Վենետիկյան «բազար»՝ Հայաստանում

Վենետիկյան «բազար»՝ Հայաստանում

Վենետիկի հանձնաժողովի եւ հայաստանյան կուսակցությունների երեկվա հանդիպումը, բառի բուն իմաստով՝ «բազարի» էր վերածվել. ընդդիմությունը ներկայացնող կուսակցությունների ներկայացուցիչները վենետիկցիների հետ դետալային քննարկում էին ծավալել՝ մոռանալով իրենց նախկին դիրքորոշումն առ այն, որ «բարեփոխումների գործընթացն առհասարակ ֆարս է՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ճանապարհ»: Իսկ երբ քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները հարցեր էին հնչեցնում բարեփոխումների միջավայրի, համատեքստի եւ իրական նպատակների ու հանրային պահանջի, առավել եւս՝ կոնսոլիդացիայի բացակայության մասին, հունից դուրս էին գալիս վենետիկցիները, կանխում անցանկալի հարցերը՝ փաստարկելով, որ խնդիրն իրենց հետաքրքրում է զուտ մասնագիտական դաշտում՝ իրավաբանական, բայց ոչ քաղաքական: Ավելին՝ համառ պնդումների արդյունքում նրանք խոստովանեցին, որ իրենց ընդամենը պատվեր են տալիս, իրենք էլ կատարում են այդ պատվերը: Այսպիսով՝ ակնհայտ է, որ երեկվա հանդիպումը խիստ արարողակարգային բնույթ էր կրում, եւ Վենետիկի հանձնաժողովի անդամներն էլ ամենեւին հակված չեն նախագծի վերաբերյալ իրենց վերջնական դիրքորոշումը ձեւավորել հայաստանյան քաղաքական ու հասարակական լայն հասարակության կարծիքների հիման վրա: Ի դեպ, վերջնական որոշումը կլինի հոկտեմբերի կեսերին:



ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ



Քաղաքական թեւից առանձնապես «տհաճ» հարցադրումներ չեղան: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացառիկ իրավունքով խզեց ընդդիմություն-իշխանություն «կառուցողական» համերաշխությունը: Քննարկման սկզբում նա խոսեց ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքական մահախոսականի մասին ու եվրոպացի գործընկերներին բացատրեց, որ հենց բարեփոխումների գործընթացի շրջանակներում ստիպեցին Ծառուկյանին հեռանալ քաղաքականությունից: Բայց ՀԱԿ ղեկավարի լալահառաչ ձայնն էլ չշարժեց հանձնաժողովականների գութը։ «Մեր գործը, որպես իրավաբան, չի կայանում նրանում, որպեսզի մենք մեկնաբանենք քաղաքական իրավիճակի վերաբերյալ ձեր դիտարկումները, քաղաքական կոնսենսուսի ձեւավորումը մեր գործը չէ, եւ մենք իրականում չունենք այն տեղեկությունը, որը մեզ հնարավորություն կտա գնահատել: Ձեր հայտարարությունը հետաքրքիր է, բայց մենք չունենք մասնագիտական կարողություններ՝ դրա գնահատականը տալու համար»,- ասաց նրանցից մեկը:
Փոքր-ինչ շիկացած մթնոլորտը հանդարտեցնել փորձեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Լեւոն Զուրաբյանին, ասաց, որ իրենց կուսակցության դիրքորոշման եւ, առհասարակ, ԲՀԿ-ի շուրջ ծավալված իրադարձությունների մասին իրենք կխոսեն: Քիչ ուշ նույն թեմայով փրփրեց նաեւ Վահան Բաբայանը՝ ԲՀԿ-ին գերեզման ուղարկող քաղաքացիական հասարակության ներկայացուցչին «կոռեկտության» կոչ անելով: Սահմանադրական գործընթացը նախկինում ամենամոլեռանդը քննադատող ԲՀԿ ներկայիս ղեկավարը, ով նախկինում պնդում էր, որ «մեր երկրի գլխավոր խնդիրը լավ կամ վատ օրենքները կամ սահմանադրությունը չեն, այլ դրանք կյանքի կոչելու պատրաստակամության պակասը», նույն փութաջանությամբ կուսակիցների հետ նախագիծը դետալային քննարկման ենթարկեց, բարձրաձայնելով այն հարցերը, որոնք, մեր տեղեկություններով, իշխանությունը պատրաստվում է վերանայել, թերեւս, որպեսզի հետո ԲՀԿ-ականներն «արդարանան», որ իրենց դիտողությունները հաշվի են առնվել: Օրինակ, Վահան Բաբայանը դժգոհեց, որ ընտրիչների կարգավիճակում լինելու են նաեւ ՏԻՄ ներկայացուցիչները: «Ճիշտ չէ՞ր լինի, որ առաջնային մանդատ ունենային միայն պատգամավորները», մինչդեռ նոր համակարգում նախագահն առանձնապես առանցքային դերակատարում չի ունենալու, եւ առանձնապես էական չէ, թե ով եւ ինչպես է ընտրելու նրան:



ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ



Գրեթե բոլոր խմբակցությունների պատգամավորները հետաքրքրվեցին նաեւ կայուն մեծամասնություն ապահովելու դրույթով: «Ասեք` խնդրեմ, ո՞ր պետություններում է այս ձեւակերպմամբ ձեւավորվում կայուն մեծամասնություն: Եվ ի՞նչ հիմքերով, ինչի՞ արդյունքում է, որ այդ պետություններն անցել են նման անընդունելի ձեւով կայուն մեծամասնություն ձեւավորելուն»,- հարցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը եկել էր նույն խմբակցության անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ: Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց, որ նման լուծումներ առկա են Սան Մարինոյի եւ Հունաստանի սահմանադրություններում: Նրանք խոստովանեցին նաեւ, որ առաջարկել են վերոնշյալ 89-րդ հոդվածից հանել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը։ «Մենք հույս ունենք, որ հաշվի կառնեն մեր առաջարկները»: Իսկ կարո՞ղ են երաշխավորել, որ այդպիսով սահմանադրությունն ավելի ժողովրդավար կլինի, չի տուժի, դեռ մի բան էլ՝ կզարգանա։ «Մենք այն մարմինը չենք, որ կարող է երաշխավորել ամբողջ գործընթացը: Չենք կարող ձեզ սերտիֆիկատ տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի երկրում, քան այսօր: Մենք կարող ենք նայել տեքստին եւ գնահատել, թե համահո՞ւնչ է այն լավագույն փորձին, որը գոյություն ունի սահմանադրական իրավունքի ոլորտում։ Խնդիրն այն է, որ չենք կարող չափել ժողովրդավարությունը: Չենք կարող ասել՝ այսօր 5 է կամ 3»,-ասաց հանձնաժողովի անդամ Գրաբենվարտերը։ Հանդիպմանը ներկա ուժերից ամենաակտիվն ՕԵԿ ներկայացուցիչներն էին, որոնց ելույթները վերածվում էին մինի-միտինգների: ՕԵԿ-ականները բազմաթիվ հարցեր բարձրացրին, որոնց մասին խոսել են նաեւ վերջին օրերին:
Ի տարբերություն քաղաքականի, քննարկմանը ներկա քաղաքացիական հատվածը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների ուշադրությունը փորձում էր հրավիրել ավելի էական հանգամանքի վրա: Օրինակ, «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն (Սորոսի հիմնադրամ) իր ելույթում ասաց, որ Հայաստանին պետք չեն սահմանադրական բարեփոխումներ, քանզի չկա հանրային պահանջ, եւ ՀՀԿ-ն, ի դեմս Սերժ Սարգսյանի, իշխանության երկարաձգման ուղիներ է որոնում: Նաեւ հարց հնչեց՝ Վենետիկի ներկայացուցիչները չունե՞ն մտավախություն, որ կօգտագործվի եվրոպական այդ կառույցի անունը, եւ իշխանությունը կյանքի կկոչի իր ծրագրերը: Ելույթի կեսից հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկն սկսեց անհանգիստ շարժումներ անել եւ որոշեց ընդհատել ելույթն ու ձայնի իրավունք տալ մեկ ուրիշին: «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին հայտարարեց, թե հասարակության մեծամասնությունը չի ուզում սահմանադրական փոփոխություններ, եւ խոսեց 89-րդ հոդվածից։ «Այն կայունությունը, որ կապահովի 89-րդ հոդվածը, հնարավորություն չի տա ժողովրդավարություն ապահովել կոալիցիայի համար, եւ արդյունքում կլինի քաղաքական մենաշնորհ, որը դեմ կգնա ժողովրդավարական գործընթացներին»,- ասաց նա ու նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովի անդամների կողմից բերված փաստարկները նման են Սերժ Սարգսյանի աշխատակազմի փաստարկներին, թե յուրաքանչյուր երկրում ով պարտվում է՝ բողոքում է, մինչդեռ, իրականում, բողոքում են, որովհետեւ կեղծվում են ընտրությունները: Քրիստոֆ Գրաբենվարտերը ձեւացրեց, թե լրիվ հասկանում է ներկայացված մոտեցումը։
«Բայց պետք է հասկանանք, որ Վենետիկի հանձնաժողովը չի գործում սեփական նախաձեռնությամբ, այլ ապահովում է փորձագիտություն, եթե լինում է դիմում, խնդրանք: Մեզ դիմել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որ տրամադրենք փորձագետներ, դա արվել է ձեր հրավերով, իսկ մենք էլ փորձել ենք լինել հավասարակշռված: Կարող եմ ասել՝ հնարավոր փաստարկները դրվել են սեղանին, եւ կարծում եմ՝ այդ փաստարկները հաշվի կառնվեն»,- ասաց նա եւ արագացված տեմպերով հանդիպումը մոտեցրեց ավարտին՝ չպատասխանելով բազմաթիվ հարցերի: