ԵՏՄ-ից ավելին էին սպասում

ԵՏՄ-ից ավելին էին սպասում

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ-ի արդյունքներին, ասաց, որ դրանք ամբողջությամբ 2016 թվականի բյուջեում արտացոլված չեն։ Թեպետ պատգամավորը լավատեսորեն է տրամադրված ԵՏՄ-ից ստացած օգուտների հարցում, սակայն մինչ այժմ այդ արդյունքների մասով բաներ կան, որ նրան, կարծես թե, չեն գոհացրել։ «Էնտեղ մի խնդիր կա, որ բոլորիս համար ակնհայտ է․ մաքսատուրքերի առումով էն սպասելիքները, որ մենք ունեինք, այդքան չեն։ Մենք էն ժամանակ մտածում էինք, որ մեր մաքսատուրքերը շատ ավելի շատ են ավելանալու»,-ասաց Այվազյանը՝ բացատրելով իր ասածը։ Խոսքը, ըստ նրա, վերաբաշխման գումարի մասին է, ԵՏՄ-ից ստացած մեր երկրի շահաբաժնի, այսպես ասած։



«Այսինքն՝ ոչ թե Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերն էին ավելանալու, այլ վերաբաշխվող գումարը։ Դա պետք է շատ լիներ։ Այսինքն՝ այդ չորս պետություններն իրենց գումարները դնում են ընդհանուր դրամագլխի մեջ, եւ հետո ամեն մեկն ստանում էր իր տոկոսը։ Մենք հաշվարկում էինք, որ մեր վերաբաշխված գումարը մոտավորապես մի 150 միլիոն դոլարի չափով պետք է ավելանար։ Այսինքն՝ 110-ն էր մերը, պիտի դառնար մոտավորապես 258 միլիոնի կարգի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։



Իսկ թե ինչու չարդարացան մեր ակնկալիքներն այս հարցում, Այվազյանը բացատրեց ՌԴ-ի նկատմամբ սանկցիաների կիրառմամբ, քանզի դրանց արդյունքում Ռուսաստանն արգելեց ԵՏՄ անդամ երկրներից եվրոպական ապրանքների ներկրումը, ինչի արդյունքում մաքսատուրք քիչ գանձվեց, հետեւաբար, քիչ գումար գնաց ընդհանուր դրամագլուխ։ Իսկ այստեղ առյուծի բաժինը Ռուսաստանինն էր՝ որպես ամենախոշոր պետություն, արդյունքում պակասել է նաեւ ԵՏՄ անդամ մյուս երկրների ստացած մասնաբաժինը։



Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1.13 տոկոս, որն այս պահին ամենացածրն է մյուս երկրների համեմատ։ Ամենամեծ մասնաբաժին ունի Ռուսաստանը՝ ավելի քան 80 տոկոս։



Բացի այս, Այվազյանը նաեւ որոշակի խնդիրներ մատնանշեց, որոնք, սակայն, լուծելի են՝ սերտիֆիկացումից մինչեւ ԱԱՀ-ի հաշվարկները։ Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, եթե նույնիսկ սպասելիքները լիարժեք չեն արդարացել, դա չի նշանակում, թե ԵՏՄ-ին անդամակցումը դրական արդյունքներ չի ապահովել Հայաստանի համար․ «Այսինքն, եթե մենք 150 միլիոնի փոխարեն, ենթադրենք, ստանում ենք 60 միլիոն դոլար, դա դրական չէ՞։



Այսինքն, եթե մենք հեչ չունեինք, հիմա ունենք 60 միլիոն, դա արդյո՞ւնք է, թե՞ արդյունք չէ։ Կամ որ մեր ապրանքներն անմաքս շարժվում են դեպի Ռուսաստան, դա արդյունք չէ՞»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ