«Մարտիկ» հիմնադրա՞մ, թե՞ քարոզիչների աղանդ

«Մարտիկ» հիմնադրա՞մ, թե՞ քարոզիչների աղանդ

Մուտքի վճարի չափը 100 դոլար է։ 100 դոլարի վճարման կտրոնը եւ մեկ լուսանկար, ցանկալի է՝ «պասպորտի», բավական է, որ ձեզ ընդունեն 2002 թվականին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամ։ Ի դեպ, լուսանկարը կարելի է ուղարկել նաեւ փոստով։ «Մուտքի վճարի գումարն անձեռնմխելի է եւ կարող է ծախսվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանն սպառնացող վտանգի դեպքում, ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի, կաթողիկոսի եւ հիմնադրամի նախագահի համաձայնությամբ»,- գրված է «Մարտիկ» հիմնադրամի էլեկտրոնային կայքէջի գլխագրում։ Հաշվի առնելով, որ կազմակերպությունը 13 հազար անդամ ունի, գումարը փոքր չէ։ «Մարտիկի» հիմնադիր նախագահն է Արթուր Աղաբեկյանը, որն այն ժամանակ պաշտպանության փոխնախարար էր, իսկ հիմա՝ ԼՂՀ փոխվարչապետ։ Հիմնադրամի գործունեությունը ՀՀ քաղաքացիներից, կարելի է ասել, գաղտնի է պահվում։



Ովքեր են «Մարտիկի» քարոզիչները



Նրանք տեսանելի մարդիկ են՝ Վլադիմիր Գասպարյան, Աղվան Հովսեփյան, Զորի Բալայան, Միքայել Հարությունյան, Հայկ Հարությունյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Նազարյան, Սեյրան Օհանյան, Սաշիկ Սարգսյան, նույնիսկ գեներալ Մանվելի կինը՝ տիկին Նազիկը, անգամ Արա Բաբլոյանը։ Կան նաեւ հանգուցյալներ, որոնց անունները մնացել են կայքում՝ Շահեն Հովասափյան, Անդրանիկ Մարգարյան, Գուրգեն Դալիբալթայան։ Նրանք, չգիտես ինչու, կոչվում են քարոզիչներ։ Պետք է հասկանալ, որ իրենց ազդեցության տակ գտնվող պետական լծակները նրանք գործադրում են «Մարտիկին» նոր անդամներ եւ փող բերելու համար։ Հենց բերած մարդկանց թիվը 1000-ից անցնում է, քարոզիչը դառնում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այսպես, աղանդի կանոններով է կազմակերպված «Մարտիկը»։ Հիմնադիրները եւս տեսանելի մարդիկ են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, կաթողիկոս, հայտնի գործարար Սեդրակ Սեդրակյան։ Մի աբեղա էլ եկեղեցուց, որպես կաթողիկոսի ներկայացուցիչ։ Կանոնադրության մեջ այս կազմակերպությունը մեկ նպատակ է ամրագրել․ աջակցել ՀՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը: Արթուր Աղաբեկյանը թերթերից մեկին հարցազրույց էր տվել, որում ասել էր, թե այս նպատակին ծառայելու են մայր գումարից ստացված տոկոսները։ Ստացվում է, որ հիմնադրամը տոկոսով փող է տալիս կամ էլ այն ներդնում բանկերո՞ւմ։ «Աղաբեկյան Արթուրն էր բացել վախտին, ես էն ժամանակ ՊՆ վերլուծական ապարատում էի աշխատում,- պատմում է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը,- ամեն մի անդամ 100 դոլար վճարել ենք, մասնակցել ենք, հետեւել ենք՝ ուր ա գնացել այդ գումարները։ Նպատակին ծառայում էր, հետո էլ չեմ հետեւել։ Էն վախտ զոհվածներին օգնում էինք, վատ նպատակ չէր, եթե շարունակություն ունենար»։ «Ես անդամակցել եմ այդ հիմնադրամին, բայց թե ինչով են զբաղվում, աշխատում են, թե ոչ, տեղյակ չեմ»,- պատասխանեց նախկին պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։



Արթուր Աղաբեկյանը «Մարտիկի» միջոցներով իրեն է գովազդում



Հասկանալու համար, թե, ի վերջո, ինչով է զբաղվում այս «Մարտիկը», պեղումներ կատարեցինք համացանցում։ Երկու հրապարակային նախաձեռնություն գտանք։ Ղարաբաղյան ‹‹Հայդուկ›› հրաձգության ակումբում 2002 թվականին անցկացված մրցույթը՝ ԼՂՀ սպաների համար, եւ «Ընդհատված մանկություն» 45 րոպեանոց գեղարվեստական կինոնկարը, որը 2012-ին ներկայացված էր «Ոսկե ծիրանին»։ Երկու նախաձեռնության կոնտեքստներում Արթուր Աղաբեկյանի անունն է շեշտված։



Միջոցառման ժամանակ ԼՂՀ «Ապառաժ» պարբերականը հատուկ լուսաբանել է նրա ելույթը։ Ֆիլմի տիտրերում էլ Արթուր Աղաբեկյանը նշված է որպես պրոդյուսեր։ «Մարտիկ» հիմնադրամի անունը հայտնվում է առաջին իսկ կադրերում, բայց սա քիչ է թվացել, եւ ԼՂՀ փոխվարչապետի սիրտը շահելու համար ֆիլմի հեղինակներն առաջարկել են «գովազդել» նրան նաեւ որպես պրոդյուսեր։ Ինքն էլ չի առարկել, երեւի։ Ի դեպ, բացի «Մարտիկից», տիտրերում նաեւ նշված էին Հադրութի, Ասկերանի, Շուշիի ադմինիստրացիաները, ԼՂՀ այլ համայնքներ, եւ պարզ էր, որ փոխվարչապետի աջակցությունն այստեղ էլ էր պետք եղել նկարահանող խմբին։



Կինոյից վերադառնանք ռեալ իրականություն



2011 թվականին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատի էր տվել «Մարտիկին» եւ արդարադատության նախարարությանը, նշելով տեղեկատվություն ստանալու ՀՀ քաղաքացիների իրավունքի խախտումներ եւ պահանջելով, որ նախարարությունը պատասխանի, թե ինչ գործունեություն է իրականացրել հիմնադրամը, ինչ ծրագրեր է իրագործել, ինչ գումարներ է ծախսել եւ այլն, եւ արդյոք այս ամենի մասին հրապարակումներ կատարե՞լ է մամուլում, ինչպես օրենքն է պահանջում։



Նախարարությունն աբսուրդ պատասխան էր տվել. «Չունենք նման տեղեկություններ»։



Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատմում է, որ այն ժամանակ դատարանները չբավարարեցին հայցը։ «Դատարանները չկարողացան այդ կոռուպցիոն հանցագործության թելերը բռնել, չնայած հիմնադիրները հայտնի են»,- ասաց իրավապաշտպանը։ Վանաձորի գրասենյակի աշխատակից, իրավաբան Արայիկ Զալյանը հիշում է․ «Մենք այդպես էլ չկարողացանք տեղեկատվություն ստանալ, թեեւ օրենքով հստակ ամրագրված էր, որ հիմնադրամը պարտավոր է հաշվետվությունը հրապարակի եւ մեկ օրինակ տա արդարադատության նախարարությանը։ Նախարարության իրավաբանական վարչության պետի կողմից ներկայացած անձը, որը նույնիսկ պատշաճ լիազորագիր չուներ, ասում էր՝ չունեմ։ Իսկ դատարանը մերժեց մեզ այն հիմքով, որ եթե բավարարվի հայցը, այն հնարավոր չի լինի ի կատար ածել, քանի որ նախարարությունը պահանջվող տվյալները չունի»։ Դատական երեք ատյաններից որեւէ մեկը համարձակություն չունեցավ բավարարելու ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Ինչեւէ, «մարտիկները» որոշ եզրակացություններ արեցին՝ ավելի զգուշավոր դարձան եւ այժմ ինչ-որ ձեւական հաշվետվություններ են հրապարակում, որոնցից հնարավոր չէ հասկանալ, թե ինչ ծրագրեր են կատարել եւ ինչպես են ծախսել գումարները։



Ասենք, 2015 թվականի փետրվարին «Մարտիկը» հրապարակել է նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որում գրված է․ «Կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական եւ այլ ծրագրերի աջակցության համար ծախսվել է 107 մլն. 757 հազար 021 դրամ՝ այսինքն, մոտ 108 մլն.»։ Ինչ ծրագրեր են դրանք, որքան գումար է ծախսվել յուրաքանչյուրի համար, ովքեր են դրանք իրականացրել, հայտնի չէ։



Հիմա ի՞նչ կրթական ծրագրեր են իրագործում «Մարտիկի» քարոզիչները, ի՞նչ են քարոզում։ Գուցե կոռուպցիոն ռիսկերի տեսությո՞ւն։



ՀԳ․ «Մարտիկի» հեռախոսահամարներն այժմ անջատված են, ֆաքսը չի գործում։ Մենք փորձեցինք կապվել հիմնադիր նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ։ ԼՂՀ կառավարությունից երկու օր խոստանում էին միացնել մեզ նրա հետ։ Դեռ սպասում ենք։ Ի դեպ, այս հիմնադրամից հասկացող մեկը մեզ հուշեց, որ այն աշխատում է «Երեւան» հիմնադրամի սկզբունքով. երբ որեւէ մեկը քաղաքապետարանի հետ կապված գործարք կատարելու, թույլտվություն ստանալու խնդիր ունի, բավարարում են միայն հիմնադրամին փող փոխանցելուց հետո։



 Սյուզան Սիմոնյան