Բա խելքը գլխին մարդը հազարամյակների պատմություն ունեցող աղբյուրը կքանդի՞

Բա խելքը գլխին մարդը հազարամյակների պատմություն ունեցող աղբյուրը կքանդի՞

Լոռու մարզի Այգեհատ համայնքը մարզի ամենակոլորիտային ու հետաքրքիր գյուղերից մեկն է՝ շուրջ 80 տնտեսությամբ, 250 փաստացի ապրողներով եւ իր բազմաթիվ չլուծված խնդիրներով։ Այգեհատը կամ Իգահատը, ինչպես տեղացիներն են ասում, տոհմիկ գյուղ է, այստեղ գրեթե բոլորը Շահվերդյան ազգանունն ունեն։ Կան նաեւ մի քանի Զավարյաններ՝ Սիմոն Զավարյանի տոհմից, նաեւ մեկ-երկու այլ ազգանունով ընտանիքներ, որոնք վերջին տարիներին են գյուղում տնավորվել։ Թեպետ Այգեհատում Շահվերդյանները բազմաթիվ հայտնի ու նշանավոր, օգտակար դեմքեր են տվել պատմությանը, սակայն գյուղի կենտրոնում բավականին աչքի ընկնող, շքեղ տեսքով կանգնած է Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Զավարյանի հանդեպ պաշտամունքն է թերեւս պատճառը, որ Այգեհատը շատերը համարում են պրոդաշնակցական գյուղ, թեպետ ընտրությունների ժամանակ, «խիստ անհասկանալի» ավանդական պատճառներով, Հանրապետականն է հաղթանակ տանում։ Այգեհատը Լոռու մարզի խոշորացման տակ ընկած 7 համայնքների մեջ չի մտնում, գյուղապետն ասում է՝ լավ է, որ չի մտնում, քանզի ինքն էլ, գյուղացիներն էլ դեմ են դրան։ Այս փոքրիկ ու փոքրաթիվ բնակչությամբ գյուղում չլուծված խնդիրները շատ են, 2012-ից գյուղը ղեկավարող գյուղապետ Սամվելը, ով եւս Շահվերդյան ազգանունն է կրում, վստահեցնում է, որ ինչ ձեռքից գալիս է, անում է գյուղի համար, սակայն բյուջեն փոքր է եւ չի բավականացնում բոլոր խնդիրների լուծմանը։ Գյուղացիներից շատերը, սակայն, այլ կարծիքի են, որ Շահվերդյանը կարող է ավելին անել, քան անում է, եւ որ նախորդն ավելի լավ էր աշխատում։ «Թե գյուղի համար մի բան անում ենք, էլի մենք՝ իգահատցիներս ենք անում»,- անկեղծանում էին նրանք։ Գյուղի կենտրոնում մի հին, պատմական աղբյուր կա, որից տարիներ շարունակ օգտվում են իգահատցիները, աղբյուրի ջուրը երկար քարե ջրանցք է լցվում, որից էլ ջուր են խմում գյուղի անասունները։ Խոսքուզրույցի ընթացքում իգահատցիները մտահոգություն հայտնեցին, թե հնարավոր է, որ գյուղապետն անձնական նպատակներով քանդել տա այդ աղբյուրը, որն այնքան հին է, որ պատմական հուշարձանների շարքն է դասվում։ Գյուղապետը, սակայն, կտրականապես հերքեց դա։ Գյուղն ունի դպրոց՝ իր ֆուտբոլի դաշտով, իհարկե՝ հին, սովետական շրջանից ժառանգություն մնացած շինություն է, ունեցել է նաեւ մանկապարտեզ, որն այսօր չի գործում եւ կիսախարխուլ վիճակում է։ Գյուղացիները տարբեր խնդիրներ մատնանշեցին, որոնց լուծման համար ոչ այնքան միջոցներ, որքան ցանկություն է հարկավոր։ Ի դեպ, Այգեհատը մարզի «տուժած» գյուղերից է, քանզի, ասում են, գյուղին պատկանող հողերի մեծ մասը վերցրել տվել են հարեւան Արդվի գյուղին։ Միակ աշխուժությունը, որ նկատվում էր արտագաղթի հետեւանքով էապես նոսրացած այս գյուղում, Համաշխարհային բանկի միջոցներով ակտիվորեն վերակառուցվող ճանապարհն է, որ ձգվում է հարեւան Օձունից Այգեհատով մինչեւ Ստեփանավան։ Սրանից բավականին ոգեւորված էին իգահատցիները, ասում են՝ սա կարող է նոր կյանք հաղորդել գյուղին ու գյուղացիների համար գյուղում մնալու, գյուղը չլքելու խթան հանդիսանալ։ Գյուղի կենտրոնում մի փոքրիկ խանութ կար, որը մտանք՝ զովացուցիչ մի բան գնելու։ Խանութը, պարզվեց, գյուղապետինն է, ով այդ պահին ներսում էր։ Խանութը, սակայն, կիսադատարկ էր, ապրանք գրեթե չկար, որովհետեւ «առեւտուր չկա»։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Սամվել Շահվերդյանի հետ, ով նախ փաստեց գյուղում լուծման ենթակա խնդիրների առկայության մասին։



- Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ մեր մոտ խնդիրներ կան, իհարկե, ու բազմաթիվ են խնդիրները, բոլորը լուծում պահանջող, բայց կան առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ։ Ցավոք, մեր բյուջեն այդքան մեծ չէ, հնարավորություն չունի… բյուջեն կազմում է մոտ 8 միլիոն դրամ։ Որոշ ծախսեր նախատեսել ենք, եկամուտները չեն համապատասխանում, ու մենք, բնականաբար, բյուջեն պետք է կրճատենք։



- Ինչո՞վ են զբաղվում այգեհատցիները, ապրուստի հիմնական միջոցը ո՞րն է այստեղ։



- Մեր մոտ հողագործություն, անասնապահություն, էդ երկու ճյուղերն են հիմնականում, այգեգործություն չունենք, դե, մարդիկ իրենց տնամերձ հողամասերում այգի ունեն փոքր, բայց դա չի կարելի համարել այգեգործություն։



- Գյուղում այս մի խանութը նկատեցի, որը, ինչպես հասկացա, Ձե՞ր խանութն է։ Ինչպե՞ս են գործերը, առեւտուր լինո՞ւմ է, խանութում դատարկություն նկատվեց։



- Դե, իմ խանութ ասելով, սա իմ սեփական շենքն ա, ես մինչեւ գյուղապետ լինելը գնել եմ էս շենքը, ես էի անհատ ձեռներեցը, ուղղակի ես հիմա պաշտոնի բերումով չեմ կարող լինել անհատ ձեռներեց, ու հիմա իմ ընտանիքն է տնօրինում։ Դատարկություն… հա կա, տենց ա… Դե, ֆինանսական խնդիրներն են պատճառը, ինչպես միշտ, ֆինանսն ա յուրաքանչյուր բիզնեսի խթանիչ ուժը, ժողովուրդն էդքան վճարունակ չէ, ես էլ աշխատում եմ՝ ինչքան հնարավոր ա, էդքանով ապրանքատեսակները պահել։ Հիմա լրիվ տալիս ենք էդ «նիսյա» կոչվածը, ասում ենք, հայավարի, էդ տարբերակով… մարդ կա՝ երկու տարի առաջ տվել ենք ապրանքը «նիսյա», մինչեւ հիմա չի վերադարձրել։



- Խնդիրներից խոսեցինք, բայց պարզ չդարձավ, օրինակ, այս երեք տարվա ընթացքում ինչպիսի՞ գյուղապետ եք, Ձեր նախաձեռնությամբ ի՞նչ խնդիրներ են լուծվել գյուղում։
- Ես տենց ամպագոռգոռ բառեր չեմ ասի, հնարավորության սահմաններում արել եմ՝ ինչ որ հնարավոր ա, հին աղբյուր ունենք, վերանորոգել ենք, էդ աղբյուրը շուտվանից եղել ա, հին աղբյուր ա…



- Դա մնալո՞ւ է, թե՞ կքանդվի։



- Չէ, անպայման մնալու ա, ո՞վ կարա… բա խելքը գլխին մարդը հազարամյակների պատմություն ունեցող աղբյուրը կքանդի՞։ Պատմական հուշարձան ա դա արդեն… որ ջրերը կտրում են, մենք էդ ջրի հույսին ենք մնում, մեր պապերը որ եկել են էստեղ, էդ ջի հույսին են եկել։



- Իսկ այս պահին լուծման ենթակա ի՞նչ խնդիրներ կան գյուղում։



- Շատ են, էլի, խնդիրները, ես չեմ կարա հիմա դասակարգեմ առաջնահերթն ու երկրորդականը, բայց ասեմ՝ լուսավորություն ենք քաշել՝ փողոցների գիշերային լուսավորություն, առայժմ ինը լուսարձակ տեղադրել ենք, որ հետագայում էլի ավելացնենք։



- Գյուղում ճանապարհաշինարարություն է ընթանում, ո՞ւմ նախաձեռնությամբ է, ե՞րբ է մեկնարկել, ո՞ւմ միջոցներով։



- Իմ տեղեկություններով՝ Համաշխարհային բանկի միջոցներով է իրականանում։ Ըստ իմ իմացած տվյալների՝ էս շինարարությունը պետք է շուտ լիներ, հիմա նորից վերսկսել են, իմ իմանալով՝ որոշ մարդկանց ջանքերով, առաջինը մեր նախագահն ա նպաստել, որ էս ճանապարհը կառուցվի, նաեւ մարզպետը, մնացածը…



- Նախագահ ասացիք՝ հիշեցի, կուսակցակա՞ն եք։



- Այո, Հանրապետական կուսակցության անդամ եմ։



- Շա՞տ են այստեղ հանրապետականները, ՀՀԿ կառույց տարածքում կամ գյուղում կա՞, եւ այլ կուսակցության անդամնե՞ր էլ կան։



- Հա, շատ են, ՀՀԿ-ի տարածքային կառույց էլ կա, բայց այլ կուսակցականներ՝ չգիտեմ, եթե կան էլ, ես տեղյակ չեմ, որ լինեին՝ կիմանայի։



- Ընտրությունների ընթացքում պատկերն ինչպե՞ս է լինում՝ հիմնական մասը ՀՀԿ-ի՞ ձայներն են լինում։
- Իմ պաշտոնավարման ընթացքում երեք ընտրություն է եղել՝ իմն էլ հետը հաշված, ու երեքում էլ, ոնց որ, Հանրապետական կուսակցությունն է հաղթել ու մաքուր ձեւի, ոչ թե, ասենք, ինչ-որ այլ ճանապարհներով։



- Իսկ «այլ ճանապարհներով» լինո՞ւմ է սովորաբար, թե՞ լինում է, բայց Դուք տվյալներ չունեք։
- Դե՝ ասում են, շատ են ասում, հեռուստատեսությամբ, ժողովրդի մեջ, բայց ես տվյալներ չունեմ։



- Կցանկանայի՞ք նորից ընտրվել, բնակչությունը, ըստ Ձեզ, գո՞հ է Ձեզանից։



- Ինձ թվում ա՝ գոհ են… դե, գյուղ չկա կամ համայնք չկա, որ բոլորը գոհ լինեն։ Եթե գոհ մասսան կա, պետք է դժգոհն էլ լինի, ինչպես մի տան մեջ՝ եթե երեք հոգի մի բանի կողմ են, չորրորդը կամ հինգերորդը դժգոհ են լինում նույն հարցի շուրջ, էդ էլ ա բնական… ինձ թվում ա, որ մեր ժողովուրդը պետք է որ մեծ մասամբ գոհ լինեն ինձանից, բայց դա արդեն պետք է իրենցից հարցնեք։