«Рафик ни в чем не виноват», կամ՝ Ավետիսյանը, որպես «անտիհերոս»

«Рафик ни в чем не виноват», կամ՝ Ավետիսյանը, որպես «անտիհերոս»

«Էյր Արմենիայի» սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանը, որին ծեծի էին ենթարկել Ռուբեն Հայրապետյանի հրահանգով, շարունակում է օրվա անտիհերոսը մնալ։ Նրան մեղադրում են, դատապարտում են, նույնիսկ համեմատում են Գագիկ Ծառուկյանի հետ, որին հրապարակավ նսեմացրին եւ հնազանդեցրին, ինչպես գազանանոցից փախած առյուծի, եւ նա չընդվզեց։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ խուլիգանություն կատարած անձանց անհրաժեշտ է ենթարկել պատասխանատվության, քանի որ տուժել է հասարակությունը։ «Եթե Արսեն Ավետիսյանը հաշտվել է իրեն ծեծողների եւ ծեծի հրամանը տվողի հետ, չի նշանակում, որ ծեծ տեղի չի ունեցել, չի նշանակում, որ ծեծի վայրում, որը հանրային տարածք է, հանգստացողները չեն դադարեցրել իրենց հանգիստը, չի նշանակում, որ խուլիգանություն տեղի չի ունեցել: Այդ դեպքում Շանթ Հարությունյանի նկատմամբ խուլիգանության հոդվածով մեղադրանքը պետք է հանվի: Շանթի դեպքում հանրությունը ոչ թե բողոքում էր Շանթից, այլ աջակցում էր: Արսեն Ավետիսյանին ոտնատակ տվողներին հանրությունը չէր աջակցում, այլ նրանց հանցավոր գործողություններից առաջացած վախից լեղապատառ փախչում էր»: Հրապարակախոս Կարեն Քոչարյանը, թերեւս, ամենակտրուկ արտահայտությունն արեց ՖԲ-ում, խոսքն ուղղելով Արսեն Ավետիսյանին եւ նրա կնոջը, ով ծեծից անմիջապես հետո աղմուկ բարձրացրեց ԶԼՄ-ներով․ «Տիկին ջան, Ձեզ ու Ձեր ամուսնուն հասնում էր»։ Համացանցը վրդովված էր։



Իզաբելլան Արսենին փրկել է մահից



Ինչեւէ, պետք է ընդունել, որ եթե Իզաբելլան չլիներ, Արսենը գուցե կենդանի չմնար։ «Ինձ մի տանջեք, խնդրում եմ, ես հիմա ի՞նչ ասեմ։ Այլեւս հոգեպես չեմ կարողանում տանել հեռախոսը»,- ասում է շվարած կինը։ Նա վստահեցնում է, որ հիմա էլ համաձայն չէ իր ամուսնու հետ, եւ հիշեցնում է «Քոմեդի քլաբի» «Рафик ни в чем не виноват» հումորային մանրապատումը։ Ջութակահարին ծեծի ենթարկած քրեական հեղինակությանն արդարացնելու համար բարձրաստիճան պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ծեծի զոհը կոտրել եւ տրորել սեփական ակնոցները, ինքն իր ողերը ջարդել, ապա իրեն դուրս գցել պատուհանից՝ նոր «պրիյոմներ» ցույց տալով «ձյուդոյիստ» հանցագործներին։ Հարցին, թե արդյոք Արսեն Ավետիսյանը բողոքը հե՞տ է վերցնելու, Իզաբելլան պատասխանեց, որ Ավետիսյանը տվել է վկայություն, որը չի փոխելու։ Ինչո՞ւ համաձայնեց Արսեն Ավետիսյանը հաշտվել Նեմեցի հետ։ Չէ՞ որ ընկերության վարկանիշն այսպես թե այնպես արդեն վնասված էր, եւ այսկերպ վնասն ավելի մեծ եղավ, քանի որ հանրությունը դատապարտում է Ավետիսյանին հանցագործի հետ հաշտության համար։ Ահա կնոջ պատասխանը․ «Եթե դատերի մեջ մտնեին, այդ ամենը ձգվելու էր երկար ժամանակ, եւ ներդրողը կարող էր վախենալ այս երկրից»։ Սա այն կինն է, որը ՀՀ նախագահից իր ընտանիքի անվտանգության երաշխիքներ էր պահանջել․ «Ելնելով ամուսնուս նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից եւ հաշվի առնելով, որ որոշ անձինք, ի դեմս Ռուբեն Հայրապետյանի, դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետեւ առեւանգել եւ զրկել ազատությունից՝ իր կամքին հակառակ, մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք: Սպառնացել են, որ առանց այդ թուղթն ստորագրելու ազատ չեն արձակի»։



Արսեն Ավետիսյանի ոտքը ցավում է, ճնշումն էլ չի իջնում



Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Արսեն Ավետիսյանի ստացած վնասվածքների վերաբերյալ վերջնական դատաբժշկական եզրակացություն դեռ չկա։ Ըստ մեկ այլ աղբյուրի, որն իրավապահ համակարգից է եւ միանգամայն վստահելի, «Էյր Արմենիայի» տնօրենն իր բացատրության վերջում նշել է, որ բողոք չունի Ռուբեն Հայրապետյանից եւ ներում է այդ մարդուն։ Վերջինս դեպքից հետո ամեն օր եկել է Ավետիսյանի մոտ, խնդրել է իրեն ներել եւ, ի վերջո, ստացել է ներումը։ Ավետիսյանի մտերիմները վստահեցնում են, որ ներման պայման չի դրվել, ուղղակի «մարդկայինով» են խնդրել։ Չնայած ակնհայտ է, որ բացի «մարդկայինը», վախի կամ այլ գործոններ էլ են հաշտության մեջ դեր կատարել։ Արսեն Ավետիսյանը դեռ մարմնի տարբեր շրջաններում ցավեր ունի, վատ է տեղաշարժվում, ճնշումը չի իջնում։ Իսկ նրա կոտրված քիթը հազիվ թե խուլիգանների նկատմամբ ներողամտության տրամադրեր։



Նրան «տեղափոխել» են, ոչ թե առեվանգել



Իրավական առումով գործի ընթացքը որոշում է առեւանգման հանգամանքը։ Առեւանգումը մարդու դեմ ուղղված ծանր հանցագործություն է, եւ եթե ապացուցվի, որ առեւանգում եղել է, որ Արսենին պահել են անազատության մեջ, իր կամքին հակառակ, որ սահմանափակել են նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը, ապա, անկախ տուժողի դիրքորոշումից, հանցագործի նկատմամբ նրա ներողամտությունից, գործ կհարուցվեր։ Առեւանգման մասին Արսեն Ավետիսյանը ոչ քննիչներին, ոչ էլ հետաքննիչներին ոչինչ չի ասել։ Բայց, ախր, նրա նկարագրությունը շատ է նման առեւանգման։ «Ինձ 7-8 հոգու ուղեկցությամբ տեղափոխել են այլ տարածք, որտեղ ավելի շատ մարդիկ են եղել»,- ասել է Ավետիսյանը 1in.am-ին, ճիշտ այն ջութակահարի նման, որն ինքն իր ակնոցն ու ողերն էր ջարդել։ Իզաբելլա Մելքումյանը, որը եւ ԶԼՄ-ներին, եւ ՀՀ նախագահին պատմել էր առեւանգման մասին, այսօր փորձում է հարթել հակասությունը․ «Առեւանգում չի եղել, ես գուցե իրավաբան չեմ, ինձ որ ասեց՝ տարան մի կողմ, ու ես չունեի տեղեկություն, կարող է սխալ եմ ասել, ես այդ բառերի իրավաբանական իմաստը չգիտեմ»։



Տուժողը տուժող չէ



Այս ամենից հետո մտաբերեցի մի ծանոթ դատախազի բողոքը․ «Տուժողը տուժող չէ։ Որպեսզի գործ լինի, պետք է արժանապատիվ տուժող ունենաս»։ Իսկ արժանի տուժողներ մեր երկրում շատ չեն եղել։ Թերեւս, Սդղի գյոլի մոտ ծեծված Զաքարյան եղբայրներին հիշենք, որոնք մինչեւ վերջ կանգնած են իրենց ցուցմունքների հետեւում, եւ որոնց շնորհիվ վերջապես կալանավորվեց Սուրեն Խաչատրյանի որդին, մեղադրանքներ առաջադրվեցին անպարտ Լիսկայի եղբորն ու մյուսներին։ Արժանապատիվ տուժող էր նաեւ մարզպետի եւ նրա ընտանիքի զոհ Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանը։ Երեկ Կապանում նրա վերաբերյալ դատավճիռ կայացվեց։ Բուդաղյանը դատապարտվեց 120 հազար դրամ տուգանքի՝ մահվան սպառնալիքներ հնչեցնելու համար։ Սա մեծ պատիժ չէ, բայց այսպիսով արդարացվեցին Տիգրան Խաչատրյանի կրակոցները, որոնց հետեւանքով, ըստ փաստաբան Ալումյանի, մահացել է Ավետիք Բուդաղյանը։ Արտակ Բուդաղյանը չի հուսահատվում եւ դիմելու է վերաքննիչ դատարան։ Վատ տուժողներ էլ ենք ունեցել՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որին, ըստ մամուլի, հարվածել էր Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը, եւ որը մինչ օրս ոչ հերքում է տվել, ոչ բացատրություն։ Իսկ ըմբիշը հրաժարվեց բողոքելուց եւ լրատվամիջոցներին տեւական քաշքշուկի մեջ ներքաշեց։ Վատ տուժողի իրավահաջորդ էր նաեւ 2001 թվականին «Պոպլավոկում» Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը, որի պահվածքը դատաքննության կեսից կտրուկ փոխվեց, եւ պայքարի հաստատակամությունն էլ նվազեց, արդյունքում «Կուկուն» մի օր չնստեց՝ նրան պայմանական ժամկետ տվեցին։ Վատ տուժող էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանը, որին 2011 թվականի նոյեմբերին «Մարիոթ- Արմենիայում» Սյունիքի մարզպետը շատերի ներկայությամբ հարվածել էր։ «Բիզնես վումընը» սկզբում բողոքեց, ապա ներեց մարզպետին, եթե հավատանք մամուլին՝ բիզնես-շահերից ելնելով։ Չի բացառվում, որ Արսեն Ավետիսյանի դեպքում նույնպես բիզնես-շահ է եղել։



ՀԳ․ Ի դեպ, մեր տեղեկություններով, Ավետիսյանի ծեծի գործով նյութերը, որոնք Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե էր ուղարկել, Կոստանյանի պահանջով կրկին հետ են տարվել դատախազություն։ Հավանաբար, Կոստանյանն ինքն է ուզում վարույթը կարճելու մասին որոշում ընդունել՝ օլիգարխին հաճոյանալու պատիվն ինքն իրեն վերապահելու համար։