Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

88-ի շարժման Մոսկվայի գլխավոր թիրախ դարձավ Արկադի Մանուչարովը: Նա հայտնի «13-ի նամակի» հեղինակներից էր: Որոշ ժամանակ ապրել էր Երեւանում, հետո վերադարձել Ստեփանակերտ: Շինանյութերի կոմբինատի տնօրենն էր: Մանուչարովի դեմ քրգործ հարուցվեց: Մեղադրում էին տնտեսական խարդախությունների մեջ: Նպատակը պարզ էր՝ շարժումը վարկաբեկել, տնտեսական ղեկավարներին ահաբեկել, որպեսզի մյուսների համար դաս լինի: Գուցե այլ պատճառներ էլ կային…



90-ին Արկադի Մանվելիչը դեռ բանտում էր, երբ ընտրվեց Գերագույն խորհրդի պատգամավոր: Նրա դատավարությունը, եթե չեմ սխալվում, տեղի ունեցավ Բելառուսիայում: Արդարացվեց, ազատվեց: Գերագույն խորհրդում, սակայն, իր տեղը չգտավ: Ռուսախոս էր: Մի երկու ելույթից հետո, երբ դահլիճն արձագանքեց նախ զուսպ, ապա բացահայտ դժգոհությամբ, երկար ժամանակ այլեւս խոսափողին չէր մոտենում:
Իսկ նա ի ծնե հռետոր էր: Խոսքը մի փոքր վերամբարձ էր, բայց՝ տրամաբանված: Ասելիքը հաճախ համեմում էր հայտնի քաղաքական գործիչներից մեջբերումներով, ասույթներով: Զրկվել ելույթից՝ Մանուչարովի համար նշանակում էր կորցնել կրքոտ բանավիճողի իր կերպարը: Չէր ընդունում, որ Գերագույն խորհրդի պաշտոնական եւ աշխատանքային լեզուն միայն հայերենը պիտի լիներ:



Ծանր էր տանում, որ Հայաստանի նոր իշխանությունները Ղարաբաղի կոմունիստական ղեկավարներին պարտնյոր չեն համարում: Չէր հաշտվում, որ հայտնվել է քաղաքական կյանքի երկրորդ էշելոնում: Դառնանում էր, դժգոհում: Նրա համար տեղ չգտնվեց նաեւ Ստեփանակերտում: Թողեց-հեռացավ Մոսկվա: Նրան զրկեցին բնակարանից: Արկադի Մանուչարովը մահկանացուն կնքեց օտարության մեջ:



…Երբեմն այդ ժամանակների մասին հուշագրություններ են հանդիպում: Կարդում եմ… Ամեն ինչ նրբամշակված է մինչեւ վերջին մանրուքը: Այդ գրքերում դարաշրջանը ենթարկեցված է այսօրվա նպատակահարմարությանը՝ բոլորն այնտեղ միասնական են, համերաշխ, սերնդափոխությունը տեղի է ունենում անցնցում… Իրականում, մինչդեռ, Մանուչարովի նման քանիսի՞ ճակատագիրն է խեղվել: Անհայտությունից քանի՞սն է բարձրացել, քանի՞սն է մղվել քաղաքականության լուսանցք:



Դարաշրջանը կարոտ է անկողմնակալ հայացքի: Անաչառ ուսումնասիրողի գրիչը պարտավոր է բարձրացնել ճշմարտությունը: Բանաստեղծի ասած՝ դա մեռածներին պետք չէ, ապրողներիս է շա՜տ հարկավոր:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ