից ազատման անկախ հանձնաժողով չներկայացնելու մասին որոշումը։ Երկրորդ «դրական» դատական ակտը կայացվել է հուլիսի մեկին, վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ։ Այն վերաբերում էր Մանախին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցին։ Դատարանը բավարարել է Այվազյանի փաստաբանի՝ Հայկ Ալումյանի բողոքն ըդդեմ առաջին ատյանի, և պարտադրել է քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը պետք է վերականգնի Արթուր Այվազյանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու իրավունքը։ Վերաքննիչ դատարանը սահմանել է, որ հանձնաժողովը խախտել է Արթուր Այվազյանի պետական մարմնի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, Այվազյանին բաց ուղղիչ հիմնարկ չտեղափոխելով, կայացրել է անհիմն և ոչ պատշաճ որոշում։ Ի դեպ, հանձնաժողովն ակնհայտ հակաժողովրդական պատճառաբանություն էր բերել, գրելով որոշման մեջ, որ Այվազյանը կրկնակի անգամ է դատապարտվել, հետևապես չի կարող բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվել։   Եթե դատախազությունը չբողոքարկի այս որոշումը, ապա Մանախին վերջապես կտեղափոխեն Սովետաշենի գաղութ, որտեղ նա կբնակվի և որտեղից շաբաթը 5 օր աշխատանքի կգնա։ Առաջին հայացքից, ուղղիչ հիմնարկի ռեժիմի փոփոխությունը կարող է չնչին հարց թվալ, սակայն անգամ նման հարցով հազվադեպ են դատապարտյալների օգտին որոշումներ ընդունվում, և կալանավայրերում այս որոշումը մեծ ոգևորություն է առաջացրել։