Գյումրիում հրապարակը առք ու վաճառքի կենտրոն են դարձրել, որ հանրահավաքներ չլինե՞ն

Գյումրիում հրապարակը առք ու վաճառքի կենտրոն են դարձրել, որ հանրահավաքներ չլինե՞ն

Գյումրիի թատերական հրապարակի անցորդներն այնքան էլ լավ չեն կողմնորոշվում` հրապարակում են, որևէ զբոսայգու տարածքում, թե բացօթյա սրճարանում: Բանն այն է, որ ամառվա սկզբից հրապարակի տարածքը վերածվել է առք ու վաճառքի կենտրոնի: Ինչևէ, մի բան հստակ է, որ տարածքը նախկինի նման ազատ չէ, որպեսզի օգտագործվի հանրահավաքների, միջոցառումների համար: Հրապարակում տեղադրվել է «Կոկա-կոլա» ընկերության տաղավարը, երեխաների համար զբաղմունքի միջոց հանդիսացող տարատեսակ առարկաններ եւ սուրճ վայելելու աթոռակներ: 



Տեղեկացանք, որ տարածքը համայնքապատկանն է: Եվ սա է պատճառը, որ թատրոնի տնօրինությունը բացարձակ միջամտել չի կարող: Զրուցելով հրապարակում իրենց բիզնեսը ծավալողների հետ` պարզեցինք, որ նրանք տարածքներն զբաղեցնում են վարձակալական հիմունքով: Իսկ քաղաքապետարանն արդարանում է, որ այս մեթոդով լուծում է բնակիչների զբաղվածության եւ ժամանցի խնդիրները: Քաղաքապետարանից վստահեցնում են նաև, որ այս ամենը ժամանակավոր է: Շուտով ամենը տեղափոխվելու է որևէ զբոսայգի կամ համապատասխան այլ վայր: Տեղափոխությունը հետաձգվում է, քանի որ զբոսայգիները դեռևս կառուցապատվում են: 



Սակայն պետք է նշենք, որ հրապարակում տեղադրված ոչ բոլոր տաղավարները կարելի է տեղաշարժել, քանի որ դրանք քարաշեն են: Գյումրեցիներից ոմանք իրենց կարծիքն հայտնեցին.«Աղջիկ ջան, աչքկապոցի է, չի բացառվում, որ ըսիգ վերևներից ստացած հրահանգ է, որ էստեղ էլ ոչ մի տեսակի հանրահավաք կամ ցույց չէղնի»,-ասաց 68- ամյա Վարազդատ Ստեփանյանը` ավելացնելով, որ վերջին ամիսների հանրահավաքներին ոգևորությամբ էր մասնակցում:



Հիշեցնենք, որ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը սեպտեմբերի 25-ին` 18:00-ին ,իր առաջին հանրահավաքն է պատրաստվում անցկացնել Գյումրիի թատերական հրապարակում: Իսկ թե որքանով հրապարակի նման վիճակը կխանգարի հանրահավաքի մասնակիցներին, առաջիկա օրերը ցույց կտան: Ի դեպ հենց այդ օրը՝ նույն հանրահավաքի ժամին, նաև նոր թատերաշրջանի բացումն է` մեծ պրեմիերայով:



ՀԳ. Լուսանկարներում կա նաեւ հրապարակի նախկին տեսքը, երբ այն դատարկ էր: 



Արևիկ Հակոբյան Գյումրի