Տիգրան Ուրիխանյանը «թերևս խորհրդարանական» կառավարման մոդելի կողմնակից է

Տիգրան Ուրիխանյանը «թերևս խորհրդարանական» կառավարման մոդելի կողմնակից է

Նորաստեղծ «Ալյանս» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ի սկզբանե դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին՝ որպես իշխանության վերարտադրման մեթոդ, սակայն թե՛ ինքը, թե՛ իր համախոհները կառավարման մոդելի ընտրակարգի, այսինքն՝ համամասնականին անցման և իշխանության բալանսավորման վերաբերյալ մշտապես դրական են արտահայտվել:



Նրա համար, եթե իշխանության վերարտադրման հարցն ու ևս երկու հարց՝ կիսապատերազմական պայմաններում զինված ուժերի ղեկավարման և տնտեսության օպերատիվ կառավարման անհրաժեշտության պարագայում այս փոփոխությունների ազդեցության հարցերը բացառվում են, ապա փոփոխությունների թեման քննարկման առարկա կարող է լինել իր համար, եթե ոչ, ապա՝ դեմ է ինքը: Այս հարցում, սակայն, նա հատկապես առանձնացրեց առաջին կետը. «Եթե բացառվի, ընդ որում՝ Սահմանադրության նախագծով, ոչ թե խոստումներով, քաղաքական մեծամասնությունը զավթած գործող իշխանության վերարտադրումը, ապա մենք, բնականաբար, կողմ ենք լինելու, և կարծում եմ՝ բոլորն են կողմ լինելու»:



Հարցին թե ինքը, փաստորեն, 100 տոկոս համամասնական ընտրակարգի և լիարժեք խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է, ԱԺ պատգամավորն ասաց. «Լիարժեք խորհրդարանական կառավարման՝ ոչ: Ես ասացի երկու վերապահում՝ այսօրվա մեր տնտեսական վիճակը ենթադրում է տնտեսության օպերատիվ կառավարում, դա հանգամանք է, որը խնդրահարույց է խորհրդարանական կառավարման պարագայում, եվ երկրորդը՝ զինված ուժերի ղեկավարման հարցը»:



Հարցին՝ այդ դեպքում ինքը կառավարման ինչպիսի՞ մոդելի կողմնակից է, Ուրիխանյանն ասաց. «Թերևս խորհրդարանական՝ բացառությամբ այդ երկու հանգամանքների»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ