ՏՎԽ-ն ինդուլգենցիա է գրել պաշտոնյաների համար

ՏՎԽ-ն ինդուլգենցիա է գրել պաշտոնյաների համար

Շուշան Դոյդոյանի ղեվավարած մարմինը՝ «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» անունով ՀԿ-ն, ասելու բան ունի Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակի» վեճով, որը ներկայում դատարանում է։ Օրերս այս կազմակերպությունը, Սեյրան Օհանյանի կնոջ փաստաբանի խնդրանքով, կարծիք է հրապարակել գործի վերաբերյալ․ «Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հոդվածում հանրային դեմքի անձնական, ընտանեկան կյանքի որեւէ դրվագի վերաբերյալ տեղեկատվության տարածումը չի կարող ինքնին կասկածի տակ դնել նման տեղեկատվության իրավաչափության հարցը։ Շատ բան կախված կլինի նրանից, թե դատաքննության ընթացքում լրատվամիջոցը որքանով կկարողանա հիմնավորել, որ լրագրողը գործել է բարեխղճությամբ, որ տեղեկատվությունն ուղղված չի եղել ընթերցողների նեղ խմբի անձնական հետաքրքրասիրությունը բավարարելուն, այլ լրացնում էր հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ հարցի հանրային քննարկմանը»։ Ահա այսպես՝ ոչ նալին, ոչ մեխին։ Եթե, իհարկե, չնկատենք պատվեր կատարելու մասին ակնարկը․ «հիմնավորել, որ… տեղեկատվությունն ուղղված չի եղել ընթերցողների նեղ խմբի անձնական հետաքրքրասիրությունը բավարարելուն»։ Նորմալ է, որ Սեյրան Օհանյանի կնոջ փաստաբան Կարեն Մեժլումյանը ցանկացել է իր արսենալում ունենալ Շուշան Դոյդոյանի եւ նրա ղեկավարած կազմակերպության գլխավոր էքսպերտ, իրավաբան Արա Ղազարյանի եզրակացությունը, որի հետ Մեժլումյանը, ի դեպ, բավականին ջերմ ընկերական հարաբերություններ ունի։



ՏՎԽ-ն որպես խաղաղության աղավնի է ներկայանում մամուլի եւ մամուլից վիրավորվածների միջեւ։ Մի կողմից՝ որպես նպատակ ազդարարում է խոսքի ազատության պաշտպանությունը, տեղեկատվության մատչելիությունը, մյուս կողմից՝ անձի արժանապատվությունն ու մասնավոր կյանքի իրավունքը։ Սա դեռ հասկանալի է․ ՀԿ է եւ աշխատում է՝ ինչպես կարող է, բնականաբար, գրանտներ ստանալու խնդիր էլ ունի։ «Ոչ մեկին չենք պաշտպանում, փորձում ենք չազդել արդարադատության իրականացման վրա, միաժամանակ հավասարակշռել բախվող արժեքները»,- ասում է Շուշան Դոյդոյանը։ Բայց փաստաթղթում մի պարբերություն կա, որով մամուլի պաշտպանությանը կոչված ՀԿ-ն փորձում է օգտակար լինել պաշտոնյաներին։ «Պաշտոնատար անձի, հանրային դեմքի անձնական կյանքի շրջանակը, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամների հետ կապված դեպքերը, իրադարձությունները, նույնպես կարող են լինել լրագրողական ազատության օբյեկտ այնքանով, որքանով դա կապ ունի այդ անձի հանրային գործառույթների, հանրային նշանակության որոշումների ու գործողությունների հետ։ Այս իմաստով հատկապես կարեւոր է, թե արդյոք անձնական կյանքի որեւէ դրվագի վերաբերյալ տեղեկատվությունն ուղղված է եղել որեւէ հարցի շուրջ ծավալված հանրային բաց բանավեճի ծավալմանը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդրի, երեւույթի շուրջ հանրային քննարկմանը լրացնելուն»։



Ինչպես հիշում եք, մեզ մեղադրում են նախարարի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին զրպարտելու, ըստ hzham.am կայքի, նրա մասնակցությամբ 2003 թվականին տեղի ունեցած վթարի մասին տեղեկություններ հրապարակելու մեջ։ Ստացվում է, որ այս վթարը պաշտոնական անձի անձնական կյանքի շրջանակին է վերաբերում, սա, ըստ hzham.am-ի, նրա ընտանիքի անդամի հետ կապված դեպք է, եւ, ուրեմն, այս մասին գրել չի կարելի, մանավանդ, որ այս մասին բաց բանավեճ չկա։ Այսինքն, եթե վաղը նախարարներից որեւէ մեկը, նույն Սեյրան Օհանյանը, օրինակ, չափալախի կամ ծեծի իր ընկերոջը, ոչ ոք այս մասին չպետք է գրի, որովհետեւ սա նրա անձնական կյանքին է վերաբերում, նրա ընկերոջ հետ կապված դեպք է։ Հետաքրքիր է, որ պաշտոնյաների մեղքերի թողության համար նման «իրավական» հիմքերի տակ ստորագրում են հայտնի իրապաշտպան Արա Ղազարյանը եւ, ինչն ավելի ցավալի է, թերթի խմբագիր, մեր հարգարժան գործընկեր Արամ Աբրահամյանը։